Մոտ ենք ՀՀ-ԵՄ բանակցությունների ավարտին

Մոտ ենք ՀՀ-ԵՄ բանակցությունների ավարտին

2015-ի ամենանշանակալից եւ խոստումնալից իրադարձությունը Հայաստանի համար ԵՄ-ի հետ նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մեկնարկն էր` դեկտեմբերի 7-ին: Բանակցություններն ընթացան ողջ 2016-ի ընթացքում, եւ, անշուշտ, բոլորին է հետաքրքրում, թե ուր ենք հասել հիմա, եւ ինչ է մնում առջեւում: Ամենաիրազեկ անձը եւ պաշտոնյան, ում իմաստ ուներ այդ հարցերն ուղղել, թերեւս, ԵՄ գլխավոր բանակցողն է, ով Հայաստանի հետ վարում է ներկա բանակցությունները: 



Ներկայումս այդ անձը պրն. Լյուկ Դեւինյեն է, ով 2016-ի ապրիլից ստանձնել է EEAS-ի (Եվրոպական արտաքին գործառնությունների ծառայության) Եվրոպա/Կենտրոնական Ասիա դիրեկտորիատի փոխտնօրենի եւ Ռուսաստանի, Արեւելյան գործընկերության, Կենտրոնական Ասիայի եւ ԵԱՀԿ-ի հարցերով տնօրենի պաշտոնը: Պրն. Դեւինյեն Հայաստանի հետ բանակցել է նաեւ նախկինում` Ասոցացման համաձայնագրի շուրջ, նա եղել է համաձայնագրի DCFTA-ի (Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու) մասով բանակցողը, մինչ քաղաքական մասի պատասխանատուն եւ, հետեւաբար՝ գլխավոր բանակցողը պրն. Գունար Վիգանդն էր:



Այժմ, ի դեմս պրն. Դեւինյեի, գործառույթները մեկտեղվել են․ նա Հայաստանի հետ բանակցել է առեւտրային հարցերը, այժմ բանակցում է նաեւ քաղաքական հարցերը: Եվ նրան խորապես շնորհակալ ենք, որ հնարավորություն գտավ ստորեւ ներկայացվող հարցազրույցը տալու «Հրապարակին»:



- Պրն. Դեւինյե, շնորհակալություն հարցազրույցի այս հնարավորության համար: Եվ ամենքին առավել հետաքրքրող հարցը` Դուք ինչպե՞ս եք գնահատում ՀՀ-ԵՄ նոր համաձայնագրի շուրջ ընթացող բանակցությունները: 2016-ի սկզբին մի հարցազրույցում ինձ ասվել էր, որ կողմերն ընթացիկ տարում ակնկալում են անցկացնել բանակցությունների 8 փուլ: Այժմ ասվում է, թե դեկտեմբերին կկայանա վեցերորդ փուլը, դա նշանակում է՝ ժամանակացույցից ե՞տ ենք մնում: Թե՞ հարցը փուլերի քանակը չէ, այլ բանակցվող թեմաների բովանդակությունը. այդ դեպքում բովանդակային առումով որտե՞ղ ենք, կա՞ն համաձայնագրի բաժիններ, որ արդեն բանակցված են, եւ, ըստ էության, ի՞նչ է մնում առջեւում:



- Բանակցությունները ողջ ծավալով առաջ են ընթանում:



Հոկտեմբերի վերջին մենք ավարտեցինք բանակցությունների արդյունավետ 6-րդ փուլը՝ համաձայնագրի քաղաքական բաժինների վերաբերյալ, եւ եզրափակեցինք 4-րդ փուլը՝ առեւտրային բաժինների մասով: Զուգահեռ ընթացող բանակցություններն այլ տարբեր ոլորտներում համագործակցության վերաբերյալ նույնպես հաջողությամբ առաջ են ընթանում` տեսա-կոնֆերանսների ձեւաչափով: Դրանցից վերջինը կայացավ հոկտեմբերի 23-ին եւ նվիրված էր կեղծումների կանխման հարցերում (anti-fraud) համագործակցությանը:



Մենք ավելի կարեւորել ենք բանակցությունների որակը, քան արագությունը, եւ, չդիմելով բանակցությունների ավարտման կոնկրետ ամսաթիվ նշելու ռիսկի, ես կասեի, որ մենք ավելի քան մոտ ենք այդ հանգրվանին։



- Կա՞ն արդյոք քաղաքական խնդիրներ ընթացող բանակցություններում: Ինչո՞ւ եմ այս մասին հարցնում․ հունիսին մի հակասություն դարձավ հանրայնորեն տեսանելի ԵՄ պատվիրակության եւ Հայաստանի ԱԳՆ-ի միջեւ: Դեսպան Սվիտալսկին հայտարարել էր, որ բանակցություններում կան որոշ խնդիրներ (ներառյալ քաղաքական բնույթի), իսկ հայկական կողմը դա հերքեց: Իմ իմացությամբ՝ քաղաքական խնդիրներից մեկը եղել է հայկական կողմի ցանկությունը՝ ՀՀ-ԵՄ նոր համաձայնագրում որեւէ կերպ հիշատակելու ԵԱՏՄ-ի առջեւ իր պարտավորությունները: Այժմ դա մի կո՞ղմ է թողնվել:



- Ես «խնդիր» բնութագրումը չէի գործածի, ավելի շուտ` տարբեր հարցերի առնչությամբ երբեմն առկա են լինում տարամետ մոտեցումներ, ինչը բնական է բանակցություններում: Մենք որեւէ խնդիր չունենք ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության հետ: Իհարկե, այդ անդամակցությունը Հայաստանին զրկում է հնարավորությունից՝ ԵԱՏՄ-ից անկախ` բարենպաստ ռեժիմի առեւտրային համաձայնագիր կնքելու, այդպես է ցանկացած մաքսային միության դեպքում:



Ամեն պարագայում, մենք ամենասկզբից եւեթ հստակեցրել ենք, որ ԵԱՏՄ անդամակցությունից ծագած իր նոր պարտավորությունները հաշվի առնելը Հայաստանի խնդիրն է, դրանց կշռադատումը պետք է վաղօրոք կատարեն հայաստանյան բանակցողները: Համաձայնագրի կնքման պահին կողմերի պարտավորությունները պետք է լինեն հայտնի:



- Ինչպես Դուք վստահաբար գիտեք, Հայաստանում ապրիլին կայանալու են խորհրդարանական ընտրություններ, որից հետո կկազմավորվի նոր կառավարություն: Զուտ ժամանակային առումով արդյո՞ք հավանական է, որ Հայաստանի նոր, հետընտրական կառավարությունը կավարտի ԵՄ-ի հետ բանակցությունները եւ կստորագրի համաձայնագիրը:



- Բանակցային գործընթացում կարող ես ճշգրիտ իմանալ, թե երբ ես այն սկսում, բայց երբեք հնարավոր չէ 100%-ով կանխատեսել դրանց ավարտվելու եւ համաձայնագրի ստորագրման ամսաթիվը: Դա մեծ չափով կախված է բանակցություններն ավարտի բերելու Հայաստանի կառավարության կամքից: Համաձայնագիրը կարող է արագորեն նախաստորագրվել բանակցությունների ավարտից հետո:



- Սըր, անդրադառնալով եվրոպական մայրցամաքում առկա ավելի մեծ խնդիրներին, Դուք ինչպե՞ս եք գնահատում Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու հավանականությունը` ի պատասխան վերջինիս վայրագ պահվածքի ու Հալեպի ռմբակոծությունների: Թեեւ Ռուսաստանը Ղրիմի եւ Ուկրաինայի համար իր դեմ սահմանված ԵՄ պատժամիջոցների արդյունավետությունն ամեն կերպ ջանում է նսեմացնել, անգամ ԵՄ-ում են ձայներ հնչում, թե դրանք մեծ ազդեցություն չեն ունեցել Կրեմլի արտաքին քաղաքականության վրա, այդուհանդերձ, նախարար Լավրովի հռետորաբանությունն ու զայրույթը նոր պատժամիջոցների դեմ զգալիորեն չփաստեցին հակառակը:



- ԵՄ-ն այլ ընտրություն չուներ, քան Ռուսաստանի դեմ սահմանափակիչ միջոցներ կիրառելը Ղրիմի եւ Սեւաստոպոլի ապօրինի բռնազավթման եւ Ուկրաինայի արեւելքն ապակայունացնող քայլերի համար: Այդուհանդերձ, իմաստ ունի սա նշել, որ, ի հակադրություն Ռուսաստանի, որը բազմաթիվ էմբարգոներ է սահմանել ԵՄ-ի կամ այլ առեւտրային գործընկերների ապրանքների նկատմամբ, ԵՄ-ն, բացառությամբ զենքի եւ դրան կապակցված նյութերի, չի արգելել որեւէ այլ ռուսական արտադրանքի ներմուծումը ԵՄ:



Դրանից անկախ՝ ԵՄ-ն սահմափակող միջոցառումների է դիմել նաեւ Սիրիայի դրության կապակցությամբ: Գալով Սիրիայում Ռուսաստանի դերակատարությանը, դրա կապակցությամբ թե ԵՄ Արտաքին գործերի խորհրդի՝ հունիսի 17-ի Եզրակացություններում, թե հոկտեմբերի 20-21-ին կայացած Եվրոպական խորհրդի (ԵՄ անդամ երկրների պետությունների եւ կառավարությունների ղեկավարների խորհրդակցական մարմինն է՝ խմբ.) փաստաթղթում հստակ արձանագրվել է, որ ներկա վայրագությունների շարունակման դեպքում ԵՄ-ն կդիտարկի հակազդման բոլոր հասանելի տարբերակները: Սահմանափակիչ միջոցառումների գործադրման, թեթեւացման, վերացման կամ երկարաձգման ցանկացած որոշում ընդունում է Եվրոպական խորհուրդը:



Լուսինե ՊԵՏՐՈՍՅԱՆ