Փորձեցի ֆիլմը լինի գործիքի եւ իր վարպետի՝ Ջիվանու մասին

Փորձեցի ֆիլմը լինի գործիքի եւ իր վարպետի՝ Ջիվանու մասին

«Հնագույն նվագարաններ» հեղինակային ֆիլմաշարի հերթական ֆիլմը, «Հայ արտ» մշակութային կենտրոնի տնօրեն, ֆիլմաշարի հեղինակ Ռիտա Շառոյանը նվիրել է աշուղ Ջիվանուն և քամանի նվագարանին, որն առաջին անգամ ներկայացվեց հանրությանը նախօրեին՝ «Առնո Բաբաջանյան» համերգասրահում։



«Հնագույն նվագարաններ» ֆիլմաշարը ստեղծելու գաղափարը Ռիտա Շառոյանի մոտ առաջացել է մոտ տաս տարի առաջ. «Թե տաս տարի առաջ, թե հիմա միշտ դժգոհում ենք, բողոքում, թե այս ինչ երաժշտություն է ստեղծվում, ինչ տեսահոլովակներ են նկարահանվում, ես էլ որոշեցի որ խոսելն օգուտ չի տա եւ փորձեմ մի դրական բան անել ընդդեմ գլոբալիզացիայի։ Ես միշտ սիրել եմ մեր անցյալի մշակույթը, իսկ հնագույն նվագարանները մեր անցյալն են, բայց դրանք ըստ արժանվույն ծանոթ չեն բոլորին»,-պատմում է Շառոյանն ու նկատում, որ նույնիսկ այն երաժիշտները, ովքեր նվագում են այդ գործիքների վրա նորմալ ծանոթ չեն դրանց պատմությանը, կառուցվածքին, անցած ճանապարհին։



«Հնագույն նվագարաններ» ֆիլմաշարի յուրաքանչյուր ֆիլմը մի երաժշտական գործիքի մասին է։ Առաջին ֆիլմաշարի՝ «Ծիրանափող (Դուդուկի)» հաջողությունից ոգեւորված, ստեղծվեցին հաջորդ ֆիլմերը՝ «Քանոն», «Քամանչա», «Պարկապզուկ», «Բամբիռ», «Հարվածային գործիքներ», «Քնար», «Թառ»:



Թե հնությունից բացի էլ ի՞նչ չափանիշներով է առաջնորդվում նվագարանների ընտրության հարցում, ապա. «Ես մերկապարանոց չեմ պայքարում կամ ներկայացնում, որ դրանք մեր հայկական գործիքներն են ու մենք ենք ստեղծել, նման բան չկա։ Եթե գործիքը տարածաշրջանային է եւ օրինակ դուդուկ նվագում են եւ ադրբեջանցիները եւ վրացիները, միտինգային ձեւով չեմ ասում` ոչ, դա մերն է։ Ես իմ առջեւ խնդիրը դրեցի այսպես. թե օրինակ դուդուկը կամ քամանչան ի՞նչ ճանապարհ է անցել հայի միջոցով, ի՞նչ զարգացում է ունեցել հայի շնորհիվ, ո՞ր նշանավոր հայերն են այդ գործիքը նվագել ու փոխանցել սերունդներին։ Սա ավելի հայրենանվեր գործ է, երբ առանց գոռալու ցույց ես տալիս այդ գործիքի անցած ճանապարհը եւ վերջում ֆիլմը դիտողը հասկանում է, որ սա հայկական է, հետո ես դա ուղղակիորեն չեմ ասում, այլ իմ տեքստն ու ասելիքն այնպես եմ կառուցում, որ մարդը գալիս է այդ եզրակացության»։



Ֆիլմերը վավերագրական գեղարվեստական լուծումներով են նկարահանված, միջինը 20 րոպե տեւողությամբ, որպեսզի ձանձրալի չլինեն։ Ֆիլմաշարն իր տեսակով նաեւ գիտաճանաչողական է, որովհետեւ ներկայացվում է այդ նվագարանների պատրաստման պատմությունը, անգամ թե ինչ ծառից կամ քանի տարվա չորացված փայտատեսակից են լավ հնչողություն ստանում եւ այդ ամբողջ պրոցեսը ցուցադրվում է հանդիսատեսին ու, որպես անխախտ ավանդույթ, մեկական ստեղծագործություն տվյալ գործիքից ամբողջական հնչում է ֆիլմում։



Ինչ վերաբերում է Ջիվանու եւ քամանի մասին պատմող ֆիլմին, ապա. «Ջիվանու պես մարդը հազարից ավել բանաստեղծություն է թողել մեզ, բայց մենք այդ հազարից երեւի 5-6 ենք իմանում կամ լսել։ Ուսումնասիրելով քամանի գործիքը տեսա, որ այն լինելով ոչ այնքան հնագույն ինչպես բամբիռը, ծնծղան, շատ մոտ է նոր ժամանակներին, իսկ նրա մասին վավերագրական նյութերը չափազանց քիչ են, գրեթե չկան։ Ջիվանի բոլորս սիրում ենք, նրա երգերը քիչ թե շատ հայտնի են մեզ եւ քանի որ նրա 170- ամյակն էր, մտածեցի, որ դրանից լավ նվեր թե Ջիվանուն, թե հայ երաժշտասերին չի լինելու եւ փորձեցի ֆիլմը լինի գործիքի եւ իր վարպետի մասին։ Դրանից ֆիլմը եւ ինքնատիպ դարձավ եւ լավ լուծում ստացավ»,-ասում է Ռիտա Շառոյանն ու ընդգծում, որ Սայաթ-Նովա, Ջիվանի ուսումնասիրելու ընթացքում Սայաթ-Նովայի բանաստեղծությունների մեջ հանդիպել է չանգիր բառին, դրանից հետո պարզել է, որ չանգիրը երաժշտական նվագարան է, որը շատ է սիրել Սայաթ-Նովան, այդ պատճառով հաջորդ՝ 10-րդ ֆիլմը, հավանաբար կպատմի հենց չանգիր գործիքի մասին։



«Ընդհանրապես գործիքները բոլոր ֆիլմերում դառնում են մարդ, հանդիսատեսի, ունկնդրի ընկերը»,-ասում է Շառոյանն ու նկատում՝ ոչ երաժիշտ է, ոչ էլ կատարող, բայց կարողացավ այնպես անել, որ այդ նվագարանները ֆիլմերի միջոցով եւս մեկ անգամ սիրելի դառնան, անցյալից նոր ժամանակներ գան, մարդիկ տեղեկանան դրանց մասին. «Մարդ սիրում է այն, ինչի մասին գիտի, եթե չգիտես՝ ի՞նչ սիրես»։ Թե հեռուստաընկերությունները շահագրգռվածություն չեն ցուցաբերել այդ ֆիլմերը ցուցադրելու հարցում, ապա այս ընթացքոմ ֆիլմաշարը ցուցադրվել է միայն «Երկիր մեդիայով» եւ «Հ1-ով»։



Ի դեպ, ֆիլմի ավարտից հետո ՀՀ մշակույթի նախարարության կողմից (ով աջակցել է 4 ֆիլմերի նկարահանումների համար) Ռիտա Շառոյանը պարգևատրվեց ոսկե մեդալով՝ մշակույթի ոլորտում ունեցած նշանակալի ավանդի համար:



Սոնա Ադամյան