Գողը գողից գողացավ

Գողը գողից գողացավ

Երբ մի քանի տարի առաջ վարչապետ Տիգրան Սարգսյանը վերացրեց տեխզննում կոչվող գործընթացը, հայտարարեցին, թե դրանով հուժկու հարված հասցրին կոռուպցիային, քանզի տեխզննման կայաններում փող էին գանձում՝ առանց մեքենաներն ստուգելու, առանց տեխնիկական զննում իրականացնելու։ Եվ պետությունն սկսեց «թուղթ» ծախել՝ տեխզննման փոխարեն կտրոններ վաճառել, որոնք մարդիկ բանկերից առնում են եւ փակցնում իրեն մեքենաների դիմապակուն։ Ոչինչ, որ մեքենան անսարք կլինի ու վտանգավոր, փոխարենը պետբյուջե փող կմտնի։



Անցավ ժամանակ, եւ որոշ մարդիկ հասկացան, որ իրենք էլ կարող են նույն սկզբունքով կտրոններ տպել ու վաճառել վարորդներին։ Սրա մասին են ասում՝ գողը գողից գողացավ։ Մոտ 500 հազար դոլարի կտրոն վաճառելուց հետո հանցագործությունը բացահայտվեց, եւ ապրիլի վերջին 4 քաղաքացի կալանավորվեց՝ Արտյոմ Օրդուխանյանը, Դավիթ Մնացականյանը, Սարգիս Հակոբյանը եւ Սամվել Բարխոյանը։ Վերջինը հայտնի երգիչներ Վլադիմիր եւ Մարգարիտա Բարխոյանների հայրիկն է, նախկինում ճանապարհային ոստիկան։ Նրանք մեղադրվում են փաստաթղթեր, դրոշմներ, տրանսպորտային միջոցների պետհամարանիշներ կեղծելու-իրացնելու մեջ՝ Քրօր․ 325 հոդված։



Երեկ տեղեկացանք, որ կալանավորվածների թիվը հասել է 10-ի, կալանավորել են նաեւ այն տպարանի տնօրենին, որտեղ տպել են կտրոնները: Իսկ գործը բացվել է բանկերի բողոքի հիման վրա, որտեղ մոտ 30 հազար տեխսպասարկման կտրոն է ավելացել, հետեւաբար` այդքան մեքենա դուրս է եկել շահագործումից, ինչը կասկածի տեղիք է տվել, եւ պարզվել է, որ այդ բոլոր մեքենաները շահագործվում են եւ բոլորն էլ ունեն տեխսպասարկման կտրոններ: Տպարանը բարձրորակ կտրոններ է տպել եւ տրամադրել թաղապետարաններին ու տեխզննման կայաններին, սրանք էլ վաճառել են վարորդներին: