Եվրամիությունը ՀՀ գյուղատնտեսությանը կտրամադրի 10 միլիոն եվրո գումար

Եվրամիությունը ՀՀ գյուղատնտեսությանը կտրամադրի 10 միլիոն եվրո գումար

Այսօր Անգլիական այգում մեկնարկեց «Գյուղական կյանքի եւ ավանդույթների ամենամյա փառատոնը», որին մասնակցում էին ավելի քան 100 ֆերմերային խմբեր, գյուղատնտեսության ոլորտի ձեռներեցներ եւ ստեղծագործ կանանց խմբեր՝ Հայաստանի բոլոր մարզերից եւ Վրաստանից: Փառատոնի մասնակիցներին ողջունելու եւ շնորհավորական խոսք ասելու էին եկել փառատոնի հիմնադիր «Կանաչ Արահետ» ՀԿ-ի նախագահ Նունե Սարուխանյանը, ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Արմեն Հարությունյանը, Երեւանի փոխքաղաքապետը, Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին, Ջոն եւ Էլլա Բարկերնեը եւ այլք։ Պյոտր Սվիտալսկին, ողջունելով ներկաներին, նշեց, որ գյուղատնտեսությունը Հայաստանի պայծառ ապագայի գրավականն է եւ տնտեսության զարգացման շարժիչ ուժը։ «Թույլ տվեք ասել, որ մենք 20 միլիոն եվրո նախատեսել ենք տրամադրել Հայաստանի գյուղատնեսության օգնությանը,- ասաց Սվիտալսկին, ապա հավելեց,-օրերս ես ստորագրեցի եւս 7 միլիոնի ծրագիր»։ Սվիտալսկիի խոսքով՝ «Ավստրիական զարգացման գործակալության» հետ համատեղ, իրենք իրականացնում են օրգանական գյուղատնտեսության զարգացման ծրագիր, որի ծախսերը հասնում են 3 միլիոնի։ «Հաջորդ տարի մենք սկսելու ենք նոր նախագիծ՝ օգնելու Արարատի եւ Արմավիրի մարզերին՝ ծախսելով 10 միլիոն եվրո գումար»։ «Հայաստանը եւ հայ ֆերմերը արժանի են այն աջակցությանը, որին ձեռնամուխ է լինում Եվրամիությունը»,- եզրափակեց խոսքը Եվրամիության պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին։ Փառատոնն ուղեկցվում էր ավանդական համերգային ծրագրով՝ ժողովրդական անվանի երգիչների, երաժիշտների ու մշակութային խմբերի մասնակցությամբ։ Նշենք նաեւ, որ ծրագիրն իրականացվում է «Կանաչ արահետ» ՀԿ-ի, ՀՀ գյուղատնտեսության նախարարության եւ Երեւանի քաղաքապետարանի աջակցությամբ։



Մանրամասները՝ տեսանյութում
Նարե Գեւորգյան