Կինոցուցադրություններ՝ սահմանամերձ գյուղերում

Կինոցուցադրություններ՝ սահմանամերձ գյուղերում

Հայաստանի ազգային կինոկենտրոնի նախաձեռնությամբ իրականացվող ավանդական ««Կինոաշուն» ազգային կինոյի ամիս» ծրագիրը, որը մեկնարկում է 7-րդ անգամ, այս տարի նվիրվում է Հայաստանի անկախության 25-ամյակին եւ կրում է «Անկախության սերունդ՝ անկախության կինո» խորագիրը։ Կինոծրագրի հիմնական նպատակը կինոյի տարածման բոլոր խողովակների ու միջոցների վերականգնումն է, որոնք անհետացան անցյալ դարի 90-ականների սկզբում, ապա նաեւ Հայաստանում արտադրված ֆիլմերի ցուցադրության բարի ավանդույթն ու մարզային կինոցանցերի հաստատումը: «Կինոաշուն-2016»-ը հանրությանն է ներկայացնելու անկախության 25 տարիներին արտադրված ամբողջ կինոֆոնդը՝ խաղարկային, վավերագրական, անիմացիոն ֆիլմեր, այդ թվում՝ համատեղ արտադրության։ Այս տարի, Անկախության 25-ամյակի առթիվ, «Կինոաշունը» լայն ու համապարփակ կինոշարք է պատրաստել Հայաստանի սահմանամերձ ու հեռավոր գյուղերի (Բերդ, Այգեհովիտ, Կողբ, Կոթի, Խաչիկ, Երասխ, Ագարակ) համար: Ֆիլմերն ընտրված են հատուկ սահմանը պահողների, գյուղը շենացնողների, հայրենի հողի համար կռիվ տվողների համար: Նախատեսվում է սահմանամերձ բնակավայրերում ցուցադրություններն իրականացնել լրագրողական փոքր խմբերի ուղեկցությամբ։ Հայաստանի բոլոր մարզերում, զորամասերում, բուհերում, սահմանամերձ շրջաններում, Երեւանի բոլոր համայնքներում, կինոդահլիճներում ու զբոսայգիներում ցուցադրվելու են հետանկախության շրջանում արտադրված հայկական ֆիլմերը։ Ծրագրի շրջանակներում Երեւանի թատրոնի եւ կինոյի ինստիտուտում կանցկացվի կլոր սեղան՝ «Անկախության կինոն» թեմայով։ Տեղի կունենան հանդիպումներ հայտնի կինոգործիչների հետ, կնշվեն հոբելյաններ (Ալբերտ Յավուրյան, Դմիտրի Կեսայան եւ այլք)։