Երևանի կենդանաբանական այգում ընթացքի մեջ են վերակառուցման երկրորդ փուլի աշխատանքները (ֆոտո)

Երևանի կենդանաբանական այգում ընթացքի մեջ են վերակառուցման երկրորդ փուլի աշխատանքները (ֆոտո)

Մայրաքաղաքի զարգացման քառամյա ծրագրի շրջանակում Երևանի կենդանաբանական այգում արդեն իսկ մեկնարկել են տարածքի վերակառուցման երկրորդ փուլի աշխատանքները: Ծրագրով նախատեսված է նոր, ժամանակակից չափորոշիչներին համապատասխան ազատավանդակներ կառուցել գայլերի, արջերի, առյուծների ու թռչունների համար:



Գայլերի և արջերի ազատավանդակի կառուցման արդյունքում շուրջ 6000 քմ-ով կավելանա այգու օգտագործելի տարածքը: Այն կլինի համապատասխան դիտահարթակներով, որպեսզի այցելուների համար համապատասխան հարմարություն ստեղծվի:



Նորովի ու ինքնատիպ լուծումներով կառանձնանա նաև առյուծների ազատավանդակը: Շուրջ 3000 քմ տարածք զբաղեցնող ազատավանդակը կունենա հարակից ժայռեր ու արհեստական ջրվեժներ:



Համայնքային բյուջեի միջոցներով իրականացվող ծրագրի շրջանակում առանձնահատուկ մոտեցում է ցուցաբերվում նաև թռչունների ազատավանդակի հարցում: Կառուցվող նոր ազատավանդակը հնարավորություն կտա այցելուներին շփվելու թռչունների հետ:



Հարկ է նշել, որ Երևանի քաղաքապետի նախաձեռնությամբ 2014թ.-ից մեկնարկած այգու վերանորոգման և զարգացման ծրագրի առաջին փուլով իրականացված մեծածավալ աշխատանքների արդյունքում Երևանի կենդանաբանական այգին դարձավ լավագույնն ամբողջ տարածաշրջանում: Համալիր բարեկարգման ծրագրի շրջանակում աշխատանքներ տարվեցին բոլոր ուղղություններով՝ ենթակառուցվածքների արդիականացմանը զուգահեռ՝ այգին նորացվեց, ինչպես նաև համալրվեց նոր ազատավանդակներով: Կառուցվեցին նաև յուրօրինակ կղզի, ձիարշավարան ու հարմարավետ խաղահրապարակներ՝ այդ թվում նաև հենաշարժողական խնդիրներ ունեցող փոքրիկների համար:



Պատասխանատուների հավաստմամբ երկրորդ փուլի աշխատանքների արդյունքում ամբողջությամբ կավարտվի կենդանաբանական այգու վերակառուցման ծրագիրը, իսկ առաջիկա տարիներին այգում կիրականացվեն արդեն զարգացման տարբեր ծրագրեր:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն