Ամերիկյան շրջագայություններ. ամփոփիչ տպավորություններ

Ամերիկյան շրջագայություններ. ամփոփիչ տպավորություններ

Կոլորադոյում՝ մայրաքաղաք Դենվերից բացի, շրջակա քաղաքներ էլ այցելեցինք: Մասնավորապես՝ Boulder Colorado, որը Շարլոտսվիլի կարգի հրաշք էր` նույն ցածրահարկ, հեքիաթից հանված շինություններով, մի քանի ավտոբուսով ու դարձյալ հեղինակավոր համալսարանով: Գնացինք նաեւ Springs Colorado, որտեղ եւ տիեզերքը ներկայացնող դիտարան կա, որը «Երկնքի հրաշքներն է Երկիր բերել», եւ զուտ հողեղեն ծագման Ամերիկյան կովբոյական թանգարան: Բայց Springs Colorado-ն առավելապես հայտնի է ԱՄՆ ռազմաօդային ուժերի ակադեմիայով: 



ԱՄՆ զինուժի սպայական կազմը ձեւավորվում է երեք ակադեմիաներում: Առաջինն ԱՄՆ Ռազմական ակադեմիան է (US Military Academy), հիմնադրվել է 1800-ականներին՝ նախագահներ Ջորջ Վաշինգտոնի եւ Թոմաս Ջեֆերսոնի կողմից, գտնվում է Նյու Յորքում` West Point-ում: Երկրորդը Ռազմածովային ակադեմիան է (US Naval Academy), հիմնադրվել է 19-րդ դարի կեսերին, գտնվում է Մերիլենդ նահանգում` Annapolis-ում: Երրորդը եւ վերջինը Ռազմաօդային ուժերի ակադեմիան է (US Air Force Academy), հիմնադրվել է 20-րդ դարի կեսերին, Երկրորդ աշխարհամարտից հետո, եւ գտնվում է լեռների մեջ, Springs Colorado-ի հարեւանությամբ:



Մենք, ըստ էության, ոչ թե Springs Colorado գնացինք, այլ հենց Ռազմաօդային ուժերի ակադեմիա: Գեղեցիկ վայր էր` եւ բնության գրավչությամբ, եւ լեռների, եւ ակադեմիայի շինությունների, եւ լանդշաֆտային դիզայնի, եւ մի ֆուտուրիստական շինությամբ, որը, ինչպես պարզվեց, բողոքական եկեղեցի է` Cadet Chapel, ակադեմիայի անձնակազմի համար կառուցված: Այդպիսի ֆուտուրիստական կրոնական շինություն առաջին անգամ էի տեսնում: Իսկ Ռազմաօդային ակադեմիայի այցելուների կենտրոնում մեզ ընդունեցին, որովհետեւ պետքարտուղարության՝ մեր խմբին ուղեկցող անձանցից մեկը` Մելիսան, որը Նյու Յորքի Foreign Press Center-ի փոխտնօրենն է, մինչեւ պետքարտուղարությունում աշխատանքի անցնելը ԱՄՆ ռազմաօդային ուժերում էր ծառայել, կապիտանի կոչում ուներ, եւ Springs Colorado-ի ակադեմիան իր հարազատ կրթօջախն էր: Մելիսան, իմիջիայլոց, հայերին հրաշալի գիտեր, որովհետեւ իր ընտանիքը, հայրը Լիբանանից էին, եւ Նյու Յորքում մեծացել էր մի թաղամասում, որտեղ շուրջբոլորը լիբանանահայեր էին եղել:



Հոդվածաշարի ծավալը եթե թույլ տար, հաճույքով նաեւ լրագրողների մեր խմբի մասին կգրեի, պետքարտուղարությունից՝ Մարթայի, որը Վաշինգտոնի Foreign Press Center-ի փոխտնօրենն էր, Մարկի, որն ամբողջ ուղեւորության ընթացքում մեզ հետ էր, ընդհանրապես՝ Foreign Press Centers-ի: Այդուհանդերձ, միայն պետքարտուղարության Office of Historian բաժանմունքի մասին եմ գրում, որն իմ ամենաարժեքավոր հայտնագործությունն էր ԱՄՆ-ում: Այս ստորաբաժանումը 1861թ.-ից հրատարակում է «ԱՄՆ արտաքին հարաբերությունները» մատենաշար: Անցած 165 տարում մատենաշարի 450 հատոր է լույս տեսել, որոնցում ամփոփված են ԱՄՆ արտաքին քաղաքականությանը վերաբերող փաստաթղթերը, բանակցությունների սղագրություները, գաղտնազերծված զեկույցները` ըստ ժամանակագրության եւ տարածաշրջանների, երբեմն` ըստ երկրների, ասենք՝ «Իրան-1979», «Խորհրդային Միություն-1980-ականներ»: Ինչպես պարզեցի` մատենաշարի հատորների մեծ մասը հասանելի է առցանց Office of Historian-ի կայքից: Այդ հատորներն անգնահատելի աղբյուր են 20-րդ դարի պատմությունը եւ քաղաքականությունն ընկալելու համար: Այսպես են պետություն եւ պատմություն ստեղծում:



Office of Historian-ից հետո երկրորդն ԱՄՆ համալսարանական համակարգն է, որի մասին չեմ կարող մի քանի բառ չգրել, քանի որ բացարձակ հիացած եմ դատելու, իրենց մտքերը ձեւակերպելու, բանավիճելու այն կարողությամբ, որ համարյա թե համատարած ունեին ուսանողներն ԱՄՆ-ում` լիներ Վաշինգտոնի համալսարանում, Վիրջինիայի, Կոլորադոյի, Դենվերի, թե այլ: Վստահ եմ, որ համալսարանում տրվող գիտելիքներն էլ իրենց ասպարեզի վերջին խոսքն են եւ շատ արժեքավոր, բայց ավելի էականն այն է, թե ինչ բարեկրթության, լրջության, մտահորիզոնի ու ինքնադրսեւորման տեր անհատներ է ձեւավորում այդ համալսարանական համակարգը: ԱՄՆ համալսարաններում լինելուց հետո վստահ եմ՝ այդ երկիրը որքան հզորացել է 20-րդ դարում, ավելի հզոր կլինի ապագայում:



ԱՄՆ ընտրությունների ու քվեարկության մոլորակը



Վերջապես՝ իմ ամենախորը տպավորությունն ԱՄՆ-ից այդ երկրի ընտրական, ավելի ճիշտ` ընտրություններում քվեարկության եւ քվեների հաշվման համակարգն է, որին ծանոթանալու առիթ ունեցանք Դենվերի ընտրողների կենտրոնում (Denver Voter’s Center): Թռուցիկ նշեմ, որ ԱՄՆ ընտրական համակարգն ապակենտրոնացված է, ընտրություններն անցկացվում են 50 նահանգներում զուգահեռաբար, յուրաքանչյուրում՝ ըստ այդ նահանգի սահմանադրության, օրենքների եւ կանոնների:



Հայաստանում որքան էլ դա ֆանտասմագորիա թվա, ԱՄՆ-ում ընտրողները քվեաթերթիկն ստանում են ընտրության օրվանից երկու շաբաթ կամ առնվազն տասն օր առաջ. կախված նահանգից՝ թե էլեկտրոնային տարբերակով, թե թղթային: Դենվերում մեզ ցույց տվեցին նոյեմբերի 8-ի նախագահական ընտրության քվեաթերթիկը. դա համարյա բրոշյուր էր` 60-70 սմ երկարությամբ, 25-30 սմ լայնությամբ, մի քանի ծալքով ստվարաթուղթ, որի վրա զետեղված տեղեկությունները կարդալու համար միայն 10 րոպե կպահանջվեր: Դիցուք, նախագահի թեկնածուի 20-ից ավելի անուն էր նշված այդտեղ: Ինչպե՞ս: Կոլորադոյում, համաձայն նահանգային սահմանադրության, ով ցանկանում է, կարող է 1000 (հազար) դոլար մուծել, եւ իր անունը կհայտնվի ԱՄՆ նախագահի քվեարկության թերթիկում: Մի 20 հոգի հազարական դոլարը մուծել էին, եւ նրանց անունները քվեաթերթիկում էին, շատ դեպքերում՝ իրենց ներկայացրած կուսակցություների տարօրինակ անունների հետ միասին: Քվեաթերթիկով այլ հարցեր էլ կային, որ դրված էին քվեարկության:



Բրոշյուր-քվեաթերթիկն ընտրողը կարող է լրացնել երկու շաբաթվա ընթացքում, երբ ցանկանա, միայն թե մինչեւ ընտրության օրվա ավարտը քվեաթերթիկը` փակ եւ ստորագրված ծրարով, պետք է վերադարձվի քվեարկության կենտրոն: Վերադարձնել կարելի է էլեկտրոնային տարբերակով, փոստային առաքմամբ, քաղաքի տարբեր հատվածներում տեղադրված հատուկ փոստարկղերի մեջ գցելով, քվեարկության կենտրոնի շրջիկ մեքենաների արկղերում գցելով, վերջապես՝ քվեարկության կենտրոններից մեկն այցելելով: Քվեարկության կենտրոնում ծրարն ստանալուց հետո ընտրողին ուղարկվում է հաստատում դրա ստացման մասին, եւ քաղաքացին կարող է իր պարտքը կատարված համարել: Իհարկե, այնպիսի քաղաքացիներ էլ կգտնվեն, որ կգերադասեն անձամբ գնալ քվեարկության կենտրոն, տեղում ստանալ քվեաթերթիկ, իրենց ընտրությունը կատարել, բայց այդպիսիք այնքան էլ շատ չեն:



Ծրարի նույնականացումից՝ մինչեվ ընտրության արդյունք



Ընտրողներից ստացված ծրարները՝ անձնական ստորագրություններով, այն հիմքն են, որից սկսվում է քվեների հաշվման գործընթացը: Դենվերում Երեւանից շատ բնակչություն կա, սակայն ընդամենը 26 ընտրական կենտրոն, որտեղ իրականացվում է քվեների հաշվումը: Ընտրողների այն կենտրոնը, որ մենք այցելեցինք, Հայաստանի ԿԸՀ-ի զբաղեցրած շենքից երկու-երեք անգամ մեծ շինություն էր, որի առաջին հարկում գտնվող երեք առանձնացված ստորաբաժանումներում կամ սրահներում ընթանում են քվեների հաշվման երեք փուլերը: Սրահները բոլորն ունեին անվերջ թվով պատուհաններ, որպեսզի ցանկացողները շենքի դրսից կամ միջանցքից հետեւեն սենյակում իրականացվող գործողություններին:



Առաջին սրահը, որտեղից սկսվում է քվեների հաշվումը, լազերային սարքավորումներով եւ մի քանի տասնյակ համակարգիչներով հագեցված սրահ էր: Այդտեղ ընդամենը մեկ գործողություն է կատարվում` ծրարի վրա ընտրողի ստորագրությունը համեմատվում է ընտրական կենտրոնի բազայում եղած նույն ընտրողի ստորագրության հետ: Մի սարքը հաշվում եւ նույն ուղղությամբ դասավորում է ծրարները: Այնուհետեւ հիմնական սարքավորումը հոսքագծով մոտեցնում է, լուսապատճենում (scanning) ծրարի անուն-ազգանվան ու ստորագրության հատվածը եւ էլեկտրոնային պատկերը փոխանցում համակարգիչներին: Համակարգիչների առջեւ նստած ընտրական դատավորները համեմատում են ստացված ստորագրության պատկերը բազայում գոյություն ունեցողի հետ: Եթե համապատասխանում են, ծրարը դրվում է հաջորդ փուլի արկղերում, եթե ստորագրությունների անհամապատասխանություն կամ այլ խնդիր է նկատվում, ծրարը դրվում է մի կողմ: Խնդրահարույց ստորագրությամբ քաղաքացիներին հրավիրում են ընտրական կենտրոն՝ ծագած խնդիրը պարզելու: Մնացյալ ծրարները հաշվվում են, լրացվում են ելից թղթերը, եւ դրանք պատրաստ են տեղափոխվելու հաջորդ սրահ:
Երկրորդ սրահը գտնվում էր միջանցքի մյուս կողմում` երկու մետր հեռավորության վրա: Այդուհանդերձ, այդ երկու մետրն անցնելուց հետո, հաջորդ սրահում մտից (մուտք արվող) ծրարները կրկին հաշվվում են, թիվն արձանագրվում է: Այս սրահում մի քանի լազերային սարքեր են եւ մեծ մակերեսով դատարկ սեղաններ: Ծրարները դրվում են հիմնական սարքավորման մեջ, հոսքագիծը դրանք մոտեցնում է կտրող դանակին, ծրարների վերին հատվածը կտրվում եւ կուտակվում է մի տարայում: Սարքավորման առջեւ կանգնած մարդը հոսքագծով մոտեցող կտրված ծրարից հանում է քվեաթերթիկը եւ դնում դիմացի արկի մեջ: Դատարկ ծրարները սարքը տեղափոխում եւ կուտակում է մեկ այլ արկղում: Այս սրահում գտնվող բոլոր մյուս աշխատակիցներն ընդամենը վերցնում են արկղով քվեաթերթիկները, դրանց ծալքերը բացում եւ նույն ուղղությամբ դարսում: Ուրիշ ոչինչ: Վերջում հաշվվում են քվեաթերթիկները, դատարկ ծրարները, լրացվում են ելից փաստաթղթերը, եւ ծալքերից բացված, դասավորված քվեաթերթիկներով արկղերը տարվում են երրորդ սրահ:



Երրորդ սրահում նույնպես լազերային սարքավորումներ են, որոնք հոսքագծով լուսապատճենում են քվեաթերթիկները եւ պատկերն ուղարկում համակարգիչներին: Տասնյակ համակարգիչներ վերծանում են իրենց ուղարկված քվեաթերթիկների պատկերը, նշումները եւ ըստ այդմ հաշվում թեկնածուներին տրված ձայները: Մարդը չունի որեւէ մասնակցություն այդ աշխատանքին: Միայն հատուկենտ դեպքերում, երբ խառնակ նշումներ են, եւ համակարգիչը չի կարողանում դրանք վերծանել, կարմիր ազդանշան է հայտնվում, եւ համակարգիչների առջեւ նստած ընտրական դատավորներն են քվեաթերթիկի վերաբերյալ որոշում կայացնում: Ի վերջո, բոլոր համակարգիչների կատարած հաշվարկներն ամփոփվում են կենտրոնական համակարգչում, եւ արդյունքները հայտնվում են ընտրական կենտրոնի վեբ-կայքում, այնուհետեւ` լրատվամիջոցներում: Այլ մոլորա՞կ է: Լիովին: Կատարյալ վարչարարություն, որն էլ ԱՄՆ-ի ուժն է կյանքի ցանկացած ասպարեզում:



Լուսինե ՊԵՏՐՈՍՅԱՆ