ԵԱՀԿ գրասենյակի corruption, թե ինչ...

ԵԱՀԿ գրասենյակի corruption, թե ինչ...

ԵԱՀԿ-ն եվրոպական մայրցամաքի ամենահեղինակավոր կառույցներից մեկն է, Երեւանում ունի գրասենյակ, որը ղեկավարվում է դեսպանի կողմից եւ զբաղվում է մարդկային թրաֆիքինգի դեմ պայքարի, հակաահաբեկչության, կրթության, ընտրությունների, շրջակա միջավայրի, գենդերային հավասարության, հանդուրժողականության եւ մի շարք նմանատիպ հարցերով: Գրասենյակի կայքում գլխավոր նյութը, սակայն, 2014-ին թվագրված մի լուսանկար է` դպրոցահասակ երեխաների համար Ծաղկաձորում կազմակերպված հակակոռուպցիոն սեմինարից: 



Այդ լուսանկարն ուշադրությունս գրավեց, որովհետեւ, իմ տպավորությամբ, ԵԱՀԿ երեւանյան գրասենյակում ուրիշի աչքի շյուղից են քարոզում` առանց սեփական աչքի գերանը տեսնելու: Դժվար է հովանավորչություն կամ կոռուպցիա չկոչել մի դրվածք, երբ ԵԱՀԿ գրասենյակի միջոցներով անվանապես հայաստանցի լրագրողներ են գործուղվում ԵԱՀԿ գագաթնաժողովներ լուսաբանելու, մինչդեռ իրականում լրագրողի անվան ներքո գործուղում են ում ասես` լրագրության հետ կապ ունեցող, թե չունեցող: Ինքս ինչպե՞ս դրան տեղեկացա… պատահաբար:



Հոկտեմբերի վերջերին մամլո հաղորդագրություն էի ստացել դեկտեմբերի ԵԱՀԿ նախարարական ժողովին լրագրողների հավատարմագրման կարգի մասին: Գերմանական նախագահությունը լրագրողներին Համբուրգ հրավիրելու դրամաշնորհներ չէր հատկացրել, Գերմանիայի դեսպանատանն էլ չկային նախատեսված միջոցներ, հետեւաբար, ծանուցումը մի կողմ պետք է դնեի: Բայց մինչ այդ զանգեցի ԵԱՀԿ երեւանյան գրասենյակ, որտեղից հաստատեցին, որ իրենք լրագրողներ տանում են ԵԱՀԿ-ի գագաթնաժողովներին, բայց նաեւ նշեցին, որ որոշված է, թե դեկտեմբերին ում են տանելու:



Դե, ում տանում են` տանեն, գագաթնաժողով է` ամեն տարի գումարվող… Եվ հետո՝ ինքս որքան էլ շատ եմ արտերկրում եղել, երբեք չի պատահել, որ մեկնեմ մեկ-երկու օրով`այց, հանդիպում, համաժողով լուսաբանելու: ԱՄՆ-ից մինչեւ Իրան քանի տասնյակ երկրներ էլ որ այցելել եմ, նվազագույնը մեկ-երկու շաբաթ տեւող ծրագրերով եմ այցելել` լրագրողական շրջագայություններ, միջազգային կուրսեր, ֆորումների, փառատոներ: Բայց արի ու տես, որ նոյեմբերի 8-ի ԱՄՆ ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակից հետո, ԵԱՀԿ Համբուրգի նախարարական ժողովն իմ աչքում դարձավ առանձնահատուկ, գրեթե պատմական` ի տես նրա, թե ողջ նախընտրական արշավի ընթացքում Թրամփն ինչեր է ասել Եվրոպայում անվտանգության համակարգի մասին:



Այժմ, իրոք, ցանկացա մեկնել Համբուրգ:



Առաջին քայլերից մեկը՝ ցանկությունս իրականություն դարձնելու ուղղությամբ, ինքնաբերաբար հետաքրքրվելն էր, թե լրագրողն ինչ ընթացակարգով, ում պետք է դիմի, որպեսզի նրա թեկնածութունը քննարկվի գործուղման համար: Այստեղից էլ սկսվեց հետաքրքրականը: Պարզվեց, թե ում գործուղել ԵԱՀԿ գագաթնաժողով, որոշում է երեւանյան գրասենյակը, բայց դրա համար գոյություն չունի ոչ մի ընթացակարգ: Ավելին, գոյություն չունի ընդհանրապես ոչ մի նիշ, պահանջ, չափանիշ, թե ում են գործուղում: Լրագրողի անվան ներքո գործուղում են՝ ում ուզում են: Համբուրգ են տանում՝ մեկը, օրինակ, բլոգեր Սամվել Մարտիրոսյանին: Հարց. Սամվել Մարտիրոսյանը երբեւէ իր կյանքում լրագրությամբ զբաղվե՞լ է, որեւէ առնչություն ունի՞ լրագրության հետ: Նա բլոգեր չէ՞, որը նաեւ կիբեր անվտանգության հարցերով է զբաղվում… Հետեւաբար, ԵԱՀԿ գագաթնաժողովում Մարտիրոսյանն ի՞նչ պետք է անի, տեղեկությունների՞ հետեւի, ասուլիսի՞ մասնակցի, հարցազրո՞ւյց վերցնի…



Հավատա՞նք, որ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի լրատվության պատասխանատուն social networking կամ blogging ասվածը չի կարողանում տարբերել լրագրությունից, այդ դեպքում ինչպե՞ս է լրատվության պատասխանատվություն ստանձնել: Թե՞ ենթադրության հանգենք, որ գագաթնաժողովների գործուղման համար թեկնածուներն ընտրվում են շահագրգռությամբ կամ մեկի ընկերը լինելու հանգամանքով, կամ ՀՀ նախագահականից են խորհուրդ տալիս… Ամեն պարագայում, ի տես լրագրողի անվան ներքո ոչլրագրողներին գործուղելու ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի արատավոր ու արմատացած պրակտիկայի (որը դժվար է չբնութագրել որպես հովանավորչություն կամ կոռուպցիա), ծառանում է մի կենտրոնական հարց. կա՞ որակավորման պահանջ, նիշ (eligibility requirement), որոնց պետք է համապատասխանի անձը, որպեսզի, իբրեւ լրագրող, ԵԱՀԿ ֆինանսավորում ստանա եւ մեկնի գագաթնաժողով՝ լուսաբանելու, եթե այո, ապա որո՞նք են:



Այս հարցադրումն արդեն երկու շաբաթ ուղարկել ենք ԵԱՀԿ երեւանյան գրասենյակ: Եվ չկա պատասխան: Խոսուն փաստ է: Ուրիշի աչքի շյուղից խոսելը կամ դպրոցականներին կոռուպցիայից քարոզելը դյուրին է, բարդը սեփական աչքի գերանի հարցն է:



Լուսինե ՊԵՏՐՈՍՅԱՆ