Օսկարացավ կամ ողբերգության վրա սարքված սպեկուլյացիա…

Օսկարացավ կամ ողբերգության վրա սարքված սպեկուլյացիա…

Նախ, հենց սկզբից ասեմ, որ խրախուսելի էր, երբ Հայկական ազգային կինոակադեմիան «Օսկարի» մրցանակաբաշխությանը ներկայացվող ֆիլմի փակ-գաղտնի քվեարկությունն առաջին անգամ բացահայտ արեց` մամուլի ներկայացուցիչների ներկայությամբ:



Նախապես նշեմ, որ ներկայացված երեք` «Տաք երկիր, ցուրտ ձմեռ», «Երկրաշարժ», «Վերջին բնակիչը» ֆիլմերից, կարծում եմ, որոշ վերապահումներով, արժանին «Տաք երկիր, ցուրտ ձմեռ» կինոնկարն էր, որն առաջին փուլում երեք ձայն ստացավ: Սա արդեն մի ուրիշ խնդիր է, մեզանում լայն տարածում գտած հաշվենկատության, իմն ու քոնն անելու, սկզբունքայնությանը դեմ գնալու ցավ է: Այդ ֆիլմը տասը տարում է ստեղծվել, թե քսան, դա չէ էականը, այլ այն, որ, թերություններով հանդերձ, նկարահանվել է կինոլեզվի բարձր կուլտուրայով եւ վերջին տարիների մեր ձեռքբերումներից է: 



Երկրորդ․ էս օսկարացավը, որ մեզ է պատել, անպտուղ մի բան է, նույնիսկ՝ զավեշտալի: Ինչ խոսք, ոմանց համար դա պարզապես սրան-նրան զարմացնելու, ոմանց աչքերին թոզ փչելու, դեսուդեն թմբկահարելու, դե, երբեմն էլ հարմար պատրվակ՝ կլորիկ գումար պոկելու համար: Սակայն տարօրինակն այն է, որ վերջնական արդյունքում մեր ընտրած ֆիլմերն «Օսկարի» մրցանակաբաշխության նույնիսկ առաջին հիմնական գիծը չեն հատում:



Խորհրդային տարիներին Կաննի կինոփառատոնով էինք զարմացնում, հիմա էլ` «Օսկարով»: Ի դեպ, «Օսկարի» ամբողջ ընթացակարգը քաղաքականություն է՝ քաղաքականության մեջ, դա անըմբռնելի առանձին մի կինոպետություն է: Եվ բոլորովին էլ ամոթ չէ, որ բարձրարժեք կինոնկար չունենալու պարագայում Հայաստանը ֆիլմ չներկայացնի: Ամոթը ներկայացնելն ու հետագա էտապները չհաղթահարելն է: Իսկ «Երկրաշարժ» ֆիլմի կապակցությամբ` մի փոքր անդրադարձ: «Երկրաշարժը» ես կինոյից չէ, որ պիտի պատկերացնեմ: Ավերիչ երկրաշարժի առաջին իսկ օրվանից դրա պատճառած ողբուցավը ես իմ մաշկի վրա եմ զգացել, որովհետեւ երկրաշարժի էպիկենտրոն Սպիտակն իմ ծննդավայրն է: Առաջին օրվանից սկսած` մի քանի տարի շարունակ աղետի գոտուց Երեւան չեմ վերադարձել:



Այդ օրերին, ամիսներին ոչ միայն Սպիտակը, Լենինականը, Կիրովականը, այլեւ ամբողջ Հայաստանը մոլորակի համար դարձել էր գթության ու բարության էպիկենտրոն: Ղարաբաղյան շարժման ամենաթեժ պահին Հայաստանի հյուսիսային ամբողջ շրջանների ավերվելն անգամ չկարողացավ ջարդել ու կոտրել մեր ժողովրդի անսահման կամքն ու ազատության տենչը: Ֆիլմում ոչ մի ակնարկ այս մասին: Երկրաշարժի առաջին իսկ օրերին (կինոնկարը երկրաշարժի առաջին մի քանի օրերն է ներկայացնում) շրջափակման մեջ գտնվող Ստեփանակերտից բեռնատար մի մեքենայի վարորդ, կյանքը վտանգելով, Լաչինից փախս տալով, օգնություն էր բերել Սպիտակ:



Իսկ ֆիլմում՝ առաջին իսկ օրը լենինականցի վարսավիրը մահացած իր հաճախորդի ժամացույցն է թռցնում, եւ այս գիծը հետագայում ամբողջ ֆիլմում, որպես լեյտմոտիվ, շարունակվում եւ զարգանում է: Ամբողջ աշխարհը ցնցված էր՝ երկրաշարժերի պատմության մեջ հազվադեպ երեւույթ էր, որ Հայաստանում այդ առաջին օրերին գողության, կողոպուտի ու դիակապտության դեպքեր չեն գրանցվել: Ավելին, բանկերի փլատակներից ժողովուրդը բացված չհրկիզվող պահարաններից թափված փողերն ու ոսկեղենն էր պետությանը հանձնում: Էլ չեմ խոսում այն մասին, որ հրաշքով փրկվածներից մեկը Սպիտակի ալրաղաց կոմբինատի բակում Գորբաչովին հարցրեց, թե ինչպես պիտի լուծվի Ղարաբաղի հարցը: Նա այդ հարցադրումից ուղղակի ցնցվեց ու ափերից դուրս եկավ: Գորբաչովի մտքով անգամ չէր կարող անցնել, որ այսքան արհավիրքից ու ողբերգությունից հետո նորից Ղարաբաղի հարց կարող էր բարձրացվել, այն էլ որտե՞ղ` հենց երկրաշարժի էպիկենտրոնում` Սպիտակում: Էլ ի՞նչ «Օսկարի» ներկայացվելիք ֆիլմ, որ նման դետալներից ու շտրիխներից պիտի խուսափի: Դրա փոխարեն ֆիլմում կողոպտիչների մի ամբողջ ոհմակի դիակապտությունների ու դանակահարությունների դրվագներ ենք տեսնում: Ամոթ է, ամոթ, բավական է մեր ձեռքով եւ օտարազգի թելադրողների կամքով չորս կողմից մեր ժողովրդին անարդարացիորեն վարկաբեկենք:
Երկրաշարժի օրերին աշխարհն ապշել էր մեր տոկունության, դիմադրողականության, հայի տեսակի վրա:



Սպիտակում շվեյցարացիները նույնիսկ ուսումնասիրության կենտրոն էին ստեղծել, թե էս ի՞նչ ժողովուրդ է, որ այսքան ցավին դիմակայում է, թե էս ի՞նչ ազգ է, որ տասնյակ հազարավոր որբ երեխաներ ունի, բայց որդեգրել տալու երեխա չունի: Հայաստան աշխարհը, շանթարգելի նման, կարծես մոլորակի ցավն իր վրա էր վերցրել: Այսքանից հետո «Երկրաշարժ» ֆիլմը, մեղմ ասած, մեր ժողովրդի կերպարը խեղաթյուրող, նրա ողբերգության վրա սարքած, գրաֆիկայով, անիմացիայով լաքապատված սպեկուլյացիա է: Մնացածը թողնում եմ Կինոակադեմիայի այն ինն անդամների խղճին, որոնք երկրորդ փուլի ժամանակ իրենց ձայնը տվեցին «Երկրաշարժ» ֆիլմին:



Ռոբերտ ՄԱԹՈՍՅԱՆ