«Նոր անուններ» 6-րդ միջազգային փառատոն

«Նոր անուններ» 6-րդ միջազգային փառատոն

Երեւանի Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կայացել է «Նոր անուններ» պատանի երաժիշտ-կատարողների 6-րդ միջազգային փառատոնի հանդիսավոր բացումը: Պատանի երաժիշտները հանդես են եկել Հայաստանի պետական կամերային նվագախմբի հետ՝ դիրիժորներ Ալան Կիրկոպի (Մալթա) եւ Հարություն Արզումանյանի ղեկավարությամբ:



Փառատոնն այս տարի անցկացվում է մայիսի 28-31-ը: Միջոցառումը նախաձեռնել եւ կազմակերպում է Հայաստանի «Նոր անուններ» ծրագիրը (ղեկավար` «Մշակույթի գործիչների ընկերակցության» նախագահ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սիլվա Մեքինյան):



Փառատոնն անցնելու է ՀՀ նախագահի տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո, ինչպես նաեւ՝ ՀՀ մշակույթի նախարարության, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ (գեղղեկավար եւ գլխ. դիրիժոր` Էդուարդ Թոփչյան) եւ Հայաստանի պետական կամերային (գեղղեկավար եւ գլխ. դիրիժոր` Վահան Մարտիրոսյան) նվագախմբերի աջակցությամբ:
Փառատոնի գլխավոր գործընկերն է ՎիվաՍել-ՄՏՍ-ը:



««Նոր անուններ» փառատոնը ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությունն ստացած ծրագրերի շարքում ամենահաջողվածներից է: Տարիներ շարունակ այն համախմբում է շնորհալի պատանիների՝ նրանց հնարավորություն ընձեռելով ներկայացնել իրենց կատարողական հմտությունները, բացահայտել տաղանդը եւ, որն ամենակարեւորն է՝ լուրջ քննություն բռնել երաժշտասեր հանրության եւ պրոֆեսիոնալ երաժիշտների լսարանի առջեւ: ՎիվաՍել-ՄՏՍ-ի անունից փառատոնի կազմակերպիչներին եւ մասնակիցներին մաղթում եմ ստեղծագործական նորանոր ձեռքբերումներ՝ դասական երաժշտությունը որպես ազգային հարստություն պահպանելու եւ դրա միջոցով մեր ժողովրդի ներդաշնակ զարգացումն ապահովելու գործում»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:



Պատանի երաժիշտ-կատարողների ներկայացուցչական հավաքին այս անգամ մասնակցում են Հայաստանի, Ռուսաստանի, Գերմանիայի, Ֆրանսիայի, Մալթայի, Կորեայի, ԱՄՆ-ի, Կանադայի, Բուլղարիայի, Վրաստանի մինչեւ 18 տարեկան 5 տասնյակից ավելի շնորհալի պատանի երաժիշտ-կատարողներ՝ միջազգային եւ հանրապետական մրցույթների ու փառատոների բազմակի դափնեկիրներ, տարբեր հիմնադրամների կրթաթոշակառուներ:
Փառատոնի շրջանակում մասնակիցների համար կազմակերպվել է մշակութային բազմազան ծրագիր, որը թույլ կտա օտարազգի պատանիներին ծանոթանալ Հայաստանին՝ դիտել Երեւանի տեսարժան վայրերը, այցելել Մայր Աթոռ Սբ. Էջմիածին, տեսնել Սեւանը եւ այլն: