Արփինե Հովհաննիսյանը կմնա նախարար, այնուհետեւ կգնա ԱԺ

Արփինե Հովհաննիսյանը կմնա նախարար, այնուհետեւ կգնա ԱԺ

Մեր տեղեկություններով` Հովիկ Աբրահամյանը Սերժ Սարգսյանին ու Կարեն Կարապետյանին հատուկ խնդրել է Արփինե Հովհաննիսյանի պաշտոնավարման համար: Ըստ էության` մեկ տարվա պաշտոնավարման ընթացքում Արփինե Հովհաննիսյանը լուրջ «պռավալներ» չի ունեցել, միշտ իշխանության գծի մեջ. որտեղ պետք է եղել իրավական ծանր հրետանի, նրան են գործուղել երկար, բարակ, խուճուճ ելույթներ ունենալու, ընդդիմախոսներին դիմակայելու: Ճիշտ է` այնպես չէ, որ Արփինե Հովհաննիսյանով արդարադատությունը վերականգնվեց երկրում, այդպես չէր էլ կարող լիներ, բայց կարեւորը` լուրջ սկանդալներ չեղան: Նրա հետ կապված միակ վերապահումը Արգամիչի կադր լինելն է:
Սակայն այժմ, հաշվի առնելով թիմակից Արգամիչի խնդրանքը, Արփինեի պաշտոնավարման մեկ տարին եւ համակարգը ցնցումների չենթարկելու, մի քանի ամսվա համար նոր նախարար չնշանակելու հանգամանքը` որոշել են նրան վերանշանակել այդ պաշտոնին:
Իշխանական մեր աղբյուրի պնդմամբ` Արփինե Հովհաննիսյանը կշարունակի պաշտոնավարել մինչեւ 2017թ խորհրդարանական ընտրություններ, այնուհետեւ կվերադառնա ԱԺ` օրենսդիրի գործունեությանը:



Ի դեպ, Արփինե Հովհաննիսյանի նախարար վերանշանակվելու մասին է խոսում նաեւ այն հանգամանքը, որ վարչապետի հրամանով` վերջինս նշանակվել է Ազգային ժողովում «Հայաստանի Հանրապետության կառավարության կառուցվածքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը քննարկելիս Հայաստանի Հանրապետության կառավարության պաշտոնական ներկայացուցիչ: