Սերժ Սարգսյանը՝ աքցանի մեջ

Սերժ Սարգսյանը՝ աքցանի մեջ

Կարեն Կարապետյանի` ՀՀ վարչապետի պաշտոնում նշանակումից անցել է երկու ամիս, առջեւում էլ` մինչեւ 2017-ի ընտրություններ, հասարակությանը փոփոխություն կամ արդյունք ցույց տալու համար մնացել է նույնքան ժամանակ: Օրացույցով, իհարկե, դեռ հինգ ամիս կա, բայց ռեալ հաշվարկում դեկտեմբերի եւ հունվարի կեսը տոներ են, փետրվարի կեսերից ԿԸՀ ներկայացվող կուսակցական ցուցակների շուկան, լուրերը, ինտրիգները ստվերում կթողնեն կառավարության գործունեությունը, մարտին էլ արդեն պաշտոնական ընտրարշավ է: Հետեւաբար, գրեթե կես ճանապարհ անցնելուց հետո, ձեռնպահ մնալով Կարապետյանի կառավարությանը գնահատական տալուց, արժե անդրադառնալ, թե ինչ խնդիր լուծելու համար է ձեւավորվել այս կառավարությունը:



Ո՞ւմ էր սպառնում դժոխքը



Կարծում եմ՝ ահագին մարդիկ կգտնվեն, ովքեր կհիշեն, որ անցյալ տարի սեպտեմբերին, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի օրերին, Սերժ Սարգսյանը շրջագայությամբ ԱՄՆ-ում էր: Այցի հիշվող դրվագներից մեկն այն էր, որ Նյու Յորքում մի ճաշկերույթ-ընդունելության առիթով Սարգսյանը նկարվել էր Բարաք եւ Միշել Օբամաների հետ, նախագահականն անմիջապես տարածել էր պատմական լուսանկարը` կից գրությամբ, թե Սարգսյանը նաեւ խոսել է Օբամայի հետ… Հետո Սարգսյանը մեկնել էր Վաշինգտոն, Կապիտոլ Հիլի (ԱՄՆ Կոնգրեսի) Այցելուների կենտրոնում Էդուարդո Էռնեկյանի կազմակերպած միջոցառմանն էր մասնակցել, որտեղ հայտարարել էր. «Այսօր այստեղ` Կապիտոլ Հիլում ելույթ ունենալով…»,- առանց մտահոգվելու, որ Կապիտոլ Հիլում ելույթ ունենալը պաշտոնական հրավերով Կոնգրեսի առջեւ ելույթ ունենալն է, ոչ թե Այցելուների կենտրոնում` Էռնեկյանի հյուրընկալած երեկույթին: Վերջապես, դարձյալ Վաշինգտոնում, Կարնեգի հաստատությունում, իր ելույթին հետեւած հարցուպատասխանի ընթացքում լսարանից հարց էին տվել, թե՝ պրն. նախագահ, Դուք տարիներ առաջ, երբ դեռ պաշտպանության նախարար էիք, կանխատեսել էիք, որ Ռոհանին Իրանում կգա իշխանության, ի՞նչ կանխատեսումներ ունեք Հայաստանի ապագա ղեկավարի առնչությամբ: Սարգսյանի պատասխանը եղել էր, որ ինքը երկու-երեք թեկնածու ունի մտքում, բայց եթե հիմա մեկի անունը տա, նրա կյանքը դժոխքի կվերածվի: Թեւաթափ անող անկեղծություն էր։ Փաստորեն, Սարգսյանը գիտակցում էր, թե Հայաստանի ժողովուրդը որքան է մերժում իրեն, որ իր հովանավորած թեկնածուին էլ կմերժի: Արդյոք Կարեն Կարապետյանը Սարգսյանի ակնարկած երկու-երեք թեկնածուներից մե՞կն էր եւ եկել է դժոխքին ընդառաջ, դժվար է գուշակել: Ամեն դեպքում՝ նա առաջինն է ասպարեզ եկել: Ինչո՞ւ:



Ես չեմ հավատում խոսակցություններին, թե իբր Կրեմլն է դեր ունեցել Կարապետյանի` վարչապետ նշանակվելու հարցում: Ինչո՞ւ, որովհետեւ Կարեն Կարապետյանը քաղաքական ֆիգուր չէ, իսկ Կրեմլի խնդիրները Հայաստանում քաղաքական են: Նաեւ չեմ կարծում, որ հույսեր են եղել, թե Կարապետյանը կարող է քաղաքական առաջնորդ դառնալ, հասարակություն միավորել, առաջ տանել, այն էլ՝ հեղինակազուրկ ու վարկաբեկված ՀՀԿ-ի դրոշով: Կարապետյանը չի կարող հասարակություն առաջնորդել, որովհետեւ պատմության մեջ չի եղել գործարար կամ մենեջեր, որ կարողանա դա անել: Առաջնորդը եւ կառավարիչը մարդկային ներհակ էություններ են: Մի դեպքում ոգեղեն-գաղափարական որակների հետ գործ ունենք, մյուս դեպքում՝ մտավոր-կազմակերպչական: Կարապետյանի դեպքում, ակնհայտորեն` գերակշռողը երկրորդն է: Հետեւաբար, առավել հավանականն այն է, որ Կարապետյանը որոշակի, հատվածական եւ պրագմատիկ խնդիրների լուծման հաշվարկով է վարչապետ նշանակվել՝ «երբ դրանք կլուծվեն, կտեսնենք» տարբերակով:



Կարապետյանից հիմնական ակնկալությունը



Լուծման կարոտ խնդիրներից ամենակարեւորը, թերեւս, կոռուպցիայի` կաշառակերության ու հովանավորչության վերացումն է երկրում: Իհարկե, պետական անարդյունավետ կառավարումն էլ երկրի հեռանկարին սպառնում է, բայց ներկայում հրատապը կոռուպցիան է: Հայաստանում այն կար, երբ Սերժ Սարգսյանը դարձավ նախագահ, եւ եթե չասենք՝ Սարգսյանն անձամբ է 9 տարի շարունակ կոռուպցիան հովանավորել ու ծաղկեցրել, ապա, վստահաբար, դրա դեմ չի էլ պայքարել: Հետեւաբար, ի՞նչ պատահեց հանկարծ, որ Սերժ Սարգսյանը նոր վարչապետ նշանակեց եւ նրան կոռուպցիայի դեմ պայքարելու քարտ-բլանշ տվեց։



Բացատրությունը թերեւս այն է, որ շարքային հարկային կամ մաքսային տեսուչի կաշառակերությունից մինչեւ անձամբ Սարգսյանի կողմից իրականացված հովանավորչությունը այսօր հանգեցրել են նրան, որ Հայաստանի համար փակվել են բոլոր դոնորային ծորակները, եւ արտաքին քաղաքական զարգացումները Սարգսյանին չեն թողել հույս, թե դրանք կբացվեն: Որքան էլ Սերժ Սարգսյանը ներդրումային համաժողովներ բեմադրի կամ դրանց մասնակցի` ԱՄՆ-ից մինչեւ Արաբական Էմիրություններ, Հայաստանը գոնե Արեւմուտքից չի ստանալու ոչ ֆինանսներ, ոչ ներդրումներ, ոչ տնտեսական նախագծեր այնքան ժամանակ, քանի դեռ պետական կոռուպցիոն մեքենան Հայաստանում չի կազմաքանդվել: Իսկ Արեւմուտքի ֆինանսական եւ տնտեսական աջակցության բացակայությունը նշանակում է Հայաստանի մեկուսացում եւ թուլություն, որի դիմաց կարող է վճարել Ղարաբաղն իր գոյությամբ:



Ի վերջո, որքան էլ ոմանք գեղարվեստական զեղումների մեջ ընկնեն եւ ճառեն, թե Ղարաբաղը Հայաստանի մաս է, չկա նման իրականություն: Հայաստանը միջազգային հանրության անդամ է, այն կարող է լինել հաջողված երկիր, ինչն ամենքս ենք ցանկանում, կարող է լինել ձախողված երկիր, ինչն առկա իրականությունն է, բայց դրանից Հայաստանին գոյաբանական վտանգ չի սպառնում: Ներկա աշխարհում Հայաստանի անկախությանն ու գոյությանը ոչ Ռուսաստանը կարող է սպառնալ, ոչ էլ Թուրքիան, իսկ Մերձավոր Արեւելքի թոհուբոհից հետո Հայաստանի գործոնը եւ գոյությունն անհամեմատ արժեքավորվել են:



Մինչդեռ ԼՂՀ-ն ոչ մեկի կողմից չճանաչված տարածք է` պետություն, որի գոյության համար միայն Հայաստանն է ցավում: Հետեւաբար, որքան Հայաստանը թույլ լինի, այնքան առաջին հարվածի ենթակա Ղարաբաղը խոցելի է լինելու: Եթե մինչեւ հիմա Հայաստանում պետական կոռուպցիոն սխեմաներով սեւ բյուջե էր ձեւավորվում՝ իբր զենքեր ձեռք բերելու եւ Ղարաբաղը պաշտպանելու համար, հիմա հենց Հայաստանում կոռուպցիոն սխեմաների եւ սեւ բյուջեի գոյությունն է սպառնում ԼՂՀ-ի անվտանգությանը` թուլացնելով Հայաստանը: Այնպես որ՝ Սերժ Սարգսյանն աքցանի մեջ է, նա պետք է կոռուպցիայի դեմ համոզիչ պայքարի ու արդյունքի հասնի եւ, հավանաբար, այդ խնդիրն էլ դրել է վարչապետ Կարապետյանի առջեւ: Մնում է, որ Կարապետյանին եւ իր կադրերին, հատկապես ՊԵԿ-ի նախագահին, դա հաջողվի:



Լուսինե ՊԵՏՐՈՍՅԱՆ