Սեյրան Օհանյանի պաշտոնաթողությունը եւ Վիգեն Սարգսյանի պաշտոնավարությունը

Սեյրան Օհանյանի պաշտոնաթողությունը եւ Վիգեն Սարգսյանի պաշտոնավարությունը

Հայաստանի 25-ամյա անկախության հաստատուն ավանդույթներից մեկը շուրջ մեկամսյա քաղաքական-լրատվական աժիոտաժներն են, երբ նոր վարչապետի նշանակումից հետո մինչեւ կառավարության կազմի հաստատումը երկրում ծավալվում է «ո՞վ կմնա, ո՞վ կհեռանա, ո՞վ կգա» վիկտորինան: Չգիտեմ ինչպես այլոք, բայց ինքս Կարեն Կարապետյանի` վարչապետ նշանակվելու պահից ի վեր երկու միտք եմ ունեցել: Առաջինը, որ Սերժ Սարգսյանը հայտնվել է 1996-ի Լեւոն Տեր-Պետրոսյանի իրավիճակում, սպառել է պաշտոնավարման քաղաքական եւ վստահության ռեսուրսները, եւ Կարեն Կարապետյանի նշանակումը նման է 1996-ին դեսպան Արմեն Սարգսյանի կամ Ռոբերտ Քոչարյանի՝ ՀՀ վարչապետի պաշտոնում նշանակմանը: Երկրորդ. ըստ իս, ընտրություններից մի քանի ամիս առաջ կառավարության փոփոխություն նախաձեռնելը, ինչ փաթեթավորմամբ էլ մատուցվի, զգալի չափով պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին հեռացնելու համար էր: 



Կառավարության կազմավորման ողջ ընթացքում ինքս Հայաստանում չէի, Միացյալ Նահանգներում էի: ԱՄՆ-ից Հայաստան վերադարձա հոկտեմբերի 2-3-ին, երբ կառավարության կազմավորումն ավարտվեց, եւ, ինչպես համոզված էի, Օհանյանը թողեց պաշտպանության նախարարի պաշտոնը: Այլ հարց, որ այդ պաշտոնում նշանակվեց ոչ թե Պնախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը, ինչպես ենթադրում էի, այլ Վիգեն Սարգսյանը: Հետեւաբար, կարծում եմ, կարող եմ գրել, թե ինչու էի այդքան համոզված, որ Սեյրան Օհանյանը թողնելու է Պնախարարի պաշտոնը եւ ինչ եմ մտածում Վիգեն Սարգսյանի նշանակման մասին:



Իմիջիայլոց, կառավարության կազմում երկրորդ պաշտոնն էլ, որի կապակցությամբ տեսակետ ու համոզմունք եմ ունեցել, ԱԳ նախարարի պաշտոնում պրն. Նալբանդյանի վերանշանակումն էր: Վերջնահաշվում աշխարհը Հայաստանում ընդամենը երկու մարդու հետ է խոսում` Էդվարդ Նալբանդյանի եւ Դավիթ Տոնոյանի: Նալբանդյանի մնալու եւ Սեյրան Օհանյանի հեռանալու հիմնական պատճառն էլ, ըստ իս, նույն արտաքին աշխարհի հետ հարաբերությունների հարթությունում էր, աշխարհի եւ հատկապես Արեւմուտքի կողմից առաջինի ընդունվելու եւ երկրորդի բացարձակ չընդունվելու հանգամանքում: Չգիտեմ՝ Օհանյանի բոյկոտն ինչու եւ ինչպես էր սկսվել, բայց 2014թ. նոյեմբերին Օհանյանի` ՆԱՏՕ-ի կենտրոնակայան կատարած այցից, գլխավոր քարտուղարի տեղակալ Վերշբոուի եւ Եվրոպայում ՆԱՏՕ-ի զորքերի հրամանատար Բրիդլավի հետ հանդիպումներից շատ չանցած՝ այդ բոյկոտը դարձավ միանգամայն տեսանելի, ընդհուպ այն աստիճան, որ ՊՆ համարյա բոլոր պատվիրակությունների այցերն Արեւմուտք գլխավորում էր Դավիթ Տոնոյանը, նույնիսկ հանդիպումները, որոնք պաշտպանության նախարարների մակարդակով էին:



Ապրիլյան էսկալացիան էլ ղարաբաղաադրբեջանական սահմանին ծայրակետ էր, երբ ԱՄՆ-ում գտնվող Էդվարդ Նալբանդյանն էր զանգահարել ՌԴ` տեսնելու, թե ինչ է կատարվում սահմանին: Մնում է եզրակացությունը, որ ՊՆ-ում չկար մեկը, որը կարող էր հեռախոսի ընկալուչ վերցնել, զանգահարել, եւ իրեն պատասխանող լիներ: Երեւան հասնելուց հետո էլ ՀՀ-ում հավատարմագրված դիվանագետներին ընդունում, պարզաբանումներ էր տալիս Դավիթ Տոնոյանը, մնացյալ աշխարհի եւ պաշտոնյաների հետ էլ խոսում էր Նալբանդյանը: Կույրն էլ կտեսներ, որ Սեյրան Օհանյանի հետ աշխարհը չէր խոսում, իսկ նման իրավիճակը չէր կարող երկար շարունակվել, նույնիսկ եթե բանակի ապրիլյան էսկալացիայի ընթացքում հարյուր զոհ չլիներ, եւ ՀՀ ԶՈւ ապշեցնող կոռումպացվածության եւ անպատրաստության մակարդակը չբացահայտվեր: Այդքանով էլ Օհանյանի հեռանալն (հնարավոր է՝ նույնիսկ ստիպողաբար հեռացնելը) անխուսափելի



էր:
Գալով Վիգեն Սարգսյանին, կարծում եմ՝ նա նշանակվել է նախարար, որովհետեւ Դավիթ Տոնոյանի նշանակման համար խոչընդոտներ են եղել: Վիգեն Սարգսյանը, թվում է, միջանկյալ լուծում է, բայց ներկա պահի համար ճիշտ եւ արդիական: Իհարկե, նա բանակի հետ առնչություն չունի, անգամ զինված ուժերում չի ծառայել, ոչ էլ մարտական ուղի է անցել, որ հեղինակություն ունենա, ոչ էլ քաղաքական ճանաչում կամ կշիռ ունի եւ այլն, եւ այլն, չվերջացող մինուսներ… բայց ներկա պահին Վիգեն Սարգսյանն ունի գոնե երկու որոշիչ դրական առավելություն:



Առաջին. ոչ ոք նրան չի մեղադրում եւ չի կապում կաշառակերության ու կոռումպացված սխեմաների հետ, ինչն արդեն մեծ առավելություն է: Երկրորդ. նա կարող է աշխարհի հետ շփվել: Իհարկե, ոչ այն մակարդակում, ինչ տարիներ շարունակ ՆԱՏՕ-ում Հայաստանը ներկայացրած Դավիթ Տոնոյանը, բայցեւ շատ ավելի հաջող, քան Սեյրան Օհանյանը:



Արդյունքում Վիգեն Սարգսյանը մի կողմից կարող է պայքարել բանակի կոռումպացվածության եւ կաշառակերության դեմ, մյուս կողմից վերացնել ՀՀ պաշտպանության նախարարի միջազգային մեկուսացումը: Ի վերջո, ԱԳ նախարարը եւ Պնախարարի առաջին տեղակալը չէին կարող անվերջ պաշտպանության նախարարի փոխարինել միջազգային ասպարեզում, ինչն այսպես թե այնպես արել են արդեն երկու տարի:



Լուսինե ՊԵՏՐՈՍՅԱՆ