Թող որդուս բուժեն, հետո ուղարկեն Լեռնային Ղարաբաղ՝ ծառայության

Թող որդուս բուժեն, հետո ուղարկեն Լեռնային Ղարաբաղ՝ ծառայության

Տավուշի մարզի Աչաջուր գյուղի բնակիչ Իրինա Ցուցուլյանի որդին՝ Վանիկ Ցուցուլյանը, Արմավիրի զորամաս է զորակոչվել այս տարվա հուլիսի 3-ին։ Իր ասելով՝ որդին ունի ալերգիկ հիվանդություն։ «Երեխայիս էպիկրիզները կան, նա վեց տարեկանից տառապում է այդ հիվանդությամբ։ Երկու օր է մնացել զորամասում, դրանից հետո իմ երեխային տարել են հոսպիտալներ։ Սկզբում երեխուս տարել են Երեւանի կայազորային հոսպիտալ, մի տասն օր իբր բուժել են, բայց ինքը չի բուժվել, մարմինը վերքով էր ծածկված, հետ են տարել զորամաս։ Դրանից հետո տղայիս տարել են «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց»,- մեզ հետ զրույցում ասաց Իրինա Ցուցուլյանը։ Այստեղից էլ, ըստ մեր զրուցակցի, իր որդուն տարել են Չարբախի հավաքատեղի, որպեսզի զորակոչեն Լեռնային Ղարաբաղ։



«Շատ եմ խնդրում, որ որդուս նախ նորմալ հետազոտեն, բուժեն, հետո տանեն Լեռնային Ղարաբաղ, թող գնա ծառայի։ Իմ երեխան ուչեբկան չի ավարտել, ո՞նց են տանում Լեռնային Ղարաբաղ, չեմ հասկանում»,- մեզ հետ զրույցում ասում է Իրինա Ցուցուլյանը։ Նա ասում է, որ ինքը չունի հնարավորություններ՝ որդու բուժումը կազմակերպելու համար։
«Թող բուժեն, հետո ուղարկեն ծառայության։ Մի ճրագ ունեմ, ի՞նչ անեմ»,- ասում է աչաջուրցի կինը։



ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Վարդան Ավետիսյանը մեզնից վերցրեց Վանիկ Ցուցուլյանի տվյալները։ Նա ասաց, որ ինքն այդ մասին տեղեկացնելու է ՊՆ կազմ-զորահավաքային վարչությանը, որպեսզի ստուգեն եւ պարզեն, թե ինչ առողջական խնդիրներ ունի զորակոչիկը եւ ինչու են նրան զորակոչում Լեռնային Ղարաբաղ։



Ավելի ուշ Վարդան Ավետիսյանը մեզ տեղեկացրեց, որ նման իրավիճակներում զինծառայողին տեղափոխում են մշտական ծառայության վայր, որտեղ փորձելու են բուժել։ Եվ, ըստ նրա, եթե այնտեղ հնարավոր չլինի բուժել, ապա զորակոչիկին ներկայացնելու են ռազմաբաժշկական հանձնաժողով՝ նրան հետազոտելու եւ վերջնական որոշում կայացնելու համար։