Պատասխան Արման Մուսինյանին

Պատասխան Արման Մուսինյանին

Երեկ մեր կայքում տեղադրել էինք գրող, գրականագետ, բանասիրական գիտությունների թեկնածու Ստեփան Թոփչյանի հոդվածը․ «Ցխել, թե չցխել․ սա է խնդիրը» վերնագրով։ Հրապարակումից մի քանի ժամ անց ilur.am կայքում կարդացինք ՀԱԿ խոսնակ Արման Մուսինյանի գրությունն՝ ուղղված մեզ՝ «Հրապարակ.am կայքի խմբագրությանը»․
«Ձեր կայքի այսօրվա թողարկման մեջ հրապարակված է Ստեփան Թոփչյանի «Ցխել, թե չցխել. սա է խնդիրը» երկարաշունչ հոդվածը, որի առաջին իսկ տողում արձանագրված է, թե իբր Լևոն Տեր-Պետրոսյանն արտահայտել է «Մեր պաշտպանվածությունը մեր անպաշտպանվածության մեջ է» միտքը: Հարգելի խմբագրություն, խնդրում ենք ցույց տալ Տեր-Պետրոսյանի որևէ բանավոր կամ գրավոր ելույթ, ձայնագրություն կամ տեսագրություն, որում Լևոն Տեր-Պետրոսյանն այդպիսի նախադասություն արտասանած լինի: Եթե դա չպարզեք, կնշանակի, որ դուք հրապարակել եք հայրենիքը լքած մի տարրական ստախոսի հոդված»:



Նախ նկատենք, որ որեւէ լրատվամիջոցի հրապարակմանը մեկ այլ լրատվամիջոցում պատասխանելն առնվազն կոռեկտ չէ։ «Հրապարակը», օրինակ, որպես կանոն, այլ ԶԼՄ-ներում հրապարակված հոդվածների պատասխանները չի տպագրում․ պատասխանը, արձագանքը, հերքումը պետք է տպարգրվի այն նույն լրատվամիջոցում, որտեղ կատարվել է հրապարակումը։ Առավել եւս «Հրապարակը» երբեւէ չի հրաժարվել հրապարակել իրենց պատասխանը կամ արձագանքել իրենց հարցադրումներին։



Երկրորդ․ հեղինակային նյութերում տեղ գտած փաստական տվյալների համար պատասխանատավություն կրում է նյութի հեղինակը, օրաթերթի ռեժիմով աշխատող լրատվամիջոցի խմբագրակազմն այդքան ժամանակ եւ հնարավորություն չունի ճշտելու յուրաքանչյուր փաստի իսկությունը, մանավանդ եթե հեղինակը հարգված անձնավորություն է, գրագետ ու կարդացած մարդ։



Սակայն պարոն Մուսինյանի հորդորին ի պատասխան մենք մեկ ժամ ժամանակ տրամադրեցինք եւ համացանցում փնտրեցինք Լեւոն Տեր-Պետրոսյանին վերագրվող նախադասության հիմքերը։ Շատ թռուցիկ փնտրողական աշխատանքների արդյունքում բազմաթիվ հրապարակումներ գտանք, որտեղ նույն միտքը տեղ է գտել եւ վերագրված է ՀՀ առաջին նախագահին ու նրա օրոք իշխող կուսակցության վարած քաղաքական կուրսին։ Ներկայացնենք դրանցից մի քանիսը․



- 2015թ հունվարի 29, «Առավոտ» օրաթերթ, հարցազրույց գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցի հետ․ «Տեր-Պետրոսյանին մեղադրում են դավաճանության մեջ․ «Ինքը հաղթանակած նախագահ չի եղել»» http://www.aravot.am/2015/01/29/537207/ ․ «Ինքը կլասիկ արտահայտություններ ուներ՝ մեր պաշտպանվածությունը մեր անպաշտպանության մեջ է: Ինքը հեչ ցանկություն չուներ բանակ ստեղծելու, ինքը հեչ ցանկություն չուներ Ղարաբաղը միավորելու: Նա Հայաստանի անկախ պետությունը ստեղծում էր 30 հազար քմ-ի վրա՝ Սովետական Հայաստանի տարածքով: Այնպես որ, այդպիսի մարդուց ակնկալել, որ նա տարածքնե՞ր պետք է վերցներ»:



