Մեր տղան չէր կարող ինքնասպան լինել

Մեր տղան չէր կարող ինքնասպան լինել

Սեպտեմբերի 16-ին հերթական ողբերգությունն է եղել հայկական բանակում։ Ծառայակիցների զոհ է դարձել զինծառայող Նարեկ Փաթաթանյանը, որը մահացել է ԼՂՀ ՊԲ զորամասերից մեկում։ Տղան կրակել է իր գլխին։ Զինվորական քննչական վարչությունը մի շարք հանցավոր դրվագներ է բացահայտել, պարզել է, որ Նարեկից պարբերաբար գումարներ են շորթել, տղան ծառայակիցների կողմից բռնարարքների է ենթարկվել: Գործով 6 մարդ է կալանավորված, որոնց թվում կա կոչումով լեյտենանտ։ Երեկ մենք զրուցեցինք Նարեկ Փաթաթանյանի հոր հետ։ Նա վստահեցնում է, որ իր տղան չէր կարող ինքնասպանություն գործել, քանի որ չուներ պատճառներ։



«Նա շատ կայուն տղա էր, պարապած, կարատեիստ։ Նա այն տղան չէր, որին հեշտությամբ նեղեին,- պատմում է Նարեկի հայրը՝ Գառնիկ Փաթաթանյանը։- Նարեկը շախմատի մարզային չեմպիոն էր, եւ դա նրան օգնում էր յուրաքանչյուր քայլ կատարելուց առաջ երկար մտածել: Նա բազմաթիվ պատվոգրեր, գավաթներ, այլ մրցանակներ էր ստացել։ Ծառայության ընթացքում ոչ մի նկատողություն, ոչ մի թերացում չուներ։ Դժգոհ չէր ծառայությունից»։ Դեպքի նախորդ օրը Նարեկի ծննդյան օրն է եղել, եւ տղան զանգել է մորը՝ շատ լավ տրամադրությամբ։ «Անհնար է, որ մեր տղան ինքն իրեն սպաներ։ Նախապես շրջանառվում էր զենքի հետ անզգույշ վարվելու վարկածը: Դա հնարավոր է, բայց ոչ երբեք ինքնասպանությունը»,- պատմում է ծնողը։ Նա կարծում է, որ տղային, «եթե անգամ դրդեին ինքնասպանության, ապա նա նախ զենքը կուղղեր բոլոր այդ ճիվաղների վրա, նոր կգնար ինքնասպանության»:



Ի՞նչ է եղել իրականում, արդյոք տղայի մահը նրա նկատմամբ իրականացված բռնարարքների հետեւա՞նք է՝ կպարզվի նախաքննությամբ, որն ակտիվ փուլում է։



Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