Թրամփը ծիծաղեցրեց, Հիլարին` պատմություն գրեց

Թրամփը ծիծաղեցրեց, Հիլարին` պատմություն գրեց

Այսօր, Երեւանի ժամանակով ցերեկվա ժամերին Միացյալ Նահանգների բոլոր 50 նահանգներում վերջին անգամ կբացվեն արդեն շուրջ երկու շաբաթ աշխատող ընտրատեղամասերը, եւ ուշ երեկոյան հայտնի կդառնան ընտրական կենտրոններում ամփոփվող առաջին արդյունքները: Երեկվա դրությամբ ԱՄՆ մի քանի տասնյակ միլիոն քաղաքացի արդեն քվեարկել էր: Սակայն անկախ հանգամանքից, թե որքան ընտրող է վաղ քվեարկությանը մասնակցում, ընտրությունների արդյունքները հայտնի են դառնում միայն վերջին օրը: 



Հիլարի Քլինթոնի հաղթանակի հավանականությունը միանգամայն բարձր է: Որպեսզի հռչակվես Միացյալ Նահանգների նախագահ, հարկավոր է Ընտրական քոլեջի 270 պատվիրակի ձայն: Քլինթոնը երեկվա դրությամբ ուներ երաշխավորված 268 ձայն: Եվս յոթ-ութ տատանվող նահանգներում կողմերի միջեւ պայքար է ընթանում ձայների համար, եւ դրանցից առնվազն հինգում դարձյալ առջեւում Քլինթոնն է: Մինչդեռ Թրամփի պատվիրակների թիվը տատանվում է 170-200-ի միջեւ, եւ, որպեսզի Թրամփը հանկարծ դառնա նախագահ, նա պետք է հաղթի համատարած բոլոր տատանվող նահանգներում: Ինչպես նախագահ Օբաման է սրամտորեն ծաղրում, եթե Թրամփն արդեն միայն ընտրությունների կեղծվելուց է խոսում, նշանակում է գիտակցությանը հասել է, որ չի հաղթելու:



Իրականում Թրամփին բոլորն են ծաղրում, միայն ծիծաղելու տրամադրություն չունեցողներն են, որ դրանից ձեռնպահ են մնում, քանի որ նրա մտավոր որակների եւ հավակնությունների միջեւ միջտիեզերական տարածություն է: Ամենից աչքի զարնող որակը Թրամփի անչափելի տգիտությունն է, մոտավորապես Հայաստանի խորհրդարանի մականունավորների մակարդակի: Երկրորդը պաթոլոգիկ, բժշկական շեղման հասնող ստախոսությունն է, այդ չափանիշով Հայաստանում Դոնալդ Թրամփի հետ համեմատելի մեկին չես գտնի: Եվ վերջում` ինքնատիրապետման անկարողությունը: Թրամփին իր նյարդային ու հիմար էությունն այնտեղ էր հասցրել, որ մի անգամ գիշերվա երեքին tweet-ի էր պատասխանել` տեղի տալով համատարած ծաղրանքի, թե մեկը, որը tweet-ից է ինքնատիրապետումը կորցնում եւ անցնում պատասխանելու, ինչեր է ընդունակ անելու, եթե ձեռքի տակ զենքի կոճակ լինի: Այդ թեմայով Թրամփին այնքան ծաղրեցին, մինչեւ երեկ տարածվել էր, թե հարազատները Թրամփի ձեռքից բոլոր հեռախոսները վերցրել են, որ նոր tweet-ներ ու հիմարություններ չգրի:



Թրամփին էլ ինչո՞վ է հնարավոր հիշել, Ջո Բայդենի հետ հեռակա լեզվակռվով, երբ Access Hollywood-ի տեսանյութից հետո Բայդենն անվերջ քննադատել էր Թրամփին, ի վերջո հարցրել էին, թե կուզեի՞ք այդ թեմայով Թրամփի հետ բանավիճել: Բայդենն ասել էր` ի՞նչ բանավիճել, ես կուզեի ավագ դպրոցում լինեինք, անցնեինք ժիմի ետեւը` կբացատրեի, նկատի ունի` բռունցքներով: Թրամփը Բայդենի խոսքերը լսելուց հետո միտինգում արձագանքել էր. «Տեսա՞ք ինչ էր խոսում, ինձ տաներ ժիմի ետեւը… կերազեի, գիտե՞ք այնտեղ ինչ կլիներ, ընդամենը մի հատ փչեի (ձեռքով ցույց է տալիս փչելը), կթռչեր-կվերանար այդտեղից»: Մոտավորապես այդ մակարդակի էին լինում նրա բոլոր պատասխանները: Ասենք, այդ կանանց, որ իրեն սիրահետումների մեջ էին մեղադրում, ինքն էլ սպառնում էր, թե նրանց դատի կտա, մի օր միտինգում էր որոշել արձագանքել. «Լսեցի՞ք իմ մասին ինչեր են խոսում, իբր ինքնաթիռում, իմ կողքին նստած, թռչել ենք, ես էլ հանկարծ սկսել եմ իրեն համբուրել, հա, չէ-չէմի՝ համբուրել եմ, էն էլ իրեն… Կամ այդ մյուսն ի՞նչ էր խոսում, իբր ես գիշերային ակումբում միայնակ նստած եմ. ախր ես կյանքո՞ւմ եմ գիշերային ակումբ միայնակ գնացել…»: Թվում է՝ կանանց հետ հեռակա բանավեճերում նրանց պատմած դեպքերը Թրամփն իրոք չի հիշում եւ անկեղծորեն զարմանում է: Բայց դե՝ փոխարենը կանայք էին հիշում, եւ չէր թվում, թե ստում են:
Սակայն Թրամփի թեթեւսոլիկության վերջը FBI (Հետախուզությունների դաշնային ծառայության) տնօրենի նշավակել-գովաբանելու քամիներն էին: Ամռանը, երբ Քոմնին ասել էր, թե Հիլարի Քլինթոնի տանը տեղադրված անձնական սերվերին առնչվող գործում չկան այնպիսի տեղեկություններ, որոնք թույլ կտային Քլինթոնի դեմ քրեական գործ հարուցել, Թրամփն օրնիբուն դատարկախոսում էր Քոմնիի դեմ: Մեկ-երկու շաբաթ առաջ, երբ Քոմնին Կոնգրեսին նամակ գրեց, թե Քլինթոնի օգնականի նախկին ամուսնու անձնական համակարգչում էլեկտրոնային նամակներ են հայտնաբերվել, որոնք կարող են կապ ունենալ Քլինթոնի օգնականի հետ, Թրամփն սկսեց գովել Քոմնիին, թեեւ նա Քլինթոնի դեմ ոչինչ չէր ասել: Դրանից հետո, վերջին մեր-երկու օրերին, երբ Քոմնին նոր նամակ ուղարկեց Կոնգրես՝ ճշտելով, որ հայտնաբերված նամակներն անձնական բնույթի էին կամ նախկինում FBI-ի կողմից ստուգված նամակների կրկնօրինակներ, եւ դրանք Քլինթոնին չեն առնչվում, Թրամփը նորից բացեց հայհոյանքների արկղը: Այսինքն՝ նախագահի աթոռին հավակնող այս թյուրիմացությունը չի տարբերվում հասարակության ետին վաշխառուից, որի համար մարդուն ընկալելու եւ գնահատելու չափանիշը սեփական շահերն են:



Դե եկ ու մի ասա՝ եզակի անհամապատասխան թեկնածու ԱՄՆ նախագահի աթոռին: Մնում է տեսնել, թե այդ եզակի անհամապատասխանին ի վերջո քանի միլիոն ամերիկացի ձայն կտա:



Լուսինե ՊԵՏՐՈՍՅԱՆ