Երեխաներին «անգիրագետ» մի դարձրեք

Երեխաներին «անգիրագետ» մի դարձրեք

«Սովետի» կարոտախտը ոչ միայն սովետական «կալբասի» մասին է, այլեւ շատ ավելի խորքային եւ հոգեբանական նստվածք ունի մեզանում։ Մասնավորապես ու հատկապես երեխաներին մի լավ «փչացնելու» հարցում։ Ո՞նց քաղքենիների էս մեծ մասսային բացատրես, որ երեխային «стишок» սովորեցնելով, նրան ամենուր արտասանեցնելով, երեխան խելացի ու դաստիարակված չի դառնում։ Եթե այս «անգիրագիտությունը» երեխայի նկատմամբ տատիկ-պապիկներն են անում, էլի ինչ-որ տեղ հասկանալի է, բայց երիտասարդ ծնողների համառությունը՝ երեխային մեկ ավել ոտանավոր սովորեցնելու ու հատկապես խնջույքներին, միջոցառումներին բոլորին ցուցադրելու բուռն ցանկությունը անհասկանալի է։



Օրեցօր եւ նորանոր բացվող մանկական քոլեջները գայթակղիչ առաջարկներ ունեն իրենց երեխային վունդերկինդ սարքող, ծնողական սնապարծությամբ տառապողների համար։ Անգլերեն, ռուսերեն, տառեր եւ այլն։ Վերջում, արդեն դպրոցական տարիքում, մենք տեսնում ենք բազում նյարդային երեխաներ ու մամաներ՝ հոգնած, հոգնատանջ եղած, ես կասեի։ Երբ իմ հինգ ու կես տարեկան տղային որեւէ մեկը առաջարկում է․ «Բալիկ ջան, ոտանավոր կարտասանե՞ս», կամ «կերգե՞ս», տղաս երկար ու խորաթափանց հայացքով նայում է իրեն «տանջել» ցանկացող մեծահասակին, առանց որեւէ բան պատասխանելու ուղղակի հեռու է գնում։ Ամենեւին ոչ այն պատճառով, որ նա ոտանավորներ կամ երգեր չգիտի։ Եթե թույլ տաք, սովորեցնելու եւ կրթելու մի քանի սեփական կանոններով կարող եմ կիսվել։ 2-5 տարեկան երեխաներին սովորեցնել կարելի է ու պետք է ամենուր ու ամեն տեղ (տանը, փողոցում, այգում, գիշերը քնելիս)՝ բացի գրասեղանների առջեւ ու քոլեջների պատերից ներս։



1․ Երեխային հաճախ տարեք մանկական ներկայացումներ դիտելու։



2․ Փողոցում քայլելիս, որեւէ հայտնի մարդու արձան տեսնելիս ասեք, թե ո՞ւմ արձանն է, երեխային հասանելի լեզվով կարճ պատմեք նրա մասին։



3․ Շատ եղեք դրսում, ուշադիր զննեք ամեն ինչ, տերեւների գույները, երկինքը, ամպերի շարժումը, անձրեւի հպումը, հնարավորինս մատչելի բացատրեք թե ինչպե՞ս է անձրեւ գալիս, ինչպե՞ս է բողբոջը դառնում ծաղիկ, հետո ծառն ինչպե՞ս է միրգ տալիս, եւ բնության այլ հրաշքների մասին։



4․ Միացրեք դասական երաժշտություն, երեխային տվեք մատիտներ ու թուղթ, մի փոքր մենակ թողեք նրան, վերջում թղթի վրա գլուխգործոցներ կգտնեք։



5․ Խաղացեք երեխայի հետ հնարավորինս շատ, հավատացեք, դա մեծագույն եւ կարճատեւ հաճույք է, որովհետեւ խաղի տարիքից երեխան արագ է դուրս գալու։ Կիսեք նրա հետաքրքրությունները, ճանապարհներ սարքեք, մեքենաներ քշեք, տիկնիկին լողացրեք եւ այլն, բայց արեք դա հաճույքով եւ սրտանց։



6․ Երեխայի հետ մուլտֆիլմ դիտելն էլ ոչ պակաս կարեւոր է. երբ նա ձեզ ասի, որ խոզուկ Ջորջի դինոզավրը կորել է, ոչ թե այլմոլորակայինի հայացքով նայեք, այլ մխիթարեք նրան՝ ասելով, որ դինոզավրն անպայման գտնվելու է, եւ դիտեք մուլտֆիլմը միասին։ Երեխան իր մտահոգություններով կկիսվի ձեզ հետ այսօր, կվստահի ձեզ, վաղը դուք կիմանաք ոչ թե Ջորջի դինոզավրի կորելու, այլ ավելի լուրջ խնդիրների մասին։ Կարճ ասած՝ ընկերություն արեք ձեր երեխայի հետ: 



7․Ունեցեք ձեր սեփական ու սիրելի երգը, երգեք այն քնելիս կամ քայլելիս։



8․ Հիմարություններ անել մի արգելեք, հակառակը՝ միասին նմանակեք կապիկին, կամ՝ այլ ծամածռություններ, ու ծիծաղեք շատ։ Հավատացեք, հիմարություններ անելու տարիքն էլ է շուտ անցնելու: 



9․ Որոշումներ կայացրեք միասին, հաշվի առեք նրա կարծիքը․ «Դու կիրակին ո՞նց ես ուզում անցկացնենք, գնանք զբոսնելո՞ւ, թե՞ կինոթատրոն»։



10․ Հաճախ գրկախառնվեք։



Աշխեն Քեշիշյան