Ազգուտակով` պաշտոնյա. Գագիկ Հարությունյան (ֆոտո)
«Ազգուտակով՝ պաշտոնյա» շարքի հաջորդ հերոսը Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանն է: Նա պետք է լիներ շարքի առաջին հերոսը, քանի որ անգերազանցելի ռեկորդակիր է հարազատների պաշտոններ զբաղեցնելու առումով:
Այսպես, Գագիկ Հարությունյանի եղբայրը՝ Արզուման Հարությունյանը ԱԱԾ տնօրենի առաջին տեղակալն է: Արզուման Հարությունյանի որդին` Հայկ Հարությունյանը, ով վարչապետ Կարեն Կարապետյանի փեսան է, էներգետիկայի փոխնախարար է: Փաստորեն ոչ միայն Գագիկ Հարությունյանը կարող է հպարտանալ իր խնամիներով, այլեւ նրա եղբայրը, ում մի խնամին վարչապետն է, մյուսն էլ Քոթանյանի անվան ինստիտուտի տնօրեն Վլադիմիր Հարությունյանը:
Գագիկ Հարությունյանի քույրը՝ Շամամ Հարությունյանը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ է: Մինչ այդ նա նույն նախարարության «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության պետն էր: Գագիկ Հարությունյանի դուստրը՝ Արմինե Հարությունյանը թիվ 8 պոլիկլինիկայի գլխավոր բժիշկն է, սկեսրայրին պատկանող «Բեգլարյան բժշկական կենտրոնում» աշխատում է որպես բաժանմունքի վարիչ: Վերջերս նա հայտնվել էր սկանդալի կենտրոնում, քանի որ Գուրգեն Արսենյանի որդու հարսանիքին հարձակվել էր հայտնի վիրաբույժ Արտավազդ Սահակյանի վրա, պատճառն էլ այն էր, որ բժիշկը իր հարցազրույցներում քննադատել է այն պաշտոնյաներին, ովքեր պաշտոնները բաժանում են խնամի, սանիկ, քավոր ու նրանց երեխաներ սկզբունքով: Արմինե Հարությունյանի ամուսինը՝ Արտաշես Բեգլարյանը, ՀՀ ՊԵԿ օպերատիվ հետախուզության վարչության պետի տեղակալն է:
Գագիկ Հարությունյանի որդին՝ Արտակ Հարությունյանը ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն և կազմակերպված հանցագործությունների գործերով վարչության պետն է: Նախկինում նա զբաղեցնում էր ՀՀ ազգային անվտանգության մարմիններում կիբերհանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալի պաշտոնը: Տարիներ առաջ նա հայտնվել էր Դատավորների առաջխաղացման ցուցակներում որպես դատավոր, սակայն մեծահոգաբար հրաժարվել էր դատավորի պաշտոնից:
Գագիկ Հարությունյանի մյուս որդին՝ Էդուարդ Հարությունյանն էլ ԵՊՀ-ում է մի քանի պաշտոն զբաղեցնում, Միջազգային համագործակցության վարչության պետի տեղակալ , բաժնի վարիչ, ռեկտորի աշխատակազմի ղեկավարի տեղակալ:
Նման ներկայանալի պաշտոններ զբաղեցնելը ոչ միայն Գագիկ Հարությունյանի շնորհքն է, այլեւ նման հատընտիր խնամիներ ունենալու արդյունքը: Բանն այն է, որ Սերժ Սարգսյանի կրտսեր դուստրը ամուսնացած է Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանի զարմիկի հետ, ՍԴ նախագահը խնամիական կապեր ունի նաեւ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի եղբոր հետ, բժիշկ Կամո Տեր-Պետրոսյանի դուստրը ՍԴ նախագահի հարսն է:
Հիշեցնենք, որ «Ազգուտակով` պաշտոնյա» շարքի շրջանակներում անդրադարձել էինք ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին, փոխնախագահներ Էդուարդ Շարմազանովին ու Հերմինե Նաղդալյանին:
Հ. Գ. Ուրախ կլինենք, եթե ընթերցողները լրացնեն մեր տեղեկությունները պաշտոնյաների ընտանիքների մասին: Հնարավոր է՝ նրանց պաշտոնյա հարազատներից ոմանց մասին մենք բավարար տեղեկություններ չունենանք:
Կարծիքներ