ԱՄՆ քաղաքական երկրաշարժը. Թրամփի հաղթանակը

ԱՄՆ քաղաքական երկրաշարժը. Թրամփի հաղթանակը

Այսօր կեսօրին Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը կհանդիպի նախագահ Բարաք Օբամային: Ավելի ծանր հանդիպում դժվար է երեւակայել: Թրամփը ողջ ընտրարշավի ընթացքում սպառնում էր վերանայել եւ վերացնել համարյա ամենը, ինչը նախագահ Օբաման համարում է իր նախագահական ժառանգությունը` Obama care անվանումն ստացած սոցիալական ապահովության ծրագրից մինչեւ կլիմայի փոփոխությունների վերաբերյալ Փարիզի կոնվենցիան, Իրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնագիրը եւ այլն: Նախագահ Օբաման իր հերթին անվերջ կրկնել է, որ Թրամփը հեռուստակերպար է, շոումեն, որին չի կարելի միջուկային զենքի կոդեր վստահել, որի մտավոր մակարդակը, դատարկախոսությունն ու անհավասարակշռությունը երբեք թույլ չեն տա նրան երկիր ղեկավարել: 



Այժմ այս երկու անձինք կհանդիպեն. անհավանական է, որ նրանք վերանայեն միմյանց մասին ունեցած կարծիքները, սակայն ԱՄՆ նախագահի պաշտոնի բարձրությունը նրանց պարտավորեցնում է համագործակցել եւ իշխանության սահուն փոխանցում երաշխավորել: Երեկ Օբաման Սպիտակ տանը հանդես եկավ ելույթով եւ հիշեցրեց, որ, այո, ինքը եւ Թրամփը հաճախ ունեն հակոտնյա դիրքորոշումներ, սակայն այդպես էր նաեւ իր եւ նախագահ Ջորջ Բուշի դեպքում, այդուհանդերձ, նախագահի Բուշի աշխատակազմը եւ թիմն աշխատեցին «մեծագույն բարեհոգությամբ եւ պրոֆեսիոնալիզմով», որպեսզի իշխանությունը սահուն փոխանցվի Օբամայի թիմին, եւ այժմ նույն բարեհոգությունն ու պրոֆեսիոնալիզմը պետք է ցուցաբերի իր թիմը:



Օբամային Սպիտակ տան աշխատակազմից շատերը լսում էին գրեթե արտասուքը աչքերին, սակայն, ինչպես Ռեդյարդ Քիփլինգն է իր հաճարեղ «IF»-ում ասել, մարդ լինել նշանակում է թե՛ հաղթանակի պահին, թե ՛պարտության ինքդ քեզ նույնկերպ տիրապետել (If you can meet Triumph and Disaster and treat those two imposters just the same): Երեկ թե նախագահ Օբաման, թե, մանավանդ, Հիլարի Քլինթոնը, որը, անկախ Թրամփի հաղթանակից, իրոք պատմություն գրեց իր առաջադրմամբ եւ ընտրարշավով, հենց Քիփլինգի պատգամած մարդկային բարձրության վրա էին: Քլինթոնի կոնցեսիայի (զիջման) ելույթն անհավատալի էր․ որքա՜ն արժանապատվություն, լավատեսություն եւ իր երկրի հանդեպ սեր կա այդ կնոջ մեջ:



Ընդսմին, popular vote-ով, այսինքն՝ ընտրողների տված ձայների քանակով Քլինթոնը հաղթել է Թրամփին, նա պարտվեց ընտրական քոլեջի պատվիրակների թվով: Երեկ երեկոյան հրապարակված տվյալներով, քվեարկությանը մասնակցած ընտրողների 47,7%-ը, շուրջ 59,4 միլիոն մարդ, ձայնը տվել է Հիլարի Քլինթոնին, իսկ 47,5%-ը` 59,2 միլիոն ընտրող` Դոնալդ Թրամփին: Քլինթոնի ստացած ձայները 200 հազարով ավելին են, փոխարենը Ընտրական քոլեջում նրա պատվիրակների թիվը եղավ անսպասելի եւ անհավատալի ցածր. 228` Թրամփի 279-ի դիմաց: Ոչ Քլինթոնի ճամբարում, ոչ առավել եւս Թրամփի շրջապատում նման արդյունք ոչ ոք չի սպասել, ինչպես աշխատակիցներն էին ասել, իրականում Թրամփի կոնցեսիայի տեքստն է պատրաստ եղել, եւ բոլորն էլ ակնկալել են, որ այդ տեքստն է ընթերցվելու: Մինչդեռ տատանվող նահանգների գյուղական բնակավայրերի ձայները որոշիչ դարձան պատվիրակների հարցում։



Սակայն եղավ այն, ինչ եղավ: Թրամփն իր ողջ անհավասարակշռությամբ, ստախոսությամբ ու անգրագիտությամբ գնում է Սպիտակ տուն: Ինչպես Ֆրանսիայի նախագահ Օլանդն է իրավիճակը հստակ նկարագրել, դա նշանակում է անորոշություն: Այդքան անհամապատասխան մեկին Սպիտակ տանը տեսնելու հեռանկարը ցնցեց ողջ աշխարհը՝ թերթերի առաջին էջերին բերելով «Աստված, ներիր Ամերիկային» կարգի վերնագրեր եւ միջազգային ֆոնդային բորսաներում տապալելով ինդեքսներ:



Սակայն եթե Թրամփի մարդկային անհամապատասխանությունից այն կողմ անցնենք եւ նայենք այն քաղաքականության հեռանկարներին, որ նա կարող է վարել, չի բացառվում, որ Հայաստանի համար դա ավելի բարենպաստ լինի, քան որեւէ նախկին վարչակարգի վարած քաղաքականությունը։ Որքան էլ ողջ ընտրարշավի ընթացքում Թրամփի այսուայն դատարկախոսությունը մեջբերելով, ռուսները ջանացել են տպավորություն ստեղծել, թե իբր Թրամփն իրենց բարեկամն է, եւ Քլինթոնն էլ այդ խաղաքարտը հրաշալի շահագործում էր, իրականում պետք չէ մոռանալ այն, ինչ Թրամփի փոխնախագահական թեկնածուն` Մայք Փենսը հայտարարեց Թիմ Քեյնի հետ հեռուստաբանավեճում․ «Դա էր միայն պակաս, որ ԱՄՆ-ի մեծության երկիրը նստի Ռուսաստանի հետ հարց քննարկելու, Պուտինին` այդ կարճահասակ խուլիգանին (short bully), պետք է իր տեղը ցույց տալ, Օբամայի վարչակազմի թուլությունն է, որ դա չի արվում»: Այնպես որ՝ Թրամփը կարող է շատ ավելի խիստ լինել ռուսների հետ, քան Օբաման: Եվ, անկասկած, Թրամփը ծայրահեղ վատ վերաբերմունք ունի մահմեդականների հանդեպ, ինչը հետեւանք կունենա մեզ շրջապատող բոլոր մահմեդական երկրների համար։ Թրամփը համարյա խաչակիրի աշխարհընկալում ու մղումներ ունի, եւ դա կարող է շատ էլ օգտակար լինել ներկա աշխարհում ու Մերձավոր Արեւելքում:



Լուսինե ՊԵՏՐՈՍՅԱՆ