Hagia Sophia-ի անե՞ծքն է Թուրքիայի վրա

Hagia Sophia-ի անե՞ծքն է Թուրքիայի վրա

Հուլիսի 15-ի հեղաշրջման փորձից անցել է մեկ ամիս, եւ Թուրքիայում այսօր իրադրությունը մնում է նույնքան խառնակ, եթե ոչ ավելի, քան հեղաշրջման գիշերը: Հուլիսի 15-ին անհնար էր հասկանալ, թե ովքեր են հեղաշրջում կատարում: Այսօր անհնար է հասկանալ, թե ում դեմ է Էրդողանը պայքարում:



Թուրքիայում մոլեգնող համատարած վհուկների որսն այդպիսի բնութագրի է արժանի ոչ այնքան հետապնդումների անպատկերացնելի մասշտաբի պատճառով, երբ հեղաշրջման փորձին օժանդակելու ամբաստանությամբ երկրում քսան հազարից ավելի անձ է ձերբակալվել կամ կալանավորվել, եւ ութսուն հազարից ավելի ծառայողներ են պաշտոններից հեռացվել` շարքային ուսուցիչներից մինչեւ բարձրագույն գեներալներ: Եվ դեռ Թուրքիայի կառավարությունից ինչ-որ մեկն ասել էր, թե սա միայն այսբերգի գագաթն է…



Հետապնդումները վհուկների որսի են վերածվել առավելապես իրենց բովանդակության պատճառով: Հեղաշրջման փորձից հետո, Ֆեթուլլահ Գյուլենի հասցեին հերթական հայհոյախոսության ժամանակ, երբ Էրդողանը հայտարարել էր, թե հուլիսի 15-ի հեղաշրջումը բարձրակետն էր այն բանի, ինչին Գյուլենի հետեւորդները ձգտում էին 40 տարի (այսինքն՝ հիմնադրումից ի վեր), թուրք լրագրողներից մեկը հրաշալի հոդված հրապարակեց՝ հարցադրում կատարելով. «Եթե Էրդողանի համար այդքան անընդունելի են Գյուլենի շարժումն ու նպատակները, ապա ինչո՞ւ էր ինքը մաս կազմում այդ շարժմանը երեսունյոթ եւ կես տարի»: Փայլուն հարց է, որը չունի պատասխան, ինչպես Էրդողանի այսօրվա սանձազերծած հետապնդումները չունեն բացատրություն:



Հուլիսի 15-ի հեղաշրջման փորձից հետո ակնհայտ դարձավ, որ իսլամիստները` Գյուլենի եւ Էրդողանի համատեղ առաջնորդությամբ, ընդամենը տասներեք տարում այնպես են Թուրքիայի պետությունն ու բանակը մաքրազարդել քեմալականներից (նույն է թե` աշխարհիկներից), որ արդյունքում ասպարեզում մնացել են միայն իրենք: Այժմ էլ տապալված հեղաշրջմամբ, խորհրդարանից դուրս գրեթե մենիշխանություն հաստատած իսլամիստներն իրենք երկատվեցին երկու ճամբարի` էրդողանականների եւ գյուլենականների: Այդ ճամբարներն առանձնապես չունեն տարբերակիչ սկզբունք, հավատամք կամ գաղափարական հենք: Նրանց միմյանցից տարբերողը լոկ առաջնորդի ազգանունն է, ինչպես յոթ-ութ դար առաջ Խորասանից Փոքր Ասիա ներխուժած թյուրքական ցեղախմբերին տարբերակողը լոկ իրենց ոչխարների գույնն էր`ակ-կոյունլու եւ կարա-կոյունլու:



Մինչդեռ որքան անձնավորված է բաժանումը, այնքան բարդ ու անհնար է դրա հաղթահարումը: Թուրքիայում, թվում է, իրադրությունը չի կարգավորվելու եւ միայն բարդանալու է մինչեւ այն պահը, երբ մահկանացուն կկնքի կամ Էրդողանը, կամ Գյուլենը: Դրանից հետո ճամբարներից մեկը կվերանա: Ընդսմին՝ նայելով, թե ինչ մասշտաբներով է Էրդողանը հետապնդում իր նախկին կուսակից-զինակիցներին, որոնց այժմ FETO-ի` գյուլենական ահաբեկչական շարժման հետեւորդ է կոչում, առանձնակի կասկած չի մնում, որ Էրդողանը զոհվելու ավելի մեծ նախադրյալներ ունի, քան Գյուլենը: Եթե Էրդողանը հասել է այնպիսի խելացնորության, որ իր վարչապետը Թուրքիայի բանակի սպայական կազմի ութսուն տոկոսին կոչում է անվստահելի եւ գյուլենական, ապա այդ միջավայրում ի՞նչն է Էրդողանին հույս տալիս, թե ինքը կարող է վերապրել:



