Թուրքիան ավելին է, քան Էրդողանը

Թուրքիան ավելին է, քան Էրդողանը

Երեկ վերջապես Եվրոպան, ի դեմս Եվրոպական խորհրդարանի, բանաձեւ ընդունեց Թուրքիայի համար ԵՄ անդամակցության բանակցությունները սառեցնելու մասին: Գործնական տեսակետից դա նույնն է, ինչ տեղից չշարժվող գնացքի վերաբերյալ որոշում ընդունես, որ կանգնած մնա: Թուրքիայի ԵՄ անդամակցության բանակցություններն առանց այն էլ հիսունքանի տարի տեղից չեն շարժվել: Թուրքիան 1963-ից սկսել է ԵՄ-ին անդամակցության չափանիշներին համապատասխանելու եւ պաշտոնապես դիմելու գործընթաց: 1987-ին վերջապես դիմումը պաշտոնապես ներկայացվել է: 2005-ին սկսվել են անդամակցության բանակցությունները: Անդամակցությունը ենթադրում է բանակցությունների 35 թեմատիկ բաժին, 2005-ից մինչ այժմ, 11 տարում բանակցվել է ընդամենը մեկ բաժին: Այնպես որ, Դեյվիդ Քամերոնը գույները շատ չէր խտացրել, երբ ասել էր, թե ներկա տեմպերով Թուրքիան ԵՄ-ին կանդամակցի 3000թ.-ին: 



Սակայն քաղաքական տեսակետից Եվրախորհրդարանի որոշման կշիռն ու ազդեցությունը դժվար է գերագնահատել: Երկրորդ համաշխարհայինից ի վեր Թուրքիան եվրո-ատլանտյան ուղեծրում պահելու, Թուրքիան Եվրոպային ինտեգրելու, Թուրքիայի եվրոպական ապագայի ինքնախաբեությանը վերջապես վերջակետ դրվեց եւ ազդարարվեց Թուրքիայի հետ ապահարզանի սկիզբը: Ի վերջո, որքա՞ն կարելի էր բնությանը եւ բանականությանը հակառակ շարժվել: Բավական եղավ հուլիսի 15-ի հեղաշրջման մի փորձ, որպեսզի Թուրքիան շրջվեր դեպի միջնադարյան խավարը, դավադիրների դեմ պայքարի ներքո երկրում կուսակցական ու դավանաբանական այլատյացություն մոլեգներ, փողոցներում Լինչի դատաստաններ կազմակերպեին, եւ մահապատիժ վերականգնելու խոսակցություններ ծայր առնեին:



Իհարկե, Եվրախորհրդարանի երեկվա քվեարկությունից առաջ Թուրքիայի հիմնական ընդդիմադիր կուսակցության՝ CHP-ի ղեկավարությունը կոչով դիմել էր եվրոպացի խորհրդարանականներին՝ խնդրելով հիշել, որ «Թուրքիան ավելին է, քան մեկ մարդը, Թուրքիան ավելին է, քան Էրդողանը», հավատացնելով, որ Թուրքիայի ուղին դեպի Եվրոպա է ձգվում, Թուրքիան նույնիսկ ինտեգրված է Եվրոպային, բայց… CHP-ի հորդորներին Եվրախորհրդարանի միայն 37 անդամ անսաց եւ Թուրքիայի ԵՄ անդամակցության բանակցությունները սառեցնելու բանաձեւին դեմ քվեարկեց: Եվս 107 պատգամավոր բացակայել էր քվեարկությունից: Իսկ 479 խորհրդարանական կողմ էր քվեարկել բանաձեւին` գուցե համաձայնելով, որ Թուրքիան ավելի մեծ է, քան Էրդողանը, բայց համարելով, որ Էրդողանն իր հետեւորդներով այդ Թուրքիայի մեծամասնությունն է, եւ նրանք ոտնահարում են մարդու իրավունքներն ու մարդկային արժեքները:



Ոչ ոք չի կարող ժխտել, որ Թուրքիայում կան, ապրում են, գործում են, պայքարում են հարյուր հազարավոր, հնարավոր է՝ միլիոնավոր ազնիվ, արդարամիտ, խելացի ու զարգացած մարդիկ, որոնք ջանում են Թուրքիայի դեմքը մարդկային եւ արժեքավոր դարձնել, բայց նրանք կատարյալ փոքրամասնություն են: Եվ որքան էլ մեծ լինի այդ մարդկանց հետ համերաշխության զգացումը, նրանց սատարելու ցանկությունը Եվրոպայում կամ աշխարհում, հնարավոր չէ հանուն նրանց՝ Թուրքիայի բնակչության գերակշռող մեծամասնության տապալումներին եւ բռնություններին չարձագանքել եւ չհակազդել։ Թուրքիան չի կարող հետզհետե ընկղմվել միջնադարում, իսկ Եվրոպան ձեւացնի, թե նրան տեսնում է Եվրոպայում:



Դրա համար էլ Եվրախորհրդարանի որոշումը քաղաքական խորը ազդեցություն եւ կշիռ ուներ` նախազգուշացնելու, թե Թուրքիայի ներկա ընթացքն ուր կհանգեցնի այդ երկրին: Եվրոպային մաս կազմելու համար դերասանությունը ճանապարհ չէ, եվրոպական քաղաքակրթությունն ու արժեքները պետք է հասարակության կամ գոնե պետության հիմքում լինեն: Մինչդեռ Թուրքիայում դրանք ոչ պետության հիմքում են, ոչ էլ հասարակության մեծամասնության վարքի եւ գիտակցության մեջ: Յոթ տասնամյակներն այդտեղ մեծ բան չեն փոխել, եւ Եվրոպան, ի վերջո, հարկադրվեց Թուրքիայից քաղաքական ապահարզան սկսել։



Լուսինե ՊԵՏՐՈՍՅԱՆ