- 2013թ մայիսի 9, «Իրավունք» թերթ, հարցազրույց Շուշիի առանձնակի գումարտակի ուսանողական ջոկատի հրամանատար Իգոր Սարգսյանի հետ։ Հոդված «Տեր-Պետրոսյանը չէր ցանկանում, որ ազատագրվեն Շուշին ու Արցախը»․«Իր ելույթներն եմ հիշում, որ ասում էր « մեր խեղճության մեջ են մեր հաղթանակները», «մեր պաշտպանվածությունը, մեր անպաշտպանվածության մեջ է», այսպիսի նահանջողական բաներ էր ասում: Այդ ժամանակահատվածում նաև 94-ի առաջ գնալու պահերի կասեցման խնդիրներ կար: Շահումյանի անկման պատճառն էլ կա, որ էլի կապում են նրա հետ: Ես այդ ժամանակ պարզ մարտիկ էի, ընդամենը մի ուսանողական ջոկատի պատասխանատու: Ավելի մեծեր, ավելի բարձրաստիճան հրամանատարներ կային, որ անմիջապես շփվում էին այդ ժամանակվա իշխանությունների հետ»: http://old.iravunk.com/index.php?option=com_content&view=article&id=6883:2013-05-09-13-48-20&catid=41:lurer&Itemid=57



- 2011թ, մայիսի 29, Գյումրիի «Ասպարեզ» էլեկտրոնային թերթ, «Հայ թուրքական հանգույց», հեղինակ՝ Անահիտ Սիմոնյան․ «Գուցե տեղի՞ն է նշել Լ.Տեր-Պետրոսյանը, որ «մեր պաշտպանվածությունը մեր անպաշտպանվածության մեջ է»,- ոմանք այս միտքը մեկնաբանում են այսպես, թե մենք բանակ չպետք է ունենանք: Ստացվում է, որ ռազմական հզորությունն ավելացնելու նպատակով մենք անընդհատ մրցավազքի մեջ պետք է լինենք Ադրբեջանի հետ: Նման տեմպերով առաջընթացի դեպքում Հայաստանը դժվար, թե կարողանա ավելացնել իր ռազմական բյուջեի ծախսերը»:



- 2014թ, նոյեմբերի 30, Արցախի Ապառաժ․ամ կայք․ «Դեռեւս Արցախյան շարժման առաջին օրերից Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ հրապարակ էր իջել մի տեսակետ, ըստ որի` «մեր պաշտպանվածությունը մեր անպաշտպան լինելու մեջ է»: Նրանց կողմից հնչում էր այն միտքը, որ ժողովրդին զինելով` մենք վտանգոմ ենք Արցախի լինելիությունը: Դժբախտաբար, այդ մտածելակերպը նաեւ ներթափանցել էր Արցախ՝ Արցախյան շարժման այդ օրերի առաջնորդների մեջ»: http://aparaj.am/new/%D5%A4%D5%A1%D5%B7%D5%B6%D5%A1%D5%AF%D6%81%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6%D5%A8-%D5%A5%D6%82-%D5%BA%D5%A5%D5%BF%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6%D5%A8-%D5%B4%D5%AB%D5%A1%D5%B5/



- Եւ վերջապես 1992 թ․ «Ղարաբաղ » կոմիտեի անդամ Սամսոն Ղազարյանի հոդվածը «Երկիրում», որն արտատպել է Անկախություն․ամ կայքը http://ankakhutyun.am/archives/5672․ «Երկու տարի շարունակ խոսում են, որ իրենց նպատակը պետականության ստեղծումն է։ Բայց հարցնենք պարոնայք հհշականներին, թե ով էր դեմ պետականության ամենակարեւոր նախադրյալներից մեկի՝ բանակի ստեղծմանը։ Ո՞վ էր դավանում տխրահռչակ այն դոկտրինան, թե մեր պաշտպանվածությունը մեր անպաշտպանվածության մեջ է։ Ո՞վ էր առաջ քաշում այն տեսակետը, թե բանակ ստեղծելու փոխարեն հարկավոր է խոչընդոտել Ադրբեջանի բանակի ստեղծմանը։ Գաղտնիք չէ, որ դա ՀՀ նախագահի որդեգրած կուրսն էր, որը պաշտպանում էր ՀՀՇ-ն։ Նախագահն ինքն է հայտարարել որ իր «սոցիալական հենարանը Հայոց համազգային շարժումն է»»։



ՀԳ․ Գուցե հիմա էլ պարոն Մուսինյանը հայտարարի, որ վերը բերված հատվածները Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթներից բառացի չեն արված եւ հեղինակը՝ Ստեփան Թոփչյանն ու մենք սկզբնաղբյուրը ցույց չենք տալիս, բայց նախ, այսքան տարբեր մարդիկ, տարբեր ժամանակներում չէին կարող սխալվել, կամ սխալ հիշել։ Եւ երկրորդը՝ եթե ժամանակին՝ 92-2015թթ չեք հերքել Նորատ Տեր Գրիգորյանին, Սամսոն Ղազարյանին, այլ անձանց, ովքեր Տեր-Պետրոսյանին են վերագրել վերոնշյալ խոսքերը, ապա մի դժգոհեք, որ 2016-ին այս խոսքերը մեջբերում է եւս մի հեղինակ՝ Ստեփան Թոփչյանը։ Անգամ եթե վերջինս արտերկրում է ապրում եւ Տեր-Պետրոսյանին չսիրելու այլ հիմքեր ունի։



«Հրապարակ»