Փաստացին եւ տեղեկատվականը

Փաստացին եւ տեղեկատվականը

Երբ 98-ին դարձա «Ազատություն» ռադիոկայանի թղթակից, առաջին հաղորդումս Ստեփանակերտի քաղաքապետի ընտրության մասին էր: Քվեարկվում էին Կարեն Բաբայանը եւ ՀՅԴ թեկնածու Գեորգի Պետրոսյանը: Երկու-երեք ամիս առաջ Բաբայանը հրաժարական էր տվել ՆԳ նախարարի պաշտոնից…



Արդյունքներն ամփոփվեցին: Տեղեկությունը հաղորդեցի եւ Պրահայից դիտողության արժանացա: Պետք է ոչ թե ասվեր, որ Բաբայանը Ստեփանակերտի քաղաքապետ է ընտրվել, այլ՝ «նախնական տեղեկություններով, հաղթում է Կարեն Բաբայանը»: Ստիպված էի այդքանն ասել արդեն ուղիղ եթերում, վերաձայնագրվելու ժամանակ չկար:
Հետագա երկու տարիներին թեականությունը միշտ պահպանում էի, երբեմն էլ ակնհայտ փաստը ներկայացնում որպես դեռեւս չճշտված, պաշտոնապես չհաստատված: Ինչպես, օրինակ, Ժիրայր Պողոսյանի՝ վարչապետի պաշտոնից հեռացումը, որ եղավ 99-ի ամռանը:



Այդ կարգի տեղեկությունները, որպես կանոն, շատ կարճ ժամանակ անց պաշտոնապես հաստատվում են: Բայց այդպես ընդունված է՝ մինչեւ երեւույթը պաշտոնապես չի «կնքվում», դեռեւս իրողություն չէ:



…Գրեթե բոլորը գիտեին, որ ապրիլյան մարտերում հայկական կողմը դիրքեր է կորցրել: Փաստը, սակայն, քաղաքացիություն ստացավ, երբ նախագահ Սերժ Սարգսյանը հաստատեց: Մինչ այդ Ադրբեջանում խոսում էին «մի շարք բնակավայրերի ազատագրման» մասին: Հայաստանի նախագահի հայտարարությունը թեման փակեց:



Բաքվում ոչ ոք այլեւս չի համարձակվում մարդկանց ականջներին «լապշա» կախել: Այնպես, որ հանրապետության օրվա պաշտոնական ելույթում Ալիեւը խորամանկորեն շրջանցել է «դեօկուպացիայի հաջողության» թեման: Եթե Հայաստանի նախագահը չհրապարակայնացներ փաստը, Բաքվում երեւի չէին խորշի մայիսի 28-ին «հաղթական զորահանդեսից»:
800 հազ. հեկտարի եւ 800-ի համեմատությունը, որ Հայաստանի նախագահն արեց, մեզ համար չէր: Հասցեատերը Բաքուն էր: Եվ այնտեղ, երեւում է, ակնարկը ճիշտ են հասկացել: Եվ երբ արտգործնախարար Նալբանդյանը չի համաձայնում պատգամավորի դիտարկմանը, թե մենք «քարոզչական պարտություն ենք կրում», իրավիճակը շատ ճիշտ է բնութագրում:



Ու, թերեւս, այս համատեքստում հրամայական է նաեւ 800 հեկտարը վերադարձնելու անխուսափելիության քարոզչությունը: Բանակցությունների սեղանի շուրջ եւ՝ ռազմաճակատում: Փաստ է, որ կորուստների հետ ոչ ոք չի հաշտվել: Գերագույն գլխավոր հրամանատարը՝ առաջին հերթին:



Ե՞րբ եւ ինչպե՞ս կպաշտոնականացվի իրողությունը՝ ժամանակի եւ հանգամանքների հարց է: Դեպքերից առաջ ընկնելու ոչ միայն կարիք, այլեւ հանրայնորեն ձեւակերպած-բյուրեղացած պատվեր այս պահին չկա: Քարոզչության խնդիրն է՝ սպասարկել քաղաքական այլընտրանքի հնարավորությունը: Քաղաքականության արդյունավետությունը հնարավոր բոլոր տարբերակների քննարկմամբ որոշում կայացնելու մեջ է:

Վահրամ ԱԹԱՆԵՍՅԱՆ