Ամերիկյան շրջագայություններ. Դենվեր

Ամերիկյան շրջագայություններ. Դենվեր

Վաշինգտոնից եւ Շարլոտսվիլից հետո երրորդ քաղաքը, որ այցելեցինք ԱՄՆ-ում, Դենվերն էր, մեր այցելած վերջին նահանգի` Կոլորադոյի մայրաքաղաքը: Այն ավելի ամերիկյան քաղաք էր` իր քաղաքաշինական խայտաբղետությամբ. մի քանի հարյուր մետրի տարբերությամբ հանդիպում էին աղյուսե քոթեջներ, բետոնե շինություններ, 40-50 հարկանի ապակեպատ շենքեր, որոնք, սակայն, չէին ձուլվում իրար եւ չէին գոյացնում քաղաքի միասնական դիմագիծ: Այդուհանդերձ կարծում եմ՝ շրջագայության մեր ծրագրում Դենվերը ներառված էր ոչ այնքան ամերիկյան տպավորություններն ու շփումներն ընդլայնելու, որքան Թրամփի համակիրների հանդիպելու համար:



20 հոգին ահռելի բազմություն է



Քանի որ Պետքարտուղարության ծրագիրը, որով 23 երկրներից ժամանած լրագրողների մեր խումբը շրջագայում էր ԱՄՆ-ում, «Երիտասարդություն եւ քաղաքականություն» վերնագիրն էր կրում, բնականաբար, կազմակերպիչների ջանքերն ուղղվել էին, եւ ուշադրությունը կենտրոնացած էր նրան, որ հավասարակշռություն լինի ԱՄՆ նախագահի հանրապետական եւ դեմոկրատ թեկնածուների ճամբարների հետ մեր շփումների միջեւ, առնվազն դրանց հասանելիությունը լինի հավասար: Սակայն որքան էլ ջանքեր գործադրվեն… նախ պետք է Թրամփի համակիրներ գտնվեին, որոնք իրենց նախընտրության մասին բարձրաձայն խոսեին, իսկ Վաշինգտոնում կամ Վիրջինիայում այդպիսիք չէին հանդիպում:



Առանց չափազանցության, երեւի երկրորդ-երրորդ օրվանից լրագրողների մեր խմբի առնվազն կեսը նպատակադրված Թրամփի համակիր էր փնտրում: Քլինթոնի համակիրներին դյուրին էր գտնելը. դիցուք, մի օր Վաշինգտոնի մետրոյի կայարանների մոտ նրանք սեղանիկները դրած կամ պաստառները փակցրած, ինչ-որ մատյաններ ձեռքներին, մոտենում էին մարդկանց, ներկայանում, հիշեցնում, իրենց օժանդակությունն առաջարկում, որպեսզի մարդիկ, որպես ընտրող, ժամանակին գրացվեն: Եթե ժամանակ, հետաքրքրություն ունենայիր, Քլինթոնի մասին էլ կխոսեին: Մինչդեռ Թրամփին սատարող չէր հանդիպում: Վաշինգտոնում եւ Վիրջինիայում, անգամ համալսարաններում, երբ հատուկ հանրապետականների էիր փնտրում ու գտնում, միեւնույն է, նրանք չէին համարում իրենց Թրամփի համակիրը, ոչ էլ պատրաստվում էին նրա օգտին քվեարկել: Այնպես որ, ինչ-որ պահից մեր խմբում կրկներգ էր դարձել «Փնտրվում է Թրամփի ընտրող» ֆրազը:



Միայն Կոլորադոյում, վերջապես, փնտրտուքն արդյունք տվեց` տեսանք մարդկանց, որոնք սատարում էին Թրամփին եւ ասում էին, որ նրան են ընտրելու: Այս հազվագյուտ մարդկանց առաջինը գտել էր Պիտերը` Չեխիայից լրագրողը: Ինչպե՞ս էր գտել: Սեպտեմբերի 26-ի երեկոյան (իսկ դա մեր շրջագայության արդեն 8-րդ օրն էր), Քլինթոն-Թրամփ հեռուստաբանավեճի ժամանակ, Պիտերը որոշել էր բարեր-սրճարաններով անցնել, որտեղ մարդիկ հավաքված՝ բանավեճն էին դիտում, եւ սրճարաններից մեկում նկատել էր երիտասարդների՝ I support Trump (ես սատարում եմ Թրամփին) գրությամբ գլխարկներով: Գրությամբ իրենց ընտրությունը հայտնելուց բացի, նրանք նաեւ խոսել եւ հաստատել էին, որ Թրամփին են ընտրելու: Պիտերն ասաց` մի 15-20 հոգի կլինեին, եւ մյուսներիս արձագանքն այն էր, որ Թրամփի համար 20 համակիրը մի կետում` ահռելի բազմություն է:



Սակայն Կոլորադոյում, ի վերջո, բոլորս բարեբախտություն ունեցանք Թրամփի համակիրներ տեսնելու, որովհետեւ գնացինք Կոլորադոյի քրիստոնեական համալսարան, որի համբավը թեւածում է ամբողջ նահանգում` որպես հանրապետական կոնսերվատիզմի միջնաբերդի: Հիմնական եւ էական հանդիպումը պրն. Ջեֆ Հանթի հետ էր, որն այդ համալսարանի դասախոսներից է եւ համալսարանում գործող Centennial Institute-ի տնօրենը: Իր խոսքից, մեր բավական սուր հարցերին նրա պատասխաններից ես վերջապես ըմբռնեցի, թե ինչը կարող է կրթված, մտածող, ժամանակակից մարդուն մղել, այնուամենայնիվ, Թրամփին ձայն տալու:



Մղումը հանրապետականների պահպանողական արժեհամակարգը եւ հայացքներն են, եւ երկյուղները, թե Քլինթոնի կամ դեմոկրատների հաղթանակը դրանց վրա խաչ կդնի: Դիցուք, քրիստոնյա-պահպանողականները երկյուղում են, որ դեմոկրատ նախագահը կթույլատրի հղիության արհեստական ընդհատում կամ բժշկական օժանդակություն ինքնասպանություն գործողներին, որոնք երկուսն էլ մարդկային կյանքի սրբազնության եւ միայն Աստծո կամքով կյանքի ավարտվելու դոգմայի դեմ քայլեր են: Կամ պահպանողականները դեմ են պրոգրեսիվ լիբերալիզմ ասվածին, որն ըստ էության նշանակում է, որ կրոնական համոզմունքները չպետք է սահմանափակեն քաղաքացիական ազատությունները, եթե կրոնական արգելքները հատվում են քաղաքացիական ազատությունների հետ, պետությունը պետք է պաշտպանի քաղաքացիական ազատությունները: Այդպես է, դիցուք, միասեռականների պարագան, որոնք մերժվում են կրոնի կողմից, սակայն պաշտպանվում են քաղաքացիական ազատությամբ: Կամ հանրապետականները չգիտես ինչից որոշել են եւ հավատում են, որ Թրամփն ավելի կոշտ կլինի Ռուսաստանի հանդեպ, չնայած վերջինս օրնիբուն դիֆերամբներ է ձոնում Պուտինին եւ այլն:



Իհարկե, պրն. Հանթի փաստարկներին կարելի էր համաձայնել-չհամաձայնել, որոշները նույնիսկ դյուրությամբ հերքել, բայց նրա մեկնաբանությունները թույլ տվեցին Թրամփի ինտելեկտուալ համակիրների մտածողությունը հասկանալ, այդքանով էլ գնահատելի էին ու արժեքավոր: Վերջապես, Կոլորադոյի քրիստոնեական համալսարանում նաեւ մի փայլուն ասացվածք լսեցի, որը, պարզվում է՝ հայտնի ու հին ասույթ է, ուղղակի ես էի առաջին անգամ լսում. «Եթե երիտասարդ ես ու սիրտ ունես, լինում ես ազատական, երբ ժամանակի հետ նաեւ ուղեղ ես ձեռք բերում, դառնում ես պահպանողական»: Ասույթն ինձ շատ դուր եկավ, որովհետեւ երեք հիմնարար իդեոլոգիաներից` կոնսերվատիզմ-լիբերալիզմ-սոցիալիզմ, իմ նախընտրությունը միշտ էլ եղել ու մնում է կոնսերվատիզմը: Իսկ մարդկանց առնչությամբ, իհարկե, ինձ դուր են գալիս նրանք, ովքեր եւ սիրտ ունեն, եւ ուղեղ, բայց այդպիսիք երբեք շատ չեն:



Ի՞նչ են գտել ամերիկացիները դեմոկրատիայում



Դենվերում հասարակության, գաղափարախոսությունների ու գաղափարների դաշտում եւս մի «բացահայտում» արեցի: Այդտեղ պատահաբար հասկացա, թե ինչու են ամերիկացիներն այդպես արժեւորում եւ այդքան կապված դեմոկրատիային, երբ Չերչիլը հրաշալի է ասել, որ «դեմոկրատիան ընդհանրապես մի բան չէ»: Ասույթի շարունակության հետ, թե՝ «այդուհանդերձ, մնացյալ իշխանակարգերից լավ է», համաձայն չեմ, որովհետեւ դեմոկրատիան միայն անարխիայից եւ դեսպոտիզմից է լավ, ուրիշ ոչնչից: Արիստոկրատիայի եւ մերիտոկրատիայի համեմատ այն համապարփակ անկում է:



Ինչեւէ…



Այլ շրջագայությունների կապակցությամբ էլ գրած կլինեմ, որ ցանկացած երկրում առաջին վայրը, ուր ես այցելում եմ, պալատներն ու ամրոցներն են, հետո` սրբավայրերը, ապա` թանգարանները: Եթե այդ վայրերը չեմ այցելել, ես երկրի մասին կարծիք չունեմ, բայց դրանք այցելելուց հետո այլեւս այդ երկրի ու ժողովրդի մասին իմ կարծիքը հազիվ թե փոխվի: Դե, Կոլորադոյում, Դենվերում ինչ պալատ կամ ամրոց, ինչ սրբավայր… մնում էին թանգարանները: Ուղեցույցում մի քանի վանող անուններ կարդացի, ասենք՝ Ballpark Museum (Բեյսբոլի թանգարան) Money Museum (Դրամի թանգարան), Firefighters Museum (Հրշեջների թանգարան), Black American’s Museum (Սեւամորթ ամերիկացիների թանգարան) եւ այլն… հանուն ճշմարտության պետք է ասեմ` Արվեստի թանգարան, Ժամանակակից արվեստի թանգարան, Դեկորատիվ արվեստի թանգարան. այդպիսիք էլ կային, բայց նույնքան անհետաքրքիր թվացին: Ի վերջո, գտնվեց երկու թանգարան, որոնք ինձ գրավեցին, ու մեծ հաճույքով այցելեցի:



Մեկը Մոլլի Բրաունի տուն-թանգարանն էր (Molly Brown House Museum): Այս կինը 1912-ին «Տիտանիկ» զբոսանավի վրա է եղել, երբ նավը խորտակվել է, եւ այն հազվագյուտ անձանցից է, որ փրկվել է այդ նավաբեկությունից: Այդ դեպքից հետո նա ամբողջ ԱՄՆ-ում հայտնի է դարձել, սակայն մինչեւ «Տիտանիկի» նավաբեկությունն էլ, Կոլորադոյում Մոլլի Բրաունը հեղինակություն եւ ճանաչում է ունեցել, զարմանալիորեն՝ ոչ թե ամուսնու մեծ հարստության, այլ մարդկանց իրավունքների համար պայքարի շնորհիվ: Այս կնոջը պետք է շնորհակալ լինել, որ այսօր աշխարհում անչափահասների գաղութները բաժանված են մեծահասակների ազատազրկման վայրերից: Տիկ. Բրաունի օրերում գողություն արած 4-ամյա մի փոքրիկի կարող էին փակել նույն բանտախցում քրեական հանցագործի եւ մարդասպանի հետ… եւ այդպես էլ վարվում էին, քանի որ բանտը բոլորի համար էր: Մոլլի Բրաունն իրենց ընտանիքի բարեկամ մի նախկին դատավորի հետ արշավ ու պայքար է սկսում, որպեսզի անչափահասների գաղութներ ստեղծվեն, եւ հասնում է դրան: Մոլլին նաեւ պայքար է ծավալում կանանց ընտրական իրավունքի համար, եւ Կոլորադոն դառնում է ԱՄՆ երկրորդ նահանգը, որտեղ դեռ 19-րդ դարավերջին կանայք ձեռք են բերում ընտրական իրավունք:



Մյուս թանգարանը, որ այցելեցի, Բայերս-Էվանսների տուն-թանգարանն էր (Byers-Evans House Museum): Այս գերդաստանի ամենահայտնի անձը եղել է Ջոն Էվանսը, որը 1862-ին, նախագահ Աբրահամ Լինքոլնի հրամանագրով, նշանակվում է Territory of Colorado-ի կառավարիչ: Էվանսը պաշտոնավարում է մի քանի տարի, այդ ընթացքում նաեւ Դենվերի համալսարանն է հիմնադրում: 1850-ականներին Կոլորադոյում, ոսկու հանքերի հայտնագործումից եւ ոսկի որոնողների ահագնացող հոսքից հետո, լոկալ շարժում է սկսվում նահանգի կարգավիճակ ձեռք բերելու համար, սակայն միայն 1861-ին, Կոնգրեսի որոշմամբ է կազմավորվում եւ ճանաչվում Territory of Colorado-ն, որն այդպես է կոչվում՝ մինչեւ 1876-ին նահանգի կարգավիճակ ստանալը: Ինքնաբերաբար, Էվանսների ընտանիքը դառնում է ամենանշանավորներից մեկը Դենվերում, եւ այս երկու տուն-թանգարանները` Molly Brown-ի եւ Byers-Evans-ների, թույլ են տալիս պատկերացնել ամերիկյան էլիտայի կյանքն անցյալ դարում: Ի վերջո, ցանկացած հասարակության ճշգրիտ բնութագրերից մեկն էլիտայի կյանքն է, այն, թե մտավոր, հոգեւոր, նյութական արժեքների մատչելիություն ունեցող անձինք ինչպես են դրանք տնօրինել:
Այս տեսակետից Դենվերում, Բրաունների եւ Էվանսների որքան նշանակալից, նույնքան էլ համեստ առանձնատներում ես հասկացա, որ ԱՄՆ-ն դատապարտված է դեմոկրատիայի, որովհետեւ այդ երկրում չի եղել ու չկա արիստոկրատիա, արիստոկրատիզմի աուրա, տրադիցիա: Նույնիսկ հարուստ ու նշանակալից ընտանիքների առանձնատներում կային միայն հրաշալի գրադարաններ եւ առանձին գեղեցիկ իրեր, իսկ ընդհանուր էքստերիերում, թե ինտերիերում չկար ոչ շուք, ոչ փայլ, ոչ հարստություն, այլ ավելի շուտ` քոթեջի պարզունակություն: Դա բացատրում էր ամեն ինչ` դեմոկրատիայի մասով:



Լուսինե ՊԵՏՐՈՍՅԱՆ