Ջեյմս Մատիսի նշանակումը լավատեսություն է ներշնչում

Ջեյմս Մատիսի նշանակումը լավատեսություն է ներշնչում

Հարցազրույց Մեթյու Բրայզայի հետ



Սկիզբը՝ դեկտեմբերի 6-ի համարում



- Մեթյու, իսկ ի՞նչ եք մտածում Մերձավոր Արեւելքում Թուրքիայի ներգրավվածության մասին: Որքանո՞վ է իրական քաղաքացիական պատերազմների հավանականությունը Թուրքիայում` թուրքերի ու քրդերի, էրդողանականների ու գյուլենականների, աշխարհիկների ու իսլամիստների միջեւ, եւ հնարավո՞ր է դրանցից խուսափել:



- Քաղաքացիական բախումներ գյուլենականների եւ նախագահ Էրդողանի ու նրա կողմնակիցների միջեւ ներկայում անհավանական են: Մեծ բախումն արդեն պատահեց այս տարվա հուլիսի 15-ին, երբ գյուլենականների` պետական հեղաշրջում իրականացնելու փորձը տապալվեց, ընդսմին, ոչ միայն թուրքական զինվորականության ու ոստիկանության ջանքերով, այլեւ առավելապես շարքային թուրք քաղաքացիների, որոնք ստվար զանգվածներով դուրս եկան փողոց` պաշտպանելու ժողովրդավարորեն ընտրված իրենց իշխանությանը: Այդ շարքային թուրք քաղաքացիներից շատերն ամենեւին էլ չեն աջակցում Էրդողանին, նույնիսկ խորշում են նրանից: Բայց իրենց մոտ ժողովրդավարական համակարգի արժեւորումը` դրա բոլոր թերություններով հանդերձ, պարզվեց՝ շատ ավելի զորեղ է, քան ատելությունն Էրդողանի եւ նրա AK կուսակցության հանդեպ: Սա դրական զարգացում էր եւ արտացոլվեց ազգային միասնության ալիքում, որ բարձրացավ հուլիսի 15-ին ու դրանից հետո:



Իհարկե, այդ միասնությունից հիմա հետք չի մնացել թուրքական իշխանությունների լայնամասշտաբ հետապնդումների պատճառով, որ հետեւեցին հեղաշրջման փորձին: Բայց քաղաքացիական հակամարտությունը Թուրքիայում ավելի քաղաքական եւ իրավական բնույթ ունի, քան բռնությունների: Մանավանդ՝ թուրքերի գերակշիռ մեծամասնությունն այժմ եզրակացրել է, որ նախագահ Էրդողանը մոտ է եւ կհասնի նրան, ինչն իր քաղաքական օրակարգի առաջնահերթությունն է եղել 2007-ից ի վեր` Թուրքիայի իշխանական համակարգը խորհրդարