«Կոչումով բժիշկ» նախագծի 25-րդ թողարկումը նվիրված է Ավագյանների բժշկական գերդաստանին

«Կոչումով բժիշկ» նախագծի 25-րդ թողարկումը նվիրված է Ավագյանների բժշկական գերդաստանին

Ավագյան ընտանիքի բժշկական գիծը սկիզբ է առնում Մկրտիչ Սաղաթելի Ավագյանից, ով երկար տարիներ ղեկավարել է մեր երկրի դեղատնային գլխավոր վարչությունը:



«Թե՛ հորս, թե՛ մորս կողմից պապիկներս բժիշկներ են եղել: Եվ մորս` Շաքե Փափազյանի և հորս` Նորայր Ավագյանի ամուսնությամբ, փաստորեն երկու բժշկական ճյուղեր են միավորվել», - ընտանիքի պատմությունը ներկայացնելիս նշում է բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ, Ռուսաստանի բժշկա-տեխնիկական գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, Ռուսաստանի բնական գիտությունների ակադեմիայի պատվավոր պրոֆեսոր Մկրտիչ Նորայրի Ավագյանը:



Նրա գնահատմամբ` երբ Խորհրդային Միության տարիներին ընտանիքներիում հատկապես բժշկական սերունդների ձևավորումն այնքան էլ խրախուսելի չէր, իրենց հաջողվեց շարունակել արդեն անվանի բժիշկների սկիզբ դրած լավագույն ավանդույթները:



Դժվար է հաշվարկել Ավագյաններ-Փափազյաններ մեծ գերդաստանի բժիշկների հստակ թիվը: Բժշկական բազմաթիվ ճյուղերը կենտրոնանում են եղբայրներ Գագիկ և Մկրտիչ Ավագյանների և նրանց երեխաների շուրջ: Ավագ և կրտսեր Ավագյանները նյարդաբաններ են: Գագիկ և Գեորգի Ավագյանները մասնագիտացած են էպիլեպտոլոգիայի, իսկ Մկրտիչ և Վահան Ավագյանները` վերտեբրոլոգիայի (ողնաշարաբանության) ոլորտներում:



Այս բժշկական գերդաստանը չի սահմանափակվում միայն Ավագյաններ- Փափազյաններ ազգանուններով: Բժիշկ է նաև Գագիկ Ավագյանի կինը` բ.գ.թ. Ռուզաննա Եգանյանը, հարսը` Մարիա Ավագյանը, ինչպես նաև Վահան Ավագյանի կինը` բ.գ.թ. Լուսինե Վարդանյանը: Բժիշկ-գիտնականները ներկայացնում են ընտանիքի չորրորդ սերունը` հաջողված մասնագիտական գործունեություն ծավալելով ոչ միայն Հայաստանում, այլև հայրենիքի սահմաններից դուրս:



Նշենք, որ ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի նախաձեռնությամբ 2014թ. հունիսից մեկնարկած «Կոչումով բժիշկ» նախագծի նպատակն էր հանրության դատին հանձնել Հայաստանում և արտերկրում բնակվող հայ բժիշկների` մարդկանց ապաքինելուն, կյանքեր փրկելուն ուղղված ամենօրյա բարդ աշխատանքը, ինչպես նաև ներկայացնել հայաստանյան բժշկական գերդաստանները: