Հավաքույթն ավարտվեց առանց նախագահի հայտարարման (ֆոտոշարք)

Հավաքույթն ավարտվեց առանց նախագահի հայտարարման (ֆոտոշարք)

Այսօր առավոտյան Երեւանում ԱՄՆ դեսպանատանը մարդաշատ էր, դեսպան Միլսի հրավերով մի քանի տասնյակ անձինք Հայաստանի հասարակական, քաղաքական, լրատվական, իրավական շրջանակներից հրավիրված էին դեսպանատուն՝ ԱՄՆ նախագահական ընտրությունների ավարտը եւ արդյունքների հայտարարումը համատեղ դիտելու։ Դեսպանատանը ենթադրել էին, որ Երեւանի ժամանակով 10:00-ին, ինչը ԱՄՆ ժամանակով համընկնում էր նոյեմբերի 9-ի վաղ առավոտյան 2-3-ին, նախագահի հաղթանակած թեկնածուի անունը հայտնի կլինի։ Սակայն ժամը 11-ին դեռ հաղթանակած թեկնածուն հայտարարված չէր, թեեւ հաղորդվող ձայների հարաբերակցությամբ Թրամփն առջեւում էր։



Արդյունքում, դեսպան Միլսը մի պահի հարկադրված էր ամփոփել հավաքույթը ՝ շնորհակալություն հայտնելով ներկաներին դեսպանատան հրավերը ընդունելու համար, հայտնելով, որ հեռուսացույցները կմնան միացած եւ դեսպանատան աշխատակազմը դահլիճում, ում ժամանակը թույլ է տալիս, կարող են մնալ եւ հետեւել մինչեւ հաղթանակած թեկնածուն հայտարարվի, սակայն քանի որ հայտնի չէ, թե դա օրվա որ ժամին կպատահի, դեսպանն ինքը, գուցե նաեւ հյուրերից շատերը պարտադրված են անցնելու առօրյա պարտականություններին։ Դեսպանը հայտնեց, որ այսօր ավելի ուշ հաղթանակած թեկնածուն կհայտարարվի, սպասելի է, որ պարտված թեկնածուն էլ իր պարտությւնը ընդունող ելույթով հանդես գա, եւ հավանաբար վաղը կմեկնարկի իշխանությունը նոր նախագահին փոխանցելու գործընթացը, որը ավարտին կհասնի 2017թ. հունվարի 20 –ին, նոր նախագահի երդմնակալության արարողությամբ եւ պաշտոնի ստանձնումով։



Ըստ դեսպան Միլսի, ով էլ հաղթի ընտրություններում, Հայաստանի հետ ԱՄՆ-ի կապերը կմնան ամուր։ Դա հրաշալի է։ Իսկ այ թե Թրամփի արդեն տեսանելի դարձած հաղթանակի պարագայում ինչ կկատարվի Հայաստանի շրջապատում, Իրանից, Թուրքիայից ու ISIS-ից մինչեւ Արեւելյան Եվրոպա եւ Ռուսաստան, որեւէ մեկը այս պահին չի կարող պատկերացնել։ ԱՄՆ պատմության մեջ երբեք չէր եղել, որ պետական կառավարման հետ առնչություն չունեցած անձը նախագահական ընտրություններում հաղթեր, նույնիսկ ՝ մասնակցեր։



Դեսպանատան հավաքույթին ներկա հյուրերը, որոնց թվում «Ժառանգության» եւ «Ազատ դեմոկրատների» ղեկավարներ կային, քաղաքագետներ. լրագրողներ, եւ այլն, էկրանների առջեւ, թվերին նայելով, քննարկում էին արդյունքները։ Դեսպանատան աշխատակիցներն էլ. տեսնենք Թրամփի նախագահությունը ինչ կնշանակի, տրամադրության մեջ էին։ Իսկ ամենից ուշագրավ տեղեկությունը, որ լսեցի դեսպանատանը, դեսպանատան աշխատակիցմերի կողմից կատարված ընտության արդյունքներն էին, շուրջ 170 աշխատակից էր մասնակցել քվեարկությանը, որոնց մեծամասնությունը, իհարկե, Քլինթոնին էր ձայն տվել, բայց Թրամփն էլ 45 ձայն էր ստացել։



Եվ այսպես ամենաանսովոր եւ ինտրիգային ըտրությունները ԱՄՆ պատմության մեջ ավարտվեցին ամենից սկանդալային արդյունքով, որից հետո ժամանակը ցույց կտա, թե համաշխարհային քաղաքականության մեջ ինչ փոփոխություներ կլինեն։



Լուսինե Պետրոսյան