Պարզվում է` Ալիեւը դուրս է մնացել ռուս-թուրքական սիրախաղից

Պարզվում է` Ալիեւը դուրս է մնացել ռուս-թուրքական սիրախաղից

Անցյալ տարի, նոյեմբերին, երբ թուրքական զինված ուժերը Սիրիայի սահմանին խոցեցին ռուսական ինքնաթիռը, հետո էլ թուրքմեն ապստամբներն սպանեցին հրդեհված ինքնաթիռից օդապարիկով փրկվել փորձող օդաչուին, Պուտինի եւ Էրդողանի խմբավարությամբ սկսվեց ռուս-թուրքական գզվռտոցը` միմյանց չներելու, հանցագործ կոչելու, սպառնալիքներ տեղալու ամենաիսկական շքերթով: Սակայն, ինչպես ասել է Սողոմոն Իմաստունը, կյանքում ամեն ինչ ունի իր ժամանակը: Լեզվական փոխհրաձգություններն ու տնտեսական պատժամիջոցների նմանակումներն ի վերջո ավարտվեցին, եւ ռուս-թուրքական գզվռտոցին եկավ փոխարինելու ռուս-թուրքական սիրախաղը:



Հեյդար Ալիեւի կապավորից մինչեւ Նազարբաեւ 



Ինչպես թուրքական Hurriyet-ի հրապարկումից հայտնի դարձավ, ռուս-թուրքական հաշտեցման գործընթացում սկզբնապես ներգրավված են եղել հինգ անձինք, վերջում գործընթացին միացել եւ այն ավարտին է հասցրել վեցերորդ անձը` Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը: Եվ դա այն պարագայում, երբ գործընթացն սկսողը եւ գլխավոր ֆիգուրանտը եղել է Չավիթ Չագլար անվամբ մի վաճառական, որը ԽՍՀՄ փլուզումից ի վեր ՌԴ Դաղստանի մարզում զբաղվել է ձեռներեցությամբ եւ, ինչպես մանրամասնել է Hurriyet-ը, 1990-ականներին եղել է Թուրքիայի պետության կապավորը Հեյդար Ալիեւի հետ. թե այն ժամանակ, երբ Ալիեւը գտնվել է Նախիջեւանում, թե ավելի ուշ, երբ Ալիեւը տեղափոխվել է Բաքու եւ ստանձնել Ադրբեջանի նախագահի պաշտոնը:
Երկրորդ ֆիգուրանտը թուրքական կողմում եղել է Չագլարի հետ անձնապես ծանոթ գեներալ Հուլուսի Ակարը, որը Թուրքիայի ԶՈՒ Գլխավոր շտաբի պետն է: Ակարն է 2016-ի ապրիլին Էրդողանին հուշում, որ կա նման թուրք վաճառական Ռուսաստանում` Չավիթ Չագլար, որը մի ժամանակ նույնիսկ եղել է քաղաքականությունում, Դեմիրելի կառավարության կազմում, նա անձնական մտերմություն ունի Դաղստանի նախագահ Ռամազան Աբդուլատիպովի հետ, իսկ վերջինս ուղիղ ելք ունի դեպի Պուտին` վերջինիս օգնական, թե խորհրդական Յուրի Ուշակովի միջոցով, հետեւաբար, կարելի է փորձել այս խողովակով հարաբերությունները կարգավորել: Ապրիլի 30-ին Էրդողանը հանդիպում է Ակարին ու Չագլարին եւ կանաչ լույս վառում վերջինիս առաքելության առաջ` միաժամանակ Թուրքիայի կողմից Ուշակովի հետ շփումների համար լիազոր անձ նշանակելով հանդիպմանը մասնակցող իր մամլո խոսնակին` Իբրահիմ Կալինին:



Այսպես սկզբնավորվում է արեւելյան բազարի մտահորիզոնով, մենթալիտետով եւ վաճառականի կենտրոնական դերակատարությամբ մի գործընթաց, որն ի վերջո հունիսի 24-ին Նազարբաեւի ձեռամբ վերջակետ է դնում ռուս-թուրքական գզվռտոցին եւ հող նախապատրաստում ներկա սիրախաղի փուլի համար: Ավելի շուկայական, քան դիվանագիտական այդ գործընթացի մանրամասները անվտանգության եւ դիվանագիտության իր աղբյուրներին հղումով Պուտին-Էրդողան հանդիպման օրը հրապարակեց թուրքական Hurriyet-ը (հատվածական թարգմանություններով այն հաջորդիվ կհրապարակենք): Թուրքիայում առկա գրաքննության ներկա պայմաններում ակնհայտ է, որ այն չի կարող ստույգ չլինել:



Ալիեւի` ֆրուստրացիայից թելադրված թեյախմությունը



Իր պրիմիտիվությամբ բրազիլական կինոսերիալ հիշեցնող ռուս-թուրքական հաշտեցման էպոպեային ծանոթանալուց հետո մոտավորապես հասկանալի է դառնում, թե ինչն էր Ալիեւին մղել օգոստոսի 8-ին Բաքվում, Պուտինի հետ թեյի սեղանի շուրջ լուսանկարվելու եւ այն տարածելու: Ակնհայտորեն, Ալիեւն իրեն նսեմացած է զգում, որ, չնայած իր անկեղծ ջանքերին ու ցանկությանը, ռուս-թուրքական սիրախաղի շքերթում հրամանատար է դարձել Նազարբաեւը: Չէ՞ որ հայր Ալիեւի կապավորը եղած Չագլարը չէր կարող չիմանալ Իլհամ Ալիեւի տեղը, այդուհանդերձ, ոչ թե Ալիեւը, այլ Նազարբաեւն է ընդգրկվել գործընթացի վերջին փուլում, որքան էլ մինչ այդ Ալիեւը սեփական նախաձեռնությամբ (նաեւ Լուկաշենկոյի հետ դուետով) ինքնակոտոր էր լինում ռուս-թուրքական հարաբերությունները կարգավորելու համար:



