Ասել են` մինչեւ ամսի մեկը ձեր գլխի ճարը տեսեք, ուզեք-չուզեք կրճատվելու եք

Ասել են` մինչեւ ամսի մեկը ձեր գլխի ճարը տեսեք, ուզեք-չուզեք կրճատվելու եք

Այսօր «Հայփոստ» ՓԲԸ-ի Հրազդան մասնաճյուղի աշխատակիցները, ի նշան բողոքի, մինի-պիկետ են արել եւ հավաքվել Հրազդան քաղաքում գործող իրենց մասնաճյուղի առջև: Ակցիայի պատճառն այն է, որ աշխատակիցներին բանավոր ծանուցել են, որ հոկտեմբերի 1-ին «Հայփոստ»-ը որոշել է, որ Հրազդանի մասնաճյուղը պետք է փակվի և միանա Սեւանի մասնաճյուղին: Շատերը կկորցնեն իրենց աշխատանքը, իսկ ոմանց էլ առաջարկվել է գնալ Սեւանում աշխատել: Աշխատակիցները մեզ հետ զրույցում նշում էին, որ ձեռք չի տալիս գնալ Սեւան` աշխատելու, քանի որ ստացած աշխատավարձն էլ կտան ճանապարհի ծախս. «Ինձ տալիս է 70 հազար դրամ, եթե 45 հազար դրամը ճանապարհածախս տամ, 30 հազար դրամով ոնց ապրեմ: Կինս չի աշխատում, տղաս էլ բանակում ծառայում է, սահման է պահում, ես ո՞նց եմ ապրելու: 24 բաժանմունք ունենք, էսօր ոչ մեկ չի աշխատում: Բանավոր ասել են` մինչեւ ամսի մեկը ձեր գլխի ճարը տեսեք»: 



«Եթե տունը նստենք, երեխեքիս ո՞վ կպահի, իրենք իրենց գրպանները լցրել են, միլիոներ դիզել, տուժողը միայն հասարակ քաղաքացին է: Ասել են` ուզեք-չուզեք կրճատվելու եք: Խնդրանքով դիմել ենք ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին՝ հույս ունենալով, որ վարչապետի անմիջական միջամտության արդյունքում «Հայփոստ» ՓԲԸ-ի մեղքով մեծ թվով ընտանիքներ չեն արտագաղթի»,- հավելեց մեկ այլ աշխատակից: Մեր այցելության պահին «Հայփոստի» Հրազդանի մասնաճյուղը տնօրենը տեղում չէր, Երեւանում էր, աշխատակիցները ասացին, որ չեն հեռանա, կսպասեն տնօրենին: Նրանք նաեւ նշեցին, որ եթե հարցին լուծում չտան, վաղը բոլորը միասին կգնան կառավարություն:



Նելլի Կարապետյան