Ցանկացած սթափ հայացքի համար պարզ է, որ այսօրվա հակագյուլենական արշավի ցնորքով Էրդողանն ընդամենը սեփական մահն է մոտեցնում: Սակայն իրերի ներկա ընթացքով Էրդողանի մահվանից հետո ոչ թե Գյուլենը կամ գյուլենականներն իշխանության կգան, այլ, ամենայն հավանականությամբ՝ ներքին պառակտումից եւ դիմակայությունից խարխլված թուրքական էսթաբլիշմենթը, բանակն ու պետությունը կկազմաքարդվեն: Այսօրվա Թուրքիայում, հատկապես տապալված հեղաշրջումից հետո, այնքան իրողություն է նաեւ արհեստականորեն, հակասահմանադրական կերպով կապակցվել ու կախման մեջ դրվել Էրդողանից` MIT-ից ու զինված ուժերից սկսած, որ նրա վերացումով այլեւս միավորող ինչ պիտի մնա: Երեւի ոչինչ՝ Օսմանյան կայսրության փլուզման դեժավյուից բացի, որն Էրդողանն այնպես ջանում էր հաղթահարել, բայց իրականում այնքան մոտեցրեց:



Ինչպես էլ նայես` հուլիս 15-ի հեղաշրջման ճգնաժամից Թուրքիան այլեւս դուրս չի գա: Եվ գուցե մոտալուտ աղետի ենթագիտակցությունն է, որ Էրդողանին ստիպեց այնպիսի փրփուրներից կառչել, ինչպես Ռուսաստանի կամ Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորումն էր: Արտգործնախարար Չավուշօղլուն էլ, արդեն ամեն ինչից հույսը կտրած, գերմանական Bild պարբերականին տված հարցազրույցում հեղաշրջումից մեկ ամիս անց լացակումած հարցրել է. «Ինչո՞ւ է այսպիսի թշնամանք»: Նա բառացիորեն ասել է. «Մենք ամեն կերպ ջանում ենք Եվրոպայի անդամակցության պահանջներին համապատասխանել, բայց փոխարենն ստանում ենք միայն սպառնալիքներ, վիրավորանքներ եւ տոտալ շրջափակում Եվրոպական միության կողմից: …Ես ինքս ինձ հարցնում եմ. մենք ի՞նչ հանցանք ենք գործել, ինչո՞ւ այսպիսի թշնամանք»:



Հետգրություն



Էրդողանը եթե փոքրիշատե լուրջ կրթություն ունենար, երբեւէ իրեն կհարցներ, թե ինչու էին Հին աշխարհում եգիպտական փարավոններից մինչեւ հռոմեական կեսարներ այդպես զգուշանում աստվածներին բարկացնելուց: Կեսարներին թվում էր, թե սխալի համար չարաչար կհատուցեն, իսկ Էրդողանը հավատացել է, թե ինքն ու իր երկիրը չե՞ն պատժվի: Թուրքիայում պետք է ուշադիր հաշվեն, թե Hagia Sophia-ի տաճարում Ղուրան ընթերցելուց հետո որքան ժամանակ անցավ մինչեւ Ստամբուլի օդանավակայանի ահաբեկչությունը: Ուղիղ երեք շաբաթ: Իսկ քանի՞ օր անցավ մինչեւ հեղաշրջումը: Ուղիղ քառասուն օր` հունիսի 5-ից մինչեւ հուլիսի 15: Զուգադիպությո՞ւններ են: Ես կասեի՝ Hagia Sophia-ի անեծքն է: Եվ Թուրքիայում պետք է առանձնապես չկասկածեն, որ ոչ հեռավոր ապագայում նույնպիսի զուգադիպությամբ պետք է հաջորդ եւ ավելի զորեղ հարվածին սպասեն: Չէ՞ որ Աստված երրորդություն է սիրում:



Լուսինե ՊԵՏՐՈՍՅԱՆ