Ստացվում է՝ Ալիեւին չեն վստահել, կամ նա չունի այդ կշիռը: Ում աչքում չունի՞. Էրդողանի՞, թե՞ Պուտինի… Սա, իհարկե, կողմնակի հայացքի համար մնում է անհայտ: Բայց, դատելով Ալիեւի` տեսախցիկների առջեւ Պուտինի հետ ողջագուրվելուց, հետո էլ իր տանը կայացած թեյախմության լուսանկարները տարածելուց, որ թեթեւսոլիկության վերջն էր, դրանով, թվում է, Էրդողանին է ինչ-որ մեսիջ հղվել: Ալիեւը, հնարավոր է, ակնարկում էր, որ միայն Նազարբաեւը չէ, որ անմիջական եւ մտերմական հարաբերություններ ունի Պուտինի հետ:
Լուսանկարը, իհարկե, տարածվեց, բայց դժվար թե այն Ալիեւին հանեց ֆրուստրացիայից, որը երեւի դեռ երկար կտեւի: Ալիեւի համար Թուրքիայի տապալված հեղաշրջումը նավթի գների անկմանը հավասար հարված էր: Ոչ հասկանալի է, թե այսուհետ Թուրքիայում ինչ է լինելու, եւ այսօր Էրդողանի կողքին շատ երեւալը վաղը օգտակար կլինի, թե վնասակար: Ոչ էլ, մանավանդ, այլեւս որեւէ հնարավորության կա Թուրքիայի խողովակով Արեւմուտքի եւ քաղաքակիրթ աշխարհի հետ հարաբերվելու, քանի որ Անկարայի հարաբերությունները թե Վաշինգտոնի, թե Բրյուսելի հետ մոտեցել են բոլոր ժամանակների նվազագույն ու վատթարագույն մակարդակին: Վերջապես, եթե հինգ տարվա ճառերից ու երդումներից հետո Էրդողանը պատրաստ է Ռուսաստանի հետ սակարկման առարկա դարձնել իր կողմից սիրիական ընդդիմությանն աջակցության դադարեցումը, միայն թե Ռուսաստանն էլ PKK-ին ու քրդերին չօգնի, այլեւս ի՞նչ իմանաս, թե որ ճնշումից հետո Էրդողանն ինչպես կճկվի, եւ այդ ճկուն առարկայի վրա ի՞նչ հույս դնես:



Ինչպես Խորհրդային ֆիլմում



Այնպես որ՝ Ալիեւին շատ բան չի մնում, քան ներքին լսարանին, ձեռքի հետ էլ հարեւան երկրներում մի քանի դյուրահավատի կամ անտեղյակի ցուցադրել, թե իբր ինքը խաղից դուրս չէ եւ այժմ էլ Իրանի ու Ռուսաստանի հետ է առանցք ձեւավորում: Դիցուք, առանցքը ձեւավորեց, ո՞վ է դրա շուրջ պտտվելու Ադրբեջանից եւ, լավագույն դեպքում, մյուս երկու ձեւավորողներից բացի: Պարզ է, որ ոչ ոք` ոչ Մերձավոր Արեւելքում, ոչ Միջին Արեւելքում, ոչ Արեւելյան Եվրոպայում, ոչ էլ նույնիսկ Հարավային Կովկասում, քանի որ Վրաստանն էլ, Հայաստանն էլ՝ մեկն ստորագրված Ասոցացման համաձայնագրով, մյուսը՝ բանակցվող ԵՄ-ՀՀ համաձայնագրով, ոչ միայն կողմնորոշված են, այլեւ հետզհետե ինտեգրվում են Եվրոպային: Նույնիսկ Հայաստանին շանտաժով դեպի ԵՏՄ քարշ տալն այդտեղ մեծ բան չփոխեց:



Եվ վերջնահաշվում հենց միայն հանգամանքը, որ մեկ տարվա ընթացքում Իրանի եւ Ադրբեջանի նախագահները երկու անգամ նույն ֆիտո-սանիտարիայի, էներգետիկայի, մաքսային դրույքաչափերի ու բանկային փոխանցումների ոլորտներում համագործակցության հուշագրեր ու փաստաթղթեր են ստորագրում, ցույց է տալիս ադրբեջանա-իրանական համագործակցության բովանդակազրկությունն ու ցուցադրականությունը: Եթե այդտեղ որեւէ չոփ է տեղից շարժվում, ինքնաբերաբար նախ անցած վեց ամիսների ընթացքում շարժված չոփի մասին կխոսվեր, ոչ թե փետրվարյան հանդիպումից վեց ամիս անց նորից նույն ոլորտներում նույն հուշագրերի ստորագրման մասին հաղորդագրություն կտարածվեր, ինչպես խորհրդային ժամանակների օղի թորողների մասին ֆիլմում: Այն տարբերությամբ, որ ֆիլմում պարտաճանաչորեն օղի թորելն էին արձանագրում, տուգանում, բաց թողնում, այստեղ էլ կես տարին մեկ հանդիպում են, ելույթներ ունենում, թղթեր ստորագրում, հեռանում:



Լուսինե ՊԵՏՐՈՍՅԱՆ