Պապի խոսնակի բառերը՝ Armenia is a treasure (ֆոտո)

Պապի խոսնակի բառերը՝ Armenia is a treasure (ֆոտո)

Երեկ՝ երեկոյան Հռոմի սրբազան քահանայապետ Ֆրանցիսկոս պապի հայաստանյան այցի առաջին օրը, մամլո ասուլիսով ամփոփեց Վատիկանի տեղեկատվական ծառայությունների տնօրեն, մոնսինյոր Ֆեդերիկո Լոմբարդին։



Մոնսինյորը նույնքան սիրալիր ու ջերմ էր իր խոսքում, որքան պապի այցի շուրջ ստեղծված աուրան է Հայաստանում։ Նա իր բացման խոսքում տեղեկացրեց, որ մինչեւ Հայաստան ուղեւորվելը, առավոտյան Պապին համառոտ զեկուցվել է աշխարհում կատարված երկու կարեւոր իրադարձությունների՝ Կոլումբիայում իշխանությունների եւ FARC պարտիզանների միջեւ հաշտության կնքման եւ Մեծ Բրիտանիայում Brexit-ի հանրաքվեի արդյունքի մասին։ Այնուհետ Պապն ուղեւորվել է Հայաստան, այժմ նա Հայաստանում է, եւ Վատիկանի ու կաթոլիկ աշխարհի համար թիվ մեկ իրադարձությունը սա է։



Դեռ բացման խոսքում, մինչեւ լրագրողների հարցերին անցնելը (դրանց թվում զավեշտական հարցեր էլ հնչեցին, օրինակ, ինչպես է, որ պապը Renault մակնիշի ավտոմեքենայով է շրջում եւ ոչ թե Range Rover կամ Bentley մեքենաներով), Պապի խոսնակն օրվա իրադարձություններից բխած երկու ուղերձ առանձնացրեց։ Առաջինը՝ այցի էկումենիկ, միջեկեղեցական հարթությունը, եղբայրական սերը եւ ջերմությունը, որ տիրել է Ամենայն Հայոց կաթողիկոսի, նաեւ եպիսկոպոսաց դասի հետ հանդիպմանը։ Երկրորդ ուղերձը հայ ժողովրդի եւ Հայաստանի, որպես քրիստոնեական առաջին երկրի, կարեւորության ընդգծումն է։



Ի դեպ, մի լրագրողի կողմից հարց տրվեց, թե ինչպես է բացատրվում համաշխարհային ընդգրկում ունեցող կաթոլիցիզմի հոգեւոր առաջնորդի կողմից Հայաստանի չափ փոքր երկիրն այդքան կարեւորելը եւ Հայաստան ժամանելը։ Մոնսինյորի պատասխանն սպառիչ էր. «Հայաստանը կարող է չունենալ մեծաթիվ ազգաբնակչություն, բայց այն ունի մեծագույն պատմություն, քաղաքակրթություն եւ քրիստոնեության այնպիսի արժեքներ, որոնք Հայաստանն ուղղակի գանձ են դարձնում՝ Armenia is a treasure».



Մոնսինյորը պատմեց նաեւ նվերների մասին, որ Գարեգին Երկրորդ կաթողիկոսը եւ նախագահ Սարգսյանը նվիրաբերել են Պապին։ Իրեն տպավորել էր մի հայ նկարչի մանրադիտակային կտավը, նա 1մմ քառակուսու վրա Պապի դիմանկարն է ստեղծել, որը դիտել հնարավոր է միայն մանրադիտակով։ ՀՀ նախագահ Սարգսյանն էլ հնարամիտ նվեր էր մատուցել Պապին՝ «Մատյան ողբերգության» գրքի թանկարժեք մի հրատարակություն եւ, որքան հասկացա, Գրիգոր Նարեկացու մի դիմաքանդակ։ Հետո էլ, առիթից օգտվելով, հավելել էր, թե հայերը մտադիր են այդ մանրաքանդակի մեծ տարբերակը կերտել եւ նվիրել Վատիկանին։ Ենթադրելի է՝ Սուրբ Պետրոսի տաճարում տեղադրելու ակնկալությամբ։
Մի լրագրող հարցրեց, թե արդյոք Վատիկանը կբացի՞ Հայոց ցեղասպանության մասին իր արխիվներում գտնվող փաստաթղթերը, քանի որ, ըստ լրագրողի, նման մտադրության մասին հայտարարվել է 2011-ին, սակայն գործընթացը կարծես չի շարունակվել։



Մոնսինյորի պատասխանն էր, որ իր իմացությամբ Վատիկանի արխիվներում առկա փաստաթղթերը Հայոց ցեղասպանության վերաբերյալ այժմ էլ հասանելի են, օրինակ՝ վերջերս գերմանացի մի պատմաբան իր գիրքն է նվիրել մոնսինյորին՝ Հայոց ցեղասպանության վերաբերյալ, որն ամբողջությամբ կազմել է Վատիկանի արխիվներում առկա փաստագրական նյութի հիման վրա։ Ինչպես եւ սպասելի էր, «ցեղասպանություն» բառի վերաբերյալ տարբեր խմբագրությամբ մի քանի հարցեր տրվեցին։ Մոնսինյորն ասաց, որ Վատիկանը համարել եւ համարում է, որ հայերի հանդեպ կատարվել է ցեղասպանություն, դա Մեծ եղեռն կկոչվի, թե genocide, եւ այժմ Պապը Երեւանում ոչ միայն երկու բառերն էլ գործածեց, այլեւ իր խոսքում բացահայտեց հայության հանդեպ գործադրված ոճիրի էությունը։



Լուսինե ՊԵՏՐՈՍՅԱՆ