ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը. Վարշավան՝ 30-րդ հարկից

ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը. Վարշավան՝ 30-րդ հարկից

Այսօր Լեհաստանի մայրաքաղաքում մեկնարկում է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը, որն արդեն հասցրել է որակվել ամենակարեւորը` Սառը պատերազմի ավարտից ի վեր: Ինքս երբեւէ նախկինում ՆԱՏՕ-ի գագաթնաժողով լուսաբանելու առիթ չեմ ունեցել, բայց խիստ կասկածում եմ, թե 1990-ականներից ի վեր որեւէ համաժողով, որեւէ երկրում այնպես ոգեւորել է հյուրընկալ երկրին եւ ժողովրդին, ինչպես հուլիսի 8-9 գումարվող ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը Վարշավայում: Ողջ քաղաքն այդ իրադարձությամբ է ապրում, ամենուր ՆԱՏՕ-դրոշներն են եւ անթաքույց հորդացող ուրախություն:



Ընդսմին, դա միանգամայն հասկանալի է: Վերջապես ԱՄՆ հակահրթիռային պաշտպանության համակարգերը տեղադրվում են Լեհաստանում, մոտ 40 000-անոց ՆԱՏՕ-ի արագ արձագանքման ուժեր են դրված Արեւելյան Եվրոպայի վեց հրամանատարական կենտրոնների տրամադրության տակ, եւ այժմ, ՆԱՏՕ-ի բացվող համաժողովում կհաստատվեն Լատվիայում, Լիտվայում, Էստոնիայում եւ Լեհաստանում չորս ՆԱՏՕ զորագնդերի մշտական հերթակայման ծրագրերը: Դրանցից մեկը լինելու է ԱՄՆ զորագունդ, մյուսը՝ գերմանական, երրորդը` բրիտանական, չորրորդը` կանադական: Թող այսուհետ Ռուսաստանի մտքով միայն անցնի Մերձբալթիկայի կամ Լեհաստանի սահմանը խախտել, դա կնշանակի ԱՄՆ-ի, Գերմանիայի կամ Մեծ Բրիտանիայի, ասել է թե` ուղղակի ՆԱՏՕ-ի դեմ ռազմական գործողություններ սկսել: Ինչպես նախագահ Օբաման է ասում. «Հավատում եմ, որ Պուտինն այդ աստիճան հիմար չէ…»:



Ամփոփելով ՆԱՏՕ-ի՝ 2014-ի Նյուպորտի եւ 2016-ի Վարշավայի գագաթնաժողովների միջեւ ընկած երկամյա ժամանակաշրջանը՝ ակնհայտորեն 2014-ին Ղրիմ ներխուժելու արդյունքում Ռուսաստանը եւ Պուտինը ստացան ոչ միայն ՌԴ տնտեսությունը ծնկի բերած եւ հետագա փլուզման տանող տնտեսական սանկցիաներ, ոչ միայն Ռուսաստանը գործնականում հեռացվեց որոշիչ միջազգային կառույցներից` դատապարտելով մեկուսացման, այլեւ, ինչն ամենաէականն է, քաջալերողը Ռուսաստանն այժմ իր եվրոպական սահմանին տեսնում է զինտեխնիկայի եւ զինուժի այնպիսի կուտակում եւ բազմապատկման ներուժ, ինչպիսին նույնիսկ Առաջին ու Երկրորդ համաշխարհային պատերազմների տարիներին, երեւի, չէր տեսել:



Ինչի՞ համար է այդ ամենը: Ռուսաստանի զսպման` deterrence-ի քաղաքականության, ինչպես ՆԱՏՕ-ի նոր տերմինաբանությունն է կոչում այն: ՆԱՏՕ-ն ընդամենը երկու տարում կարողացավ իր արեւելյան թեւը ամրացնել այնքան, որ դժվար թե Ռուսաստանն այլեւ համարձակվի զսպված չմնալ եւ քիթը հանել իր արեւմտյան սահմաններից դեպի ՆԱՏՕ-ի պաշտպանության ներքո գտնվող տարածքներ: Մեծ սիմվոլիզմ կա նրանում, որ ՆԱՏՕ-ի աննախադեպ ամրացումը Արեւելյան Եվրոպայում՝ իբրեւ նվաճված արդյունք, հայտարարվում եւ տոնվում է հենց այն քաղաքում, որտեղ մի ժամանակ ԽՍՀՄ կոչված երկիրը իր անհետացած Վարշավյան պակտն էր ձեւավորում: Այսօր Վարշավյան պակտի բոլոր երկրները ոչ միայն թոթափել են ԽՍՀՄ ազդեցությունը, ոչ միայն հաջող եւ ինքնիշխան երկրներ են, այլեւ իրենց ռազմական ներուժն են զարգացնում, նաեւ՝ ի տես Ռուսաստանի, նաեւ՝ Ռուսաստանից պաշտպանվելու, իսկ անհրաժեշտության դեպքում, ինչու ոչ, նաեւ հակահարված ու հարված հասցնելու համար: Նման հաջողության ու առաջընթացի համար ինչպե՞ս չուրախանալ եւ ինչպե՞ս այն չտոնել:



Այնպես որ, Վարշավայում թեւածող տրամադրությունները միանգամայն հասկանալի են: Նաեւ՝ Վարշավայի քաղաքագլխի նախաձեռնությունը, որ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը մեկնաբանող լրագրողներին երեկ հրավիրել էր ընդունելության մի շենքում, որը կոչվում է Մշակույթի եւ գիտության կենտրոն, եւ այնքան ատելի Խորհրդային Միության նվերն է եղել Լեհաստանին: Այժմ այստեղ տոնվում էր Լեհաստանի ազատությունն ու պաշտպանվածությունը թե պատմություն դարձած ԽՍՀՄ-ից, թե դրա հոգեզավակ, մերօրյա Ռուսաստանից: Ընդունելությանը նաեւ հնարավորություն կար կենտրոնի 30-րդ հարկից դիտել Վարշավայի համայնապատկերը: Այդ համայնապատկերը, գուցե, ամենատպավորիչը չէր, որ կյանքում առիթներ եմ ունեցել դիտելու, բայց Վարշավայում տիրող ուրախությունը, հանդիսավորությունն ու տոնականությունը միանգամայն համեմատելի էին երկնաքերի բարձրության հետ, որտեղից դիտում էինք Վարշավան:



Այսօր՝ երեկոյան, հավանաբար գագաթնաժողովի որոշ արդյունքներ արդեն հայտնի կլինեն, եւ հնարավոր կլինի դատել, թե դրանք որքանով են ամրապնդում ՆԱՏՕ-ի դիրքերը ոչ միայն Լեհաստանում, այլեւ՝ ողջ Եվրոպայում:



Լուսինե ՊԵՏՐՈՍՅԱՆ