Զոհված զինծառայողի անունով դասարան է բացվել

Զոհված զինծառայողի անունով դասարան է բացվել

Քառօրյա պատերազմի ժամանակ զոհված, ադրբեջանցիների կողմից խոշտանգված Քյարամ Սլոյանի անունով դասարան է բացվել զինծառայողի հայրենի՝ Արագածոտնի մարզի Արտաշավան գյուղում: Դպրոցի ռազմագիտության դասարանը, որտեղ սովորել է Սլոյանը, վերանորոգվել է, կահավորվել եւ անվանվել «Քյարամ Սլոյանի անվան ռազմական դասարան»: Դասարանում տեղադրվել է նաեւ զոհված զինծառայողի կիսանդրին, այդտեղ են պահվելու նաեւ զինվորի՝ ծառայության ժամանակ օգտագործած իրերը, հագուստը:



ՀՀ նախագահն էլ մայիսի 28-ին Քյարամ Սլոյանին հետմահու պարգեւատրել է Առաջին աստիճանի «Մարտական խաչ» շքանշանով: Պարգեւն ստանալուց հետո հերոսի հայրը՝ Քյալաշ Սլոյանը, ասել է, թե հպարտ է, որ 18 տարի հերոս տղա է մեծացրել: Նա պատմել է նաեւ, որ եղել է Ղարաբաղի այն վայրերում, որտեղ որդին ծառայություն է անցել, նաեւ այնտեղ, որտեղ սպանել են նրան: «Ծառայակից տղաները ծաղիկներ էին դրել այդտեղ: Այնտեղ ես գտա նրա հագուստը, ափսեն, գդալը եւ այդ բոլորը հետս տուն բերեցի»,- կորստյան ցավը զսպելով՝ ասել է Քյարամի հայրը: Նշենք, որ Քյարամ Սլոյանի գործով հայց է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան, որով հայցվոր կողմը պահանջում է ռազմական հանցագործություն որակել այն, որ Սլոյանին գլխատել էին: