Հայ եկեղեցին նշում է Վարագա Սուրբ Խաչի տոնը

Հայ եկեղեցին նշում է Վարագա Սուրբ Խաչի տոնը

Հայ Առաքելական եկեղեցին այսօր նշում է Վարագա Սուրբ Խաչի տոնը: Քրիստոնեական բոլոր եկեղեցիներն ամեն տարի մեծ հանդիսավորությամբ նշում են Խաչին նվիրված տոները: Բայց ի տարբերություն մյուս եկեղեցիների, Հայ Եկեղեցին ունի նաեւ Խաչին նվիրված զուտ ազգային մի տոն, որը հայտնի է Վարագա Սուրբ Խաչ անունով: Այն միշտ տոնում են Խաչվերացից երկու շաբաթ հետո, այսինքն` սեպտեմբերի 25-ից մինչեւ հոկտեմբերի 1-ը հանդիպող կիրակի օրը:



Ագաթանգեղոս պատմիչի վկայության համաձայն՝ Հռիփսիմյանց կույսերը, փախչելով Դիոկղետիոնոս կայսեր հալածանքներից ու հետապնդումներից, գալիս են Հայաստան եւ ապաստանում Վաղարշապատի հնձաններում: Սակայն մինչեւ Վաղարշապատ հասնելը, նրանք բնակություն են հաստատում Վանա լճից հարավ-արեւելք ընկած Վարագա լեռան վրա: Սբ. Հռիփսիմեն իր կրծքին կախած Տիրոջ խաչափայտի սրբազան մասունքն ապահովության համար հանձնում է աղոթող ճգնավորներին եւ խնդրում, որ պահեն այն քարայրներից մեկում: Սուրբ մասունքն այդպես պահված մնում է մինչեւ 7-րդ դարը: 653 թվականին, երբ Թոդիկ ճգնավորն իր Հովել աշակերտի հետ աղոթում էր Վարագա լեռան վրա եւ խնդրում, որ Աստված ողորմություն անի եւ ցույց տա Սբ. Խաչի տեղը, հանկարծ 12 լուսեղեն սյուներ են երեւում լեռան շուրջը, իսկ նրանց միջեւ փայլում է լուսավոր Խաչի նշանը, որն իրենց հետ Հայոց աշխարհ էին բերել Տիրոջ սիրասուն կույսերը: 12 օր շարունակ լուսեղեն սյուները տեսանելի են լինում նաեւ հեռավոր վայրերից: Ուրախալի այս լուրը տարածվում է ամենուր:



Ներսես Շինող Կաթողիկոսը եւ Թեոդորոս իշխանի որդի Վարդ սպարապետն իմանալով այդ մասին, գնում են Վարագա լեռը՝ տեսնելու կատարված հրաշքը: Վեհափառ հայրապետը ժողովրդի աջակցությամբ կառուցում է նաեւ մի փառավոր եկեղեցի, որն էլ ի վկայություն կատարված հրաշքի՝ անվանում է Սբ. Նշան: Ներսես Հայրապետը գրում է նաեւ «Նշանաւ ամենայաղթ» անզուգական շարականը, որը երգում են տոնի օրը:



Սրբազան այդ մասունքը մինչեւ 1021 թվականը մնում է Վարագա վանքում, որը Սենեքերիմ Արծրունին տեղափոխում է Սեբաստիա: Նրա մահից հետո մասունքը նորից փոխադրում են նախկին վայրը, որտեղից 1651 թվականին գերեվարվում է Խոշաբ: Սակայն 1655 թվականին ազատվելով՝ զետեղվում է Վանի Սբ. Տիրամոր եկեղեցում, որն այնուհետեւ վերանվանվում է Սբ. Նշան, ուր եւ պահվում էր մինչեւ 1915 թվականը: Այս մասին տեղեկացնում է Qahana.am-ը։