Աշոտ Զաքարյանը վերադարձել է ռազմական գործին

Աշոտ Զաքարյանը վերադարձել է ռազմական գործին

Գյումրեցիների բնորոշմամբ՝ Գյումրու ՀԱԿ տարածքային կառույցը հատկապես ուժեղ էր, երբ կառույցի պատասխանատուն արցախյան պատերազմի մասնակից, գնդապետ Աշոտ Զաքարյանն էր: Վերջինս 1993-2003 թթ.՝ շուրջ 10 տարի, զբաղեցրել է նաեւ Գյումրու ռազմական ոստիկանության պետի պաշտոնը: Փորձեցինք պարզել, թե ինչով է զբաղված ոստիկանության նախկին պետն այսօր, եւ ինչու հարազատ քաղաքում նրան հաճախ չենք տեսնում: Պարզվեց, որ դեռ նախորդ տարի նրան նշանակել են Սիսիանի ռազմական ոստիկանության պետ, ապա կարճ ժամանակ անց տեղափոխվել է Հրազդան եւ ՀՀ պաշտպանության նախարարության ենթակայության տակ գտնվող կարգապահական գումարտակի հրամանատարն է: Հրազդանում գումարտակի հրամանատարն իրեն այնքան էլ վատ չի զգում, նա մեր հարցին անկեղծորեն պատասխանեց. «Հայաստանի բոլոր բնակավայրերն էլ ես համարում եմ ինձ հարազատ... ամենուր ունեմ հրաշալի ընկերներ, հատկապես՝ մարտական ընկերներ»: Պարզեցինք նաեւ, որ Աշոտ Զաքարյանը տեւական ժամանակ այլեւս քաղաքականությամբ չի զբաղվում, նվիրվել է ռազմական գործին: Գտնվելով զինվորական ծառայության մեջ` ՀԱԿ խմբակցության նախկին անդամը քաղաքականության եւ այլ թեմաներով խոսել չցանկացավ: Հիշեցնենք, որ 2008-ին, երբ ՀՀ նախագահական ընտրություններին` հայտնի մարտիմեկյան դեպքերի ժամանակ, երբ սատարում էր ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին, Աշոտ Զաքարյանի նկատմամբ քրեական գործ հարուցվեց: Նրան ձերբակալեցին, իսկ ավելի ուշ նա լքեց ՀԱԿ շարքերը, որի պատճառը, ըստ շրջանառվող լուրերի, նրա եւ առաջին նախագահի տարաձայնություններն էին, քանի որ վերջինս ցանկություն էր հայտնել համագործակցել ԲՀԿ-ի հետ: Թեեւ չի բացառվում, որ դեռ այն ժամանակ շահավետ գործարք է կայացել. պաշտոն՝ ՀԱԿ-ից դուրս գալու դիմաց։



Արևիկ Հակոբյան, Գյումրի