Ամերիկյան շրջագայություններ. Վաշինգտոն

Ամերիկյան շրջագայություններ. Վաշինգտոն

Ամերիկայի Միացյալ Նահանգներ… թվում է՝ Հայաստանում ի՞նչ կարելի է գրել ԱՄՆ-ի մասին, որ ընթերցողին հայտնի չլինի, երբ ամեն հայ գոնե մի ազգական, ընկեր կամ ծանոթ ունի ԱՄՆ-ում: Նաեւ ի՞նչ կարելի է գրել մի երկրի մասին, որ ամեն պահի միջազգային լրատվահոսքում է, դիցուք, այս տողերը գրելու պահին Դոնալդ Թրամփի` 2005-ի Access Hollywood-ի տեսանյութում արած արտահայտությունների առիթով կամ Պետդեպարտամենտի կողմից Մոսկվային պատերազմական հանցագործությունների մեջ մեղադրելու հանգամանքի: 



Սակայն՝ ոչ: Երեւանից որքան էլ ԱՄՆ-ն ծանոթ թվա Կալիֆորնիայի հայկական գաղութի կամ Վաշինգտոնի միջազգային խմբավարության պրիզմայով, այդ երկու դրսեւորումների միջեւ տարածվում է անծայրածիր մի երկիր` 50 նահանգներով, 4 ժամային գոտիներով, 9,8 միլիոն քառ. կմ տարածությամբ եւ 324 միլիոն բնակչությամբ: Ի դեպ, վերջին երկու ցուցանիշներով ԱՄՆ-ն երրորդ երկիրն է աշխարհում: Բազմաթիվ այլ ցուցանիշներով` բյուջե, տնտեսություն, ռազմական հզորություն, գիտություն` անվիճարկելիորեն առաջինը:
ԱՄՆ պետքարտուղարության հանրային կապերի բյուրոն, որի հրավերով ինքս աշխարհի 23 երկրներից ընտրված լրագրողների խմբում երկու շաբաթ շրջագայում էի ԱՄՆ-ում, այցելության մի ծրագիր էր կազմել (Վաշինգտոն, Վիրջինիա, Կոլորադո), որով զգալիորեն անծանոթ ու առօրյա ԱՄՆ-ի հետ էիր շփվում, ինչ մասին էլ գրում եմ:



Իմ պետքարտուղարությունն ընկերուհիս է



Ամռանը, օգոստոսի սկզբներին մի օր, Հայաստանում ԱՄՆ դեսպանատնից զանգ եմ ստանում` հանրային կապերի բաժնից: Ասում են, որ Պետքարտուղարության Foreign Press Centers-ը (Արտերկրի մամուլի կենտրոններ) լրագրողական շրջագայություն է կազմակերպում ԱՄՆ, սեպտեմբերին է լինելու, Հայաստանից դեսպանատունը կարող է մի լրագրողի թեկնածություն տալ, ցանկանում են տալ իմ թեկնածությունը, համաձա՞յն եմ արդյոք եւ եթե ընտրվեմ (ընտրությունը կատարվելու է Վաշինգտոնում), կարո՞ղ եմ սեպտեմբերին մեկնել ԱՄՆ: Բնականաբար, շնորհակալություն հայտնեցի, ասացի, որ համաձայն եմ եւ հաճույքով կմեկնեմ, մանավանդ՝ ԱՄՆ-ում չեմ եղել:



Հրաշալի է, եթե երկրից ընդամենը մի լրագրողի թեկնածություն է տրվում, եւ այդ մեկը դու ես, բայց աշխարհում 150-200 երկիր կա, հետեւաբար՝ այդքան էլ թեկնածու, մինչդեռ Վաշինգտոնում ընտրելու են երեւի 10-20-ին: Օգոստոսի կեսերին Վաշինգտոնում կատարված ընտրության արդյունքները հայտնվեցին դեսպանատներին, ընտրել էին 23 հոգու, նրանց թվում՝ ինձ: Ընդ որում, մեզ աշխարհագրորեն ամենամոտ երկրները, որտեղից լրագրողներ էին ընտրել, Բուլղարիան եւ Չեխիան էին, այնուհետ` Ալբանիան, Թունիսը: Երկու հոգի կային նաեւ Պարսից ծոցի երկրներից` Բահրեյն, Քուվեյթ, եւս երկու հոգի Եվրոպայից` Լիտվա, Բելառուս, մնացյալը Հեռավոր Արեւելքից էին, Աֆրիկայից եւ Լատինական Ամերիկայից:



Ընտրվելուց շատ չանցած՝ ստացա շրջագայության նախնական ծրագիրը: Այն վերնագրված էր. «Երիտասարդություն եւ քաղաքականություն»՝ ինքնաբերաբար, նվիրված լինելով քաղաքականության մեջ երիտասարդության դերին` ԱՄՆ նախագահական ընտրարշավի համատեքստում: Սակայն ծրագրի ոչ նախնական, ոչ էլ վերջնական տարբերակից չէի պատկերացնի, թե այն կարող է լինել այնքան անսպասելի եւ հետաքրքիր, որքան իրականում եղավ Վաշինգտոնում, Շարլոտվիլում եւ Կոլորադոյի քաղաքներում` ներառյալ Ռազմաօդային ուժերի ակադեմիան եւ Դենվերի ընտրողների կենտրոնը (Denver Voters’ Center): Այս վերջինն ուղղակի այլ մոլորակ էր. հավատացնում եմ, ամերիկյան քվեարկության ու քվեների հաշվման համակարգի համեմատ Հայաստանի ընտրությունները, Ընտրական օրենսգիրքը, ԿԸՀ-ն անգամ քարի դար չեն, պալեոլիթ-մեզոլիթի ժամանակների բրածո են: Այդ համակարգի մասին կգրեմ, բայց առայժմ՝ շրջագայությունը:



ԱՄՆ մեկնեցի Վիեննայից, մոտ 10 ժամ տեւող ուղիղ թռիչքով վայրէջքը Վաշինգտոնի Dulles միջազգային օդանավակայանում էր: Ցանկացած երկրից առաջին տպավորությունը, մանավանդ երբ ժամանել ես օդանավով, անձնագրերն ստուգող տեսուչներից է: Սովորաբար բարեկիրթ, բայց ուղեւորների չընդհատվող հոսքից տեսանելիորեն հոգնած տեսուչներ են լինում, մինչդեռ Dulles-ում կարծես տարբեր էր: Իմ հերթն էր, մոտեցա ազատ տեսուչին` երիտասարդ տղամարդ էր, բարեւեցի, հանձնեցի անձնագիրս: Ինքն էլ բարեւեց` ինչպե՞ս եք, ինչպե՞ս անցավ թռիչքը, եւ անձնագիրս թերթելով, սովորական հարցը տվեց` ի՞նչ կապակցությամբ եք երկիր ժամանել:



Պատասխանում եմ, որ լրագրող եմ, եկել եմ Ձեր Պետքարտուղարության հրավերով (on invitation of your State Department): Արձագանքում է. «Դե, ինչ-որ առումով ճիշտ եք ասում` your state department, բայց դա երկրի պետքարտուղարությունն է, իմը չէ: Իմ պետքարտուղարությունն ընկերուհիս է…։ (My state department is my girl-friend): Վատ բառախաղ չէր… ծիծաղում ենք, կնքում է, անցնում եմ:



Այդ տեսուչի թեթեւությունն ու ինքնավստահությունն առաջին տպավորությունն էր ԱՄՆ-ից, որ, ինչպես համոզվեցի շրջագայության օրերին, ամենահաճախ ստացվող տպավորությունն է ամերիկացիներից: Լավատես են, բարյացակամ են, կիրթ եւ շփվող: Ուրիշ էլ ի՞նչ է պետք հյուրընկալ երկրից ու ժողովրդից:



Ռեյգանի անվան, Քլինթոնի անվան, Թրամփի անվան



Այդպիսով առաջին քաղաքն ԱՄՆ-ում, ուր ժամանեցի, Վաշինգտոնն էր, եւ այն, զարմանալիորեն, եվրոպական էր: Ուղղակի Մեծ Բրիտանիայում կամ Գերմանիայում գտնվելու զգացողություն էր. արվարձանների` սուր տանիքներով, մուգ շագանակագույն աղյուսներով, կանաչ պարտեզներով առանձնատների լոնդոնյան պատկերից մինչեւ Բրյուսելի կամ Բոննի միջազգային թաղամասերի դեժավյուն, որ զգում ես District of Columbia-ի բաուհաուս ոճի բարձրահարկերի միջեւ ձգվող փողոցներում: Ի դեպ, Վաշինգտոնում չկան երկնաքերներ կամ երկաթե-ապակյա ջունգլիներ, քանի որ քաղաքի բոլոր շինությունների համար բարձրության սահմանագիծը կենտրոնական զբոսայգում` National Mall-ում գտնվող Վաշինգտոնի հուշասյունն է: Ոչ մի շենք չի կարող գերազանցել հուշասյան 170 մ բարձրությունը. դրա շնորհիվ էլ երեւի Վաշինգտոնն անսպասելի անդորրավետ, ջերմ ու եվրոպական դիմագիծ ունի, ինչի համար էլ այդ քաղաքը սիրում ես միանգամից:



Որպեսզի ԱՄՆ մայրաքաղաքի հանրածանոթ Washington DC եւ պաշտոնական District of Columbia անվանումները շփոթություն չառաջացնեն, պետք է ուղղակի հիշել, թե ինչպես է հիմնադրվել Վաշինգտոնը: 1776-ի Անկախության հռչակագրի ընդունումից եւ ԱՄՆ հիմնադրումից մի քանի տարի անց Կոնգրեսը որոշում է ընդունում ԱՄՆ նոր մայրաքաղաք եւ իշխանությունների մշտական նստավայր հաստատելու մասին: Որոշվում է, որ այն լինի Պոտոմաք գետի ափին, Վիրջինիա եւ Մերիլենդ նահանգների միջեւ: Երկու նահանգներից մոտ 180 կմ քառ. տարածք է հատկացվում նոր վարչատարածքային միավորին, որի նկատմամբ ճանաչվում է ԱՄՆ Կոնգրեսի բացառիկ իրավասությունը, այն այլեւս մաս չի կազմում ոչ մի նահանգի եւ կոչվում է District of Columbia: Հաջորդ տարի` 1791-ին, District of Columbia-ում սկսվում է նոր մայրաքաղաքի հատակագծումն ու շինարարությունը` ի պատիվ ԱՄՆ առաջին նախագահ Ջորջ Վաշինգտոնի՝ այն կոչելով Washington D.C. կամ ուղղակի Վաշինգտոն: Հետագայում քաղաքը տարածվում է դեպի Վիրջինիայի եւ Մերիլենդի նահանգներ՝ ձեւավորելով ներկայիս Washington Metropolitan Area-ն:



Վաշինգտոնի գլխավոր այցեքարտը եւ ամենաճանաչելի շինությունն աշխարհում, իհարկե, Սպիտակ տունն է` Փենսիլվանիա ավենյու 1600 հասցեում, բայց, ինչպես «հայտնագործեցի» Փենսիլվանիա ավենյուում փոքր-ինչ զբոսնելիս եւ գրեթե պալատական շքեղության մի քանի շինությունները դիտելիս, Սպիտակ տունն ԱՄՆ նախագահների հետ կապվող միակ շինությունը չէ այդ պողոտայում: Փենսիլվանիա 1350 հասցեում District of Columbia-ի օրենսդիր ու գործադիր իշխանությունների նստավայրն է` Wilson Building-ը, որը թեեւ սխալմամբ, բայց ինքնաբերաբար ասոցացնում ես Վուդրո Վիլսոնի անվան հետ: Հաջորդը Փենսիլվանիա ավենյու 1300 հասցեն է եւ Reagan Building-ը, որն այդպես է կոչվում ի պատիվ նախագահ Ռոնալդ Ռեյգանի: Այնուհետեւ Clinton Building-ն է՝ ի պատիվ նախագահ Ուիլյամ (Բիլ) Քլինթոնի: Երբ արդեն իներցիայով հաջորդ շինության համար ակնկալում ես մի այլ նախագահի անուն, իրականում ի՞նչ ես կարդում…. Trump International Hotel:



ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի անշարժ գույքի կայսրությանը մաս կազմող այս նոր հյուրանոցը վերջերս է դռները բացել եւ, ինչպես Թրամփն է հավատացրել` նախատեսված շինարարական ժամկետներից մեկ տարի շուտ: Դժվար է հավատալ, թե նման շտապողականության պատճառը սնոտիապաշտությունը չէ` Reagan Building, Clinton Building, հաջորդը` Trump Building. նույն հերթականությամբ Սպիտակ տանը հայտնվելու հույսով կամ հավակնության բարձրաձայնումով:



Սակայն Փենսիլվանիա ավենյու 1100 հասցեում հյուրանոց կառուցելու (տվյալ դեպքում՝ փոստային դեպարտամենտի նախկին շենքը հյուրանոցի վերածելու) եւ իբրեւ նախագահ Սպիտակ տուն մուտք գործելու միջեւ (որքան էլ դրանց բաժանողը հազիվ մեկ մղոն տարածությունն է) ձգվում է երկիր-երկնքի հեռավորություն, որը հաղթահարելը Թրամփի ամեն կարողությունից վեր է: Հետեւաբար Թրամփը, սնոտիապաշտությունից հետո, թերեւս, շոումենի հաշվարկ է կատարել: Չի հաջողվի նախագահ ընտրվել, գոնե հաջողությամբ գովազդած կլինի իրեն ու հյուրանոցը: Զուր չի Թրամփի ընկերներից մեկն ասել. «Նա կարող է մի կերպ ապրել առանց արյան, բայց չի կարող ապրել առանց ինքնագովազդի»:



Ո՞ւր է իմ Ամերիկան



Ինչպես տեսնում եք, Վաշինգտոնում փողոցով հանգիստ զբոսնելիս էլ ընտրությունների թեման կարող է մի տեղից դիմացդ հառնել: Եվ, իհարկե, այն հարցից հետո, թե ընտրություններում ով կհաղթի, երկրորդ ամենահաճախ հնչող հարցն այն է, թե ԱՄՆ-ն ինչպես հասավ մի դրության, որ Դոնալդ Թրամփի կարգի շոումենն ու «տնաբույծ դեմագոգը», ինչպես Օբաման է բնութագրել, դառնար ԱՄՆ երկու հիմնական կուսակցություններից մեկի նախագահական թեկնածու: Շրջագայության ընթացքում՝ անվերջ խոսակցությունների ու կարծիքների հոսքում երկու-երեք խորը տեսակետ լսեցի, որոնք զգալիորեն բացատրում են հօգուտ Թրամփին տրվող ձայների մոտիվացիան: Մի կարծիքը լսեցի Վաշինգտոնում. ըստ միջազգային ճանաչման տեր սոցիոլոգ Ջոն Զոգբիի, որին հանդիպեցինք Foreign Press Center-ում, Թրամփին ձայն տալու մոտիվացիան, մանավանդ տարեց ընտրողների շրջանում, անցյալի կարոտախտն է՝ «Ո՞ւր է իմ Ամերիկան» տրամադրությունն ու այն վերադարձնելու պատրանքը:



Լուսինե ՊԵՏՐՈՍՅԱՆ