Ի՞նչ կանի «Կուզնեցով» ավիակիրը՝ ըստ դեսպան Լյութի

Ի՞նչ կանի «Կուզնեցով» ավիակիրը՝ ըստ դեսպան Լյութի

Դեսպան Դուգլաս Լյութն ԱՄՆ մշտական ներկայացուցիչն է ՆԱՏՕ-ում, նրա նստավայրը Բրյուսելում է, եւ, ի տարբերություն Ն. Գ. Ռիչարդ Միլսի, որն ԱՄՆ դեսպանն է Հայաստանում, պրն․ Լյութն ավելի մեծ պատրաստակամությամբ ու հաճախականությամբ է շփվում լրագրողների հետ: Մասնավորապես, ՆԱՏՕ-ում տարբեր ձեւաչափերի գագաթնաժողովներից, հատկապես ՆԱՏՕ անդամ-երկրների պաշտպանության կամ ԱԳ նախարարների գագաթնաժողովներից առաջ դեսպան Լյութը հանդիպում է ՆԱՏՕ-ի բրյուսելյան կենտրոնակայանում հավատարմագրված լրագրողներին, բացի այդ՝ նաեւ հեռախոսային ասուլիս է տալիս: 



Ավելի ստույգ` հեռախոսային ասուլիսները կազմակերպում է ԱՄՆ պետքարտուղարության Բրյուսելի մեդիա կենտրոնը (Brussels Media Hub)` հրավիրելով դեսպան Լյութին եւ հնարավորություն ընձեռելով Եվրոպայի լրագրողներին նրան հարցեր ուղղելու` կամ ուղղակի, հեռախոսային զանգով, կամ էլեկտրոնային նամակով: Ասուլիսը տեւում է մոտ մեկ ժամ, այդ ընթացքում հնչում է 8-10 հարց՝ հինգ-վեց երկրներից. գոնե վերջին երկու ասուլիսներին այդպես է եղել: Հետեւաբար, անկեղծորեն չգիտեմ՝ արդյո՞ք Եվրոպայի բոլոր երկրներում կան լրագրողներ, լրատվամիջոցներ, որոնց տեղեկացվում է ասուլիսի մասին եւ հարցեր ուղղելու հնարավորություն է տրվում, ամեն դեպքում՝ Հայաստանից ես այդ հնարավորությունն ունենում եմ: Արդեն երկրորդ անգամ: Իհարկե, ես նաեւ չգիտեմ՝ ուղարկված հարցերի, հեռախոսազանգերի որ մասն է ասուլիսում հնչում, բայց գիտեմ, որ դեսպան Լյութի վերջին երկու հեռախոսային ասուլիսներում էլ լրագրողների հարցերի հատվածն սկսվել է իմ հարցով:



Անցյալ անգամ Der Spiegel-ի ու BBC-ի հարցերն էին եղել իմ հարցից հետո հնչածների թվում, այս անգամ էլ Reuters-ի, Al Jazeera-ի, Huffington Post-ի: Թե ինչ զուգադիպություն է կամ ընտրություն՝ չգիտեմ, բայց եթե մեկ-երկու անգամ էլ այդպես կրկնվի, երեւի՝ ՆԱՏՕ-ում ԱՄՆ դեսպանն իմ անունն էլ, լրատվամիջոցն էլ անգիր կհիշի: Ի՞նչ էի հարցրել դեսպանին: Հարցրել էի «Ադմիրալ Կուզնեցով» ավիակիրի մասին, որը, ենթադրաբար, նավարկում էր դեպի Սիրիա: Ընդսմին, ինձնից հետո նույն «Կուզնեցով» ավիակիրի մասին հարցրել էր Հունաստանի լրագրողը, հետո էլ՝ կենտրոնակայանի ասուլիսում երկու-երեք այլ լրագրողներ, այսինքն՝ դա ամենահրատապ ու հաճախ կրկնված թեման էր եղել:
Իմ հարցը հետեւյալն էր. «Դեսպան Լյութ, ի՞նչ կասեք Ռուսաստանի «Ադմիրալ Կուզնեցով» ավիակիրի նավարկության մասին` Եվրոպայի ափերով դեպի Միջերկրական ծովի արեւելք: Դա Կրեմլից տրվող ներկայացո՞ւմ է ռուսական ներքին լսարանի համար` ցուցադրելու Ռուսաստանի ռազմական հզորությունը, թե՞ զինուժի տեղաշարժ է, որը լուրջ է, որին ՆԱՏՕ-ն պետք է ուշադրությամբ հետեւի կամ գուցե անգամ արձագանքի»։
Դեսպանի պատասխանը. «Ամենից առաջ «Կուզնեցովը»՝ դրան օժանդակող նավերի խմբով, նավարկության հանելու Ռուսաստանի որոշումն անսովոր քայլ չէ: Նկատի ունեմ, որ սա պատահում է պարբերաբար: Ռուսները նույնն արել են նախկինում: Դա մեծապես Ռուսաստանի արտոնությունն է, իր իրավունքների սահմանում է՝ օգտագործել միջազգային ջրային տարածությունը՝ իր ուժերի ծավալման համար, հետեւապես, դա շատ անհանգստացնող չէ:



Ես կասեմ, որ մենք դիտում ենք: Մենք դիտում ենք տակտիկական խմբի, ծովային տակտիկական խմբի տեղաշարժը, քանի որ ՆԱՏՕ-ն հենց դա է անում: Մենք դիտարկում ենք ռազմական տեղաշարժերը մեր սահմանների երկայնքով:



Մենք շատ անհանգստացած չենք նավարկությունից։ Ակնկալում ենք, որ երբ «Կուզնեցովը» հասնի արեւելյան Միջերկրական, այն կներգործի, կգործի պատասխանատվությամբ, միջազգային իրավունքին համապատասխան:



Այսպիսով, մենք անտեղի անհանգստություն չունենք, չնայած շարունակում ենք դիտել խմբի առաջխաղացումը»։ Այսպիսով, հակառակ համառորեն բարձրաձայնվող տեսակետի, թե «Ադմիրալ Կուզնեցովը» Սիրիայի ափեր է ուղարկվել լայնամասշտաբ ռազմական գործողության համար, ՆԱՏՕ-ում ամենաիրազեկ մարդկանցից մեկն առանձնակի մտահոգություններ չի բարձրաձայնում: Ներկա պահի դրությամբ ճիշտ է դեսպան Լյութը, առայժմ Ռուսաստանն ու Ասադի ռեժիմը նոր մեծամասշտաբ հարձակում Հալեպի ուղղությամբ չեն ձեռնարկել: Հուսանք՝ առաջիկա օրերին էլ դա չի պատահի, չնայած շատերին թվում է, որ այդքան զենք, առանց կիրառման նպատակի, Սիրիայի ափերին չէր հասցվի, եւ եթե հարձակում լինի, դա կլինի մինչեւ նոյեմբերի 8-ը՝ ԱՄՆ նախագահական ընտրությունների օրը: Մնաց մի քանի օր:



Գալով ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարների գագաթնաժողովին, որ տեղի ունեցավ անցյալ շաբաթավերջին, եւ որին էլ նվիրված էր դեսպան Լյութի հեռախոսային ասուլիսը, ապա գագաթնաժողովի երկու առավել կարեւոր լուրերն այն էին, որ Լատվիայում, Լիտվայում, Էստոնիայում եւ Լեհաստանում ՆԱՏՕ-ի մշտական զորագնդերի տեղակայման նախապատրաստությունն ընթանում է ըստ ժամանակացույցի, եւ 2017-ի վաղ գարնանը զորագնդերի ֆիզիկական տեղակայումը կսկսվի: Երկրորդ․ ընդառաջելով Իրաքի վարչապետի խնդրանքին՝ ՆԱՏՕ-ն իր վարժական կենտրոնը Հորդանանից տեղափոխում է Իրաք եւ ընդլայնում:



Լուսինե ՊԵՏՐՈՍՅԱՆ