Մայիսի 30-ը՝ ֆեյսբուքում

Մայիսի 30-ը՝ ֆեյսբուքում

Խնդրանք ու դիմում զինվորից, հուզիչ ու սրտառուչ լուսանկար զինվորից, մեկ այլ զինվորի հանկարծամահությունը, սահմանային իրադրությունն ու նորաթուխ «երգչուհու» կլկլոցը, եղանակային փոփոխությունները: Մեկ նախադասության մեջ՝ այսպիսին էր համացանցն այսօր:



Սահմանային համեմատաբար հանգիստ իրավիճակի մասին պաշտոնական հայտարարություններից հետո համացանցային տիրույթում հայտնվեց ու ամբողջ օրվա ընթացքում հանրության ուշադրության կենտրոնում մնաց բանակում հանկարծամահ եղած զինվորի մասին նորությունը: Դեպքը տեղի էր ունեցել երեկ, զորամասերից մեկի կրակային դիրքում: Հանկարծամահ էր եղել զինծառայող, 1997թ. ծնված Սուրեն Արմենի Մոսիյանը: Նախնական վարկածով՝ արտաշատցի տղան ինֆարկտ էր ստացել զորամասում:



Օրվա հրապարակումների մեծ մասը նախկին ու ներկա զինվորների մասին էին:Սահմանային գերլարված օրերին վիրավորված ու ոտքը կորցրած զինծառայողի խնդրանքի մասին կայքերից մեկի հրապարակումն այսօր ֆեյսբուքյան տասնյակ օգտատերերի գրառումներում էր տեղ գտել: Մեղադրանքներով, հարցականներով ու պարզաբանումների պահանջներով ողողված մեկնաբանություններում օգտատերերը պահանջում էին պատկան մարմիններին նախ՝ պարզաբանել, թե ինչու է զինվորի կոչը հասել հասարակ քաղաքացիներին, հետո՝ թե ինչու՞ պատշաճ կերպով չի կազմակերպվել զինվորի հետագա բուժումը: Խոսքը Մայիս Գեղամյանի մասին է, ով տեսանյութում պատմում է, որ արտերկրում բուժման կարիք ունի, որի մասին չի հոգում ՊՆ-ն, իսկ Առողջապահության նախարարությունն ընդամենը խոստացել էհոգալ ճանապարհածախսը:



Ֆեյսբուքյան գրեթե բոլոր խմբերում, լրատվական կայքերում այսօր ամենամեկնաբանված ու քննարկված հրապարակումներից մեկի համար պատճառ էին դարձել նախկին զինվորներից մեկի  այժմյան լուսանկարները: Բարկության, հպարտության, ժպիտի, ցավի ու ափսոսանքի զգացումներ են միաժամանակ արթնանում այդ լուսանկարներին նայելիս: Ապրիլյան պատերազմի մարտական գործողությունների ընթացքում վիրավորված և ոտքը կորցրած 20-ամյա զինծառայող Արման Ավետիսյանն այսօր արդեն ապաքինված է, պրոթեզավորված ոտքով նա ոչ միայն քայլում է, այլև հեծանիվ քշում:



Ինչպես միշտ, բոլոր կայքերում, ֆեյսբուքյան խմբերում նաև անպակաս էին եղանակային կանխատեսումները: Իսկ դրանք, այնքան էլ գոհացնող չէին: Ֆեյսբուքյան հայտնի «դեմքերից» մեկի՝ Գագիկ Սուրենյանի էջում մշտական թարմացումներին հետևում են հազարավոր օգտատերեր: Այսօրվա հայտարարության համաձայն էլ, մինչև հունիսի 4-ը երեկոյան ժամերին և գիշերը շրջանների զգալի մասում կլինի անձրև և ամպրոպ, տեղ-տեղ նաև կարկուտ ու քամի:



Այս ամենի կողքին բացառիկ էմոցիոնալ, պոզիտիվ ու անզուսպ ծիծաղ առաջացնող մի տեսանյութ ողջ օրը չլքեց համացանցը: Այն այսօր ամենադիտվածն էր, ամենաքննարկվածն ու ամենից շատ գրառումներում հիշատակվածը: Արման Հովհաննիսյանի և Լիլիթ Հովհաննիսյանի՝ բազմաթիվ քննադատությունների ու բացասական արձագանքների արժանացած համատեղ զուգերգը, պարզվում է, իրեն «երգչուհի» հռչակած, «արևելյան պարուհի» ներկայացնող Սյուզի Մելքոնյանի ոգեշնչման ու հիացմունքի պատճառ էր դարձել: Այս աղջիկն իր անկրկնելի դիմահարդարմամբ ու անզուգական ձայնով նկարահանել էր իր իսկ ելույթն ու տեղադրել համացանցում՝ իր բառերով ասած՝ բազմաթիվ երկրպագուների դատին: Իսկ համացանցի հիթ դարձած տեսանյութը կարող եք դիտել այստեղ:



Շուշաննա Գրիգորյան