Հոմոսեքսուալություն. 8 միֆ եւ հերքում

Հոմոսեքսուալություն. 8 միֆ եւ հերքում

Հայաստանը հոմոսեքսուալների նկատմամբ անհանդուրժողականությամբ առաջատար հորիզոնականներ է զբաղեցնում՝ ըստ միջազգային հետազոտությունների: Կարծում եմ՝ դրա հիմքում առաջին հերթին տգիտությունն է: Ահա վեց միֆ, որոնք տասնամյակներ շարունակ մոլեգնում են Հայաստանում, որոնք վաղուց հերքվել են առաջատար երկրների համապատասխան մասնագետների կողմից, բայց շարունակում են տեղ զբաղեցնել բնակչության լայն զանգվածներում: 



Միֆ 1. հոմոսեքսուալությունը հիվանդություն է



Իրականում, դեռ 1973-ին ԱՄՆ-ում եւ Կանադայում, իսկ 90-ականներին՝ Եվրոպայում հոգեբանական եւ հոգեբուժական ոլորտի մասնագետները պաշտոնապես ու հստակ պնդում էին, որ այն հիվանդություն չէ: Կա նաեւ այլընտրանքային վարկած, որին որոշակի կրքով հակված է, օրինակ, ռուսական հոգեբուժությունը: Հայաստանում եւս քիչ չեն ամերիկյան 70-ականներից ու եվրոպական 90-ականներից հետ մնացած հոգեբաններն ու սեքսոլոգները:



Միֆ 2. հոմոսեքսուալությունը դադարել են հիվանդություն համարել գեյ-քարոզի արդյունքում



Իրականում, բժշկության եւ հոգեբուժության ոլորտում կա մասնագետների պաշտոնական կոնսենսուս առ այն, որ հոմոսեքսուալությունը սեքսուալ օրիենտացիայի նորմալ ու դրական տարատեսակ է: Հոմոսեքսուալությունն ու բիսեքսուալությունը միանգամայն համատեղելի են նորմալ հոգեկան առողջության եւ սոցիալական ադապտացիայի հետ: Այս առիթով շատ դիպուկ է արտահայտվել սովետական եւ ռուսական սոցիոլոգ, փիլիսոփա, սեքսոլոգ Իգոր Կոնը. «Ախտորոշման հերքման հետեւում կանգնած են ոչ թե քարոզն ու քաղաքականությունը, այլ բնության, սեքսուալության, սեքսուալ առողջության ու բժշկական փիլիսոփայության ընկալման մեջ խորքային փոփոխությունները»:



Միֆ 3. հոմոսեքսուալությունը կարելի է բուժել



Իրականում, 19-րդ դարի երկրորդ կեսից մինչեւ 20-րդ դարի առաջին կեսը համոզմունք կար, որ հոմոսեքսուալությունը կարելի է ու պետք է բուժել: Բայց «բուժված մարդ» այդպես էլ ոչ մի մասնագետ, բացի էպիզոդիկ խաբեբաներից, չկարողացավ ներկայացնել: Գլխուղեղի վիրահատություններն ու հորմոնալ թերապիան արդյունք ցույց չէին տալիս, հիպնոսն ու հոգեբանական քարոզները զուտ ժամանակավոր փոփոխություն էին գրանցում եւ այն էլ՝ կապված հոգեկան տրավմաների հետ: 20-րդ դարի երկրորդ կեսին հոգեբույժների միջազգային ասոցիացիան հոմոսեքսուալությունը վերջնականապես ջնջեց հոգեկան հիվանդությունների ցուցակից: Հոմոսեքսուալությունը բուժելը նման է ձախլիկություն բուժելուն:



Միֆ 4. հոմոսեքսուալությունը վարակիչ է



Իրականում, շատերը համոզված են, որ նույնիսկ հոմոսեքսուալ կերպարներով ֆիլմ նայելը (դիտվում է որպես գեյ-քարոզ) կարող է հոմոսեքսուալության տարածում առաջացնել: Ըստ հոգեբանների՝ այսպես կարող են մտածել սեփական սեռի նկատմամբ քողարկված հակում տածող անձինք, որոնք անգիտակցորեն վստահ չեն իրենց ստաբիլ օրիենտացիայի հարցում: Հոմոսեքսուալ արկածներ ունեցող հետերոսեքսուալները, որպես կանոն, վերադառնում են իրենց համար նորմալ սեքսին: Մինչդեռ, սեքսուալ օրիենտացիան չի ենթարկվում «վերադաստիարակման»: Հոմոսեքսուալները հաճախ են ասում. «Մենք՝ գեյերս, ամբողջ կյանքում ստիպված ենք ֆիլմեր դիտել, որտեղ ակտիվորեն հետերոսեքսուալ սեր է քարոզվում, բայց դա, չգիտես ինչու, ոչ մի գրամով չի ազդում մեր օրիենտացիայի վրա: Այն ինչպես կար, այդպես էլ մնում է հոմոսեքսուալ»:



Միֆ 5. հոմոսեքսուալները ցանկանում են բոլոր տղամարդկանց անխտիր



Իրականում, հոմոսեքսուալներն ամենասեր չեն. նրանք որպես սեքսուալ օբյեկտ չեն դիտարկում բացարձակապես բոլոր տղամարդկանց ու սեռական ոտնձգություններ նրանց նկատմամբ չեն կազմակերպում: Հոմոսեքսուալ մարդիկ սիրային-սեռահոգեբանական վարքում ճիշտ նույնպիսին են, ինչպիսին հետերոսեքսուալները: Կարո՞ղ ենք պնդել, որ յուրաքանչյուր տղամարդ պատրաստ է սեքս-փորձառության կամայական կնոջ հետ՝ ծեր, տգեղ, ճարպակալած, փնթի, հարբած, ագրեսիվ։ Իհարկե ոչ: Ամեն տղամարդու սեռական նախընտրությունը, իրականում, բավականին սահմանափակ է: Նույնիսկ կատարյալ գեղեցկուհին կարող է սեքսուալ չլինել: Հոմոսեքսուալների մոտ լրիվ նույնն է. սեքսուալ-գայթակղիչ են շատ քչերը: Սեքսահոլիկները նրանց մեջ նույնքան քիչ են, որքան հետերոսեքսուալների մեջ:



Միֆ 6. գեյերը հոմոսեքսուալիզմի հետեւորդներ են



Իրականում, մեծ տարածում ունի այն թյուր կարծիքը, որ հոմոսեքսուալությունն ինչ-որ շարժում, աղանդ կամ գաղափարախոսություն է, ու այդ պատճառով էլ միջազգային «հոմոսեքսուալ» եզրի փոխարեն հայերենում ակտիվորեն շրջանառվում են «հոմոսեքսուալիստ», «հոմոսեքսուալիզմ» բառերը՝ նույնիսկ բժիշկների, հոգեբանների ու հոգեբույժների կողմից, ինչն անթույլատրելի է: Հետաքրքրական է, որ ոչ ոքի մտքով չի անցնում ասել «հետերոսեքսուալիստ»: Շատ ծնողներ ու հոգեւորականներ համոզված են, որ հոմոսեքսուալությունը վատ դաստիարակության կամ արատավոր ընտրության արդյունք է, որ հոմոսեքսուալին կարելի է բուժել, համոզել, խելքի բերել, կոտրել: Արդյունքում, այս ամենը բերում է ճակատագրական ու ընտանեկան ողբերգությունների: Հոմոսեքսուալության ծագման տարբեր պատճառներ են ներկայացվում:



*Կա վարկած, որ հոմոսեքսուալությունը փոխանցվում է ժառանգաբար՝ մայրական գծով (ինչպես հեմոֆիլիան կամ դալտոնիզմը), ըստ այդմ՝ հոմոսեքսուալությունն արմատախիլ անելը ոչ մի արդյունք չի տա, այն նույն տոկոսային թվով հանդես կգա նոր սերունդներում:



*Ըստ երկրորդ վարկածի՝ հոմոսեքսուալությունն ի ծնե երեւույթ է. սթրեսները հանգեցնում են ներարգանդային ժամանակահատվածում հորմոնների մակարդակի փոփոխության:



*Որպես երրորդ պատճառ՝ հանդես են գալիս այն իրավիճակները, որոնց արդյունքում սեռահասունացման շրջանում ոչ դասական սեքսուալ նախընտրություն է կատարվում (կախված այն օբյեկտի ընտրությունից, որի նկատմամբ ուղղված է երեխայի սեռական հետաքրքրությունը):



Միֆ 7. հոմոսեքսուալները պոտենցիալ պեդոֆիլներ են



Իրականում, սիրելով տղամարդու արտաքին ու ներքին որակները՝ շարքային հոմոսեքսուալը բոլորովին չի տարվում տղա երեխաներով. մեկը մյուսի հետ կապ չունի: Հոմոսեքսուալների մեջ պեդոֆիլների տոկոսը մոտավորապես նույնն է, ինչ հետերոսեքսուալների մոտ: Իսկ քանզի հետերոսեքսուալները քանակով շատ ավելի շատ են, հետեւաբար, նրանց մեջ պեդոֆիլների թիվն էլ անգամներով ավելին է: Հոմոսեքսուալներին՝ տղա երեխաներին դասավանդմանը մոտ չթողնելը նույնն է, ինչ հետերոսեքսուալ տղամարդկանց դասավանդում արգելելը՝ ենթադրելով, որ նրանք կարող են գայթակղել աղջիկ երեխաներին: Սա աբսուրդ է:



Միֆ 8. հոմոսեքսուալներն ուղղակիորեն ասոցացվում են ՁԻԱՀ-ի հետ



Իրականում, սրա մեջ պատմականորեն ճշմարտության տոկոս կա. ի սկզբանե Ամերիկայում ու Եվրոպայում ՁԻԱՀ-ը հենց հոմոսեքսուալների շրջանում տարածում ստացավ: Այստեղ 2 գործոն կար: Նախ, այն ժամանակ ԱՄՆ-ում ու Եվրոպայում հոմոսեքսուալների մոտ ավելի շատ էին պատահական սեռական կապերը: Եվ երկրորդ, հենց պրոմիսկուիտետային գեյ։ Ստյուարտը, որը պարբերաբար թռչում էր Աֆրիկայից Կանադա, ներմուծեց այս վարակն Ամերիկա: Բայց մեր օրերում հոմոսեքսուալները հետեւողականորեն պաշտպանվում են սեռավարակներից: Կոնկրետ Հայաստանում ՁԻԱՀ-ն ավելի ակտիվորեն տարածվում է ասեղների հետ կապված անփութությունից ու սեռական պաշտպանվածության վերաբերյալ համընդհանուր տգիտությունից, այլ ոչ կոնկրետ հոմոսեքսուալների առկայությունից:



Լյուսի ՔՈՉԱՐՅԱՆ