Էրդողանի մեծախոսությունն ու անճարակությունը

Էրդողանի մեծախոսությունն ու անճարակությունը

Որտեղ է Թուրքիան, եւ որտեղ է Էրդողանը: Ֆիզիկապես Թուրքիան Միջերկրական եւ Սեւ ծովերի միջեւ է, Էրդողանն էլ Անկարայի իր նստավայրում է: Սակայն քաղաքական առումով երկուսի ճակատագրում էլ ռուբիկոն է հատվել, երկուսն էլ դեպի անկում են թեքվել, եւ հարցն այն է, թե երբ կհասնեն վերջակետին: Թեեւ Թուրքիայում Գյուլեն-Էրդողան առճակատման պատրվակով անցյալ տարվանից ընդդիմադիր մամուլը հետեւողականորեն լռեցվում է, թերթերը կամ փակվում են, ինչպես Todays Zaman-ը, կամ ակներեւ գրաքննության ներքո են, ինչպես Hurriyet-ը, այդուհանդերձ, նույնիսկ իշխանական հսկողության պայմաններում առանձնապես չի հանդիպում հոդված, որի հեղինակը Թուրքիայի հաջողությանը կամ ապագային հավատար, փոխարենը շատ շատերը` բաց տեքստով, թե ակնարկով, Թուրքիայի առջեւ ծառացած էքզիստենցիալ վտանգի, առհասարակ՝ Թուրքիայի լինել-չլինելու խնդրից են խոսում:



Իսկ նախագահ Էրդողանը, որքան էլ էմոցիոնալ վարք եւ պատրանքային ընկալումներ ունենա, չի կարող սյունակագիրներին ու մեկնաբաններին տեսանելի վտանգներն ինքն էլ չտեսնել: Ամենավերջին մարդն էլ Թուրքիայում չի կարող չհասկանալ, որ այն, ինչ այսօր կատարվում է Հալեպում եւ Մոսուլում, Թուրքիայի համար հոգեբանական աղետ է, բարոյական էրոզիա, որից հետո այլեւս չի երեւում պատվար, որն ի զորու կլինի Թուրքիան ֆիզիկապես պահպանել: Ինչպես գյուլենականների հետ Էրդողանի պատերազմի պատճառով իսլամը դադարեց Թուրքիան կոնսոլիդացնող գործոն լինելուց, այնպես էլ Թուրքիայի քաղաքական կշռի եւ ռազմական կարողության մասին միֆերն ի դերեւ ելան Հալեպում եւ Մոսուլում:



Արդյունքում ձեռնունայն մնացած Էրդողանը, այլեւս Թուրքիան միավորելու այլ միջոց չտեսնելով, ձեռքը վերցրեց աշխարհից վիրավորվածության եւ նացիոնալիզմի խաղաքարտերը` ճառելով, թե Լոզանի պայմանագիրն աշխարհի պարտադրանքն էր Թուրքիային: Բայց դեռ սեպտեմբերին, երբ Էրդողանը նոր էր սկսել Լոզանի անունը հոլովել, Թուրքիայում ոմանք խելացի խորհուրդներ տվեցին նրան՝ հորդորելով, որ լռի, որովհետեւ, եթե Թուրքիան Լոզանից հրաժարվում է, ապա սեղանին մնում է Սեւրի դաշնագիրը, որը Թուրքիայի կործանումն է: Ընդսմին, պատմական հոլովույթի մեջ նայելիս, հանճար պետք չէ լինել՝ հասկանալու համար, որ Սեւրի պայմանագիրը ժամանակին կյանքի չկոչելն է ստեղծել այսօրվա Մերձավոր Արեւելքի դժոխքը՝ վայրագ հասարակություններով, առաջնորդներով ու բարքերով, եւ այն դեռ կշարունակվի՝ տարածվելով ու ավերելով նաեւ Թուրքիան, մինչեւ ի վերջո վերադարձ կլինի Սեւրի պայմանագրին:



Բայց ներկա պահին կարեւորը Հալեպի ու Մոսուլի զարգացումները հասկանալն է, որոնք Թուրքիայի համար ծանրագույն փորձություն են դարձել: Ովքեր հետեւում են Թուրքիայի իրադարձություններին, կհիշեն, թե այս տարվա փետրվարին, երբ Հալեպի շուրջ էլի բարդ դրություն էր, ինչ ճառեր էին ասում վարչապետ Դավութօղլուն, նաեւ՝ Էրդողանը: Նրանք գրեթե երդվում էին Թուրքիայի ռազմական ուժով ու պատվով, որ «թույլ չեն տա Հալեպի անկում, Թուրքիան կմիջամտի, Հալեպը կպաշտպանի», եւ այլն: Ընդսմին, Հալեպի անկում ասելով՝ Թուրքիայում հասկանում են սուննի ապստամբների կողմից վերահսկվող Հալեպի արեւելյան հատվածի անկումը: Այժմ ողջ աշխարհի աչքի առջեւ Ռուսաստանը ու Ասադի ռեժիմն անդադար ռմբակոծում են արեւելյան Հալեպը` ամենավայրագ կերպով, անգամ արգելված զինատեսակներով եւ սպանելով անխտիր ում ասես` նորածիններից մինչեւ ծերեր: Ի՞նչ է անում Թուրքիան: Թուրքիան ծպտուն չի հանում: Ոչ միայն քայլ չի կատարում արեւելյան Հալեպը պաշտպանելու, այլեւ անգամ խոսքով չի դատապարտում, գոնե դիվանագիտական դեմարշ չի անում Ռուսաստանի դեմ: Բարոյալքվածության ավելի ցածր աստիճան հնարավո՞ր է պատկերացնել:



Եվ քանի որ Էրդողանը չի համարձակվում միջամտել Հալեպում, հասարակության ուշադրությունը շեղելու համար սկսեց ձայնը բարձրացնել ու մեծախոսել, իբր Մոսուլի սուննիներին կպաշտպանի: Այս անգամ էլ Բաղդադի իշխանությունները հորդորեցին, որ հեռու մնա Մոսուլից: Ի վերջո, Թուրքիան հեռու էլ մնաց, որովհետեւ թուրք մի քանի հարյուր զինյալին, որ տեղակայված են Մոսուլին մոտակա ռազմական ճամբարում, ISIS-ի դեմ պայքարող միջազգային կոալիցիան չհրավիրեց Մոսուլի գործողությանը միանալու: Դա այն դեպքում, երբ քրդական փեշմարգան 1000-ներով առաջանում է դեպի Մոսուլ: Ավելին, արհամարհելով Թուրքիայի բարձրացրած հիստերիան, կոալիցիոն զորքերը գլխավորող ամերիկյան գեներալը հայտարարել է, որ սիրիական քրդերի PYD ջոկատներն էլ ընդգրկվելու են Ռաքքայի ազատագրման գործողությունում: Ահա այդպես: Այսօր աշխարհում խնդիրը միայն զորք կամ զենք ունենալը չէ, այլ այն գործադրելու քաղաքական ու դիվանագիտական հնարավորությունը, որ ինչպես Թուրքիայում երեւի ամենքը գիտակցեցին` իրենք չունեն:



Լուսինե ՊԵՏՐՈՍՅԱՆ