Ջիվանու տուն-թանգարանի հանդիսավոր բացումը` Ջավախքում (լուսանկարներ)

Ջիվանու տուն-թանգարանի հանդիսավոր բացումը` Ջավախքում (լուսանկարներ)

Այսօր Ջավախքի Ախալքալաքի շրջանի Կարծախ գյուղում տեղի ունեցավ հայ մեծանուն աշուղ, բանաստեղծ Ջիվանու տուն-թանգարանի պաշտոնական բացումը:



Կարմիր ժապավենը կտրեցին «Ջավախքին աջակցություն հիմնադրամի» (ՋԱՀ) հոգաբարձուների խորհրդի նախագահ, գործարար Սոս Սահակյանն ու Վրաստանի խորհրդարանի հայազգի պատգամավոր Սամվել Պետրոսյանը: Հայաստանից հյուրերի թվում ներկա էին մշակույթի փոխնախարար Սամվել Պողոսյանը, «Փյունիկ» հիմնադրամի նախագահ, Սերժ Սարգսյանի եղբայր Լևոն Սարգսյանը, տարբեր հասարակական, մշակութային գործիչներ: Նրանք բոլորն էլ չափազանց բարձր գնահատեցին Ջիվանու դերը հայ մշակութային կյանքում, նաև նրա տուն-թանգարանի բացումը` Ջավախքում հայապահպանության հարցում:



Հիշեցնենք, որ մեկ տարի առաջ այս օրերին տեղի ունեցավ տուն-թանգարանի հիմնարկեքի արարողությունը:



Hraparak.am-ի հետ զրույցում ՋԱՀ տնօրեն Աշոտ Հակոբյանն ասաց, որ Ջիվանու տունը մինչև թանգարան դառնալը, նախ գնվել է այնտեղ բնակվող տանտիրոջից, ապա ձեռնարկվել են արդեն տուն-թանգարանի կառուցման աշխատանքները: Դրա համար պահանջվել է շուրջ 40 հազար դոլար, որը հավաքվել է ՋԱՀ անդամ և ռուսաստանաբնակ ջավախահայ գործարարների հանգանակություններով:



Նա նշեց, որ թանգարանը բաղկացած է երկու մասից` հին տան հատվածը, որտեղ ծնվել-մեծացել է Ջիվանին, և ցուցասրահը, որտեղ ներկայացված են արխիվային լուսանկարներ, փաստաթղթեր: Բայց դեռ անավարտ աշխատանքներ կան հին տան հատվածում:



Հնությունն ամբողջությամբ պահպանվելու է, բայց այնտեղ տանիքի ամրացման աշխատանքներ կան, և մենք այսօր արդեն աշխատանքների երկրորդ փուլի սկիզբն ենք տալու",-ասաց Աշոտ Հակոբյանը:



Մեր հարցին, թե Ջիվանու տուն-թանգարանի բացումը որքանով կաշխուժացնի մշակութային կյանքը հայաբնակ Ջավախքում, պարոն Հակոբյանն ասաց. «Ուրեմն ոչ միայն մշակութային կյանքի առումով, այլև հայապահպանության առումով սա կարևորագույն քայլ էր, որովհետև մշտապես այցելություններ են լինելու Հայաստանից, Վրաստանի տարվեր համայնքներից, Ռուսաստանից: Այն կարծես օազիս դարձավ այս գյուղի մեջ»:



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