Մեր ոստիկանությունը միշտ էլ քրեական ոստիկանություն է եղել իր պահվածքով

Մեր ոստիկանությունը միշտ էլ քրեական ոստիկանություն է եղել իր պահվածքով

«Երեկվա իրադարձություններն աննախադեպ էին այնքանով, ինչքանով որ ոստիկանությւոնը հունից դուրս է եկել։ Բայց ինձ համար արտըառոց չէր, ես սպասում էի դրան, որովհետև այս ողջ ընթացքում ոստիկանությունն իրեն զզվելի է պահել»։
Hraparak.am-ի հետ զրույցում այսպես արտահայտվեց երեկ Սարի թաղում ոստիկանների կողմից գործադրված բռնությունների վերաբերյալ իրավապաշտպան Միքայել Դանիելյանը։



«Հիմա ավելի զզվելի են, որովհետև իրենց համար արտառոց դեպք է սա, արտառոց ցույցեր են, և իրենց պահվածքը դարձավ ավելի բանդիտական, ուրիշ բան չեմ կարողանում գտնել։ Բայց մեր ոստիկանությունը միշտ էլ քրեական ոստիկանություն է եղել իր պահվածքով»,-ասաց իրավապաշտպանը՝ հիշելով, որ «Էլեկտրիկ Երևանի» ժամանակ էլ էր ոստիկանությունն իրեն նույն կերպ պահում, սևազգեստ մայրերին քաշքշելիս էլ, մյուս ցույցերի ժամանակ էլ։



Մեր դիտարկմանը, թե երեկ նաև զանգվածային կերպով լրագրողների հանդեպ բռնություններ կիրառվեցին, սար դեմն առնելու ի՞նչ միջոց ունենք, պարոն Դանիելյանն ասաց. «Շարունակել պայքարել»։



Անդրադառնալով քաղաքացիական հագուստով անձանց, որոնք երեկ բռնություններ էին գործադրում քաղաքացիների և լրագրողների նկատմամբ՝ հարցրինք, թե կարո՞ղ ենք վստահորեն պնդել, որ նրանք ոստիկաններ էին, Դանիելյանն ասաց, որ նրանք կարող է ոստիկան չլինեին, բայց ոստիկանությանը կից աշխատակիցներ լինեին, որոնք նման դեպքերում գործողություններ են կատարում։



 



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