«Սասնա ծռերի» ձախողումն անխուսափելի էր

«Սասնա ծռերի» ձախողումն անխուսափելի էր

Քանի որ «Հրապարակ» օրաթերթն անցած շաբաթ միայն վերադարձավ արձակուրդից, մտածում էի, որ «Սասնա ծռերի» թեմայով ոչինչ չեմ գրի: Ինչպես նրանց խոսնակ Վարուժան Ավետիսյանն էր ասել՝ «առաջին արարն ավարտեցին»: Երկրորդ արար, հակառակ «Սասնա ծռերի» փայփայած հույսերի, չէր կարող լինել, չէր լինելու եւ չեղավ: Չեմ կարծում, թե զինված խմբի անդամները` երեկոյան զովին Ազատության հրապարակում մի քանի հարյուր մարդու հավաքվելը, եւս մի քանի անձի՝ հարթակից անկազմակերպ խոսելը կոչեն «երկրորդ արար»:



Իմ համոզմամբ, «Սասնա ծռերի» կողմից ՊՊԾ գնդի գրավման, արձագանք չգտած զինավառ կոչեր հղելու, պատանդներ վերցնել-ազատելու, վերջնահաշվում ԱԱԾ հատուկ ուժերի կողմից դիպուկահար կրակոցներով ջլատվելու, խաբեությամբ խմբում ընդգրկված անդամների հեռանալու, ի վերջո փակուղում հայտնվելով զենքերը վայր դնելու անհասկանալի եւ դատապարտված գործողությունն արժանի է միայն մոռացվելու: Միակ մտահոգող հանգամանքն այդ ողջ պատմության մեջ այն էր, որ զոհեր չլինեին` որեւէ կողմից, այն էլ վերջնահաշվում երեք զոհ եղավ, եւ դեռ հիվանդանոցներում կան վիրավորներ:



Սակայն Ֆեյսբուքում գեներացված ու վիրտուալ հետեւորդների բանակներ ձեւավորած «Սասնա ծռերի» շարժումը, որ վիտուալից իրական կյանք տեղափոխվելուց հետո հաշված օրերի, չասելու համար՝ ժամերի ընթացքում փշուր-փշուր եղավ, վերածվելով ապստամբության ծաղրանկարի, անսպասելիորեն երկու էական հանգամանք բացահայտեց: Առաջինը, որ Հայաստանում ապրում է հիացմունքի արժանի ժողովուրդ, եւ երկրորդ` որքան էլ անսպասելի ու պարադոքսալ հնչի, ունենք հարգանքի արժանի պետություն: Այս երկու հանգամանքի շուրջ արժե խորհել եւ արժե գրել:

Ինչո՞ւ հիացմունքի արժանի ժողովուրդ



Հուլիսի 17-ին «Սասնա ծռերի» կողմից Երեւանի ոստիկանության ՊՊԾ գնդի գրավումից հետո ծավալված իրադարձությունները ցույց տվեցին, որ, չնայած չավարտվող ղարաբաղյան խնդրին, անվերջ անկումներ արձանագրող տնտեսությանը, սոցիալական անարդարություններին, զզվանք հարուցող ՀՀԿ-ին, պատգամավորներին ու նախարարներին, ընտրությունների նկատմամբ կորսված հավատին, ոչնչացած քաղաքական դաշտին, չգործող արդարադատության համակարգին, քաղաքագետի անվան ներքո չորսկողմը վխտացող պատերազմական հրձիգներին ու էլի մինուսներին, մինուսներին… Հայաստանում ապրում է ամեն գովասանքից վեր մի ժողովուրդ, որը, զարմանալիորեն, ինչպես հրաշքում, չունի չարացածության ոչ մի կաթիլ:
Հենց այդ չարացածության բացակայությունն էր այն գործոնը, որ «Սասնա ծռերի» տապալումը դարձրեց անխուսափելի: Դրա շնորհիվ Երեւանը կատարելապես մերժեց «Սասնա ծռերի» առաջարկած բռնությունն եւ զինված գործողությունները ներքին կյանքում, ինչպես մարգինալիզմն ու արկածախնդրությունն արտաքին քաղաքականությունում:



Ի վերջո, «Սասնա ծռերի» առաջ քաշած երկու հիմնական պահանջները, որ հասարակական ռեզոնանս ունեին, եւ որոնցով «Սասնա ծռերը» հույս ունեին հասարակությունը մոբիլիզացնել, ամփոփված էին Սերժ Սարգսյանի հրաժարականի եւ Ղարաբաղում «ոչ մի թիզ հող չհանձնելու» կարգախոսներում: Մինչդեռ այդ երկու կարգախոսները, երկու շաբաթ շարունակ կրկնվելով, ողջ աշխարհի աչքի առջեւ, փաստացիորեն, Երեւանի բնակչության անգամ մեկ տոկոսին չկարողացան դուրս բերել հրապարակ: Երեւանի բնակչությունը մեկ միլիոնից ավելի է, երեւի միլիոն հարյուր կամ երկու հարյուր հազար: Մինչդեռ ի պաշտպանություն «Սասնա ծռերի» երթերի կամ ցույցերի թվում պատահե՞ց գոնե մի հավաք, որին տասը կամ տասներկու հազար քաղաքացի մասնակցեր: Իհարկե` ոչ: Թեեւ, եթե մասնակցեր էլ, դա կլիներ բնակչության ընդամենը մեկ տոկոսը, այդքան չնչին մի թիվ:



Դա նշանակո՞ւմ է, որ Երեւանի 99%-ը գոհ է իրականությունից, երկրի վիճակից ու իշխանություններից կամ ղարաբաղյան կարգավորման հարցում զիջումների մասին է երազում: Իհարկե` ոչ, ամենեւին ոչ: Բայց երկու շաբաթ շարունակ Երեւանի բնակչության նույնիսկ մեկ տոկոսին հրապարակ բերելու «Սասնա ծռերի» անկարողությունը, եւ դա այն Երեւանում, որտեղ ոչ միայն 88-90-ին, այլեւ 96-ին, 2003, 2008-ին եւ այլ տարեթվերի, հարյուր հազարավոր մարդիկ են փողոցում կանգնել, ցույց է տալիս, որ Երեւանը, եւ համոզված եմ` ողջ Հայաստանը, որքան էլ իրականությունը մերժի ու ընդվզի, երբեք դեպի անհայտություն քայլ չի կատարի, երբեք ինքնակոչ փրկիչների չի հետեւի եւ երբեք բռնության չի գնա:



Անցած տարիների դասերը



Ուղղակի այս ժողովրդի մեջ կա հազարամյակների խտացած իմաստնություն, եւ չկա բացարձակապես ոչ մի չարացածություն, ինչը պարարտ հող ծառայեր բռնությունների եւ զենքով որեւէ հարց լուծելու համար: Որպեսզի Հայաստանում լինի իշխանափոխություն, հարկավոր է նախ քաղաքական ֆիգուր եւ ուժ, որը կշիռ կունենա, վստահություն կներշնչի եւ ճանապարհ կուղենշի: Այդ դեպքում Երեւանը ոտքի կկանգնի, ինչպես բոլոր նախկին քաղաքական պայքարներում: Մինչդեռ առանց նման ուժի եւ առաջնորդի հնարավոր են միայն սոցիալական շարժումներ, որոնք, ի դեպ, կարծես ամառային բարի ավանդույթ են դառնում Երեւանում:



2013-ի ամռանը հասարակական տրանսպորտի գների բարձրացման դեմ էր շարժում բարձրացել, 2014-ի ամռանը` կուտակային պահումների, 2015-ի ամռանը`«Էլեկտրիկ Երեւանն» էր, այս տարի` «Սասնա ծռերին» սատարող շարժումը: Դրանք բոլորը սոցիալական ակտիվության դրսեւորումներ են, բոլորովին զուրկ քաղաքական էությունից: «Սասնա ծռերի» պարագայում Վարուժան Ավետիսյանի այնքան էլ միմյանց հետ չկապակցվող քաղաքական տեքստերը, դիրքորոշումներն ու հայտարարություններն էություն չփոխեցին:



Ինչ վերաբերում է ղարաբաղյան հարցին, ապա այդ խնդրով 1994-ի զինադադարից ի վեր Հայաստանի ժողովուրդը երբեք դուրս չի եկել փողոց եւ երբեք էլ դուրս չի գա, որովհետեւ ամենքն էլ գիտակցում են, որ դիվանագիտությունը ճոռոմախոսության ասպարեզ չէ, ոչ էլ հիստերիկ երդումների, Հայաստանի ցանկացած իշխանություն առկա հնարավորությունները կօգտագործի առավելագույնս եւ երբեք չի սակարկի Ղարաբաղի անկախության ու ժողովրդի անվտանգության հարցը: Մնացյալ ամեն ինչ բանակցությունների առարկա է, եւ Հայաստանի հնարավորություններն էլ կախված են ժամանակի տվյալ հատվածից, միջազգային ու տարածաշրջանային իրադրությունից, անվերջ թվով այլ հանգամանքներից:



Ընդ որում՝ լավ կլինի, եթե «ոչ մի թիզ հող» կարգախոսի մարտիկներն իրենց հիմարի տեղ չդնեն եւ չստեն, թե իբր Տեր-Պետրոսյանը 1998-ին հեռացավ, որովհետեւ ժողովուրդը չէր ընդունի փուլային լուծումը եւ կնախընտրեր փաթեթայինը կամ հակառակը: Տեր-Պետրոսյանը հեռացել է ներպալատական հեղաշրջման արդյունքում, որի հետ ժողովուրդը զրո տոկոս առնչություն ուներ եւ հեղաշրջումը կատարողների հանդեպ էլ զրո տոկոս համակրանք: Եթե 98-ին նախագահական ընտրությունների արդյունքները չկեղծվեին, ապա ժողովուրդն իշխանության էր բերում Կարեն Դեմիրճյանին, որը ոչ ղարաբաղյան շարժման առաջամարտիկ էր, ոչ էլ Ղարաբաղի համար պայքարած ռազմիկ: Այլ շատ փորձառու, սիրված եւ պրագմատիկ ղեկավար, որը, իհարկե, ղարաբաղյան հարցում պիտի գտներ նույն հնարավոր լավագույն լուծումը, ինչպես Հայաստանի բոլոր մյուս իշխանությունները:



Հուսանք՝ «Սասնա ծռերի» ձախողումից հետո այսքանը կգիտակցեն բոլոր նրանց գաղափարակիցներն ու համակիրները, որոնց թյուրիմացաբար թվացել է, թե զենքով Հայաստանում կարող են ժողովրդի աջակցության հասնել, իշխանափոխություն կատարել կամ Ղարաբաղում ոչ մի թիզ հող չզիջել: Հուսանք՝ իրենցից մի քանիսն էլ ի զորու կլինեն հասկանալու, որ ոչ թե «Սասնա ծռերի» զենքով կերտած հաղթանակը, այլեւ ձախողումն էր Հայաստանի իրական հաղթանակը:



Լուսինե ՊԵՏՐՈՍՅԱՆ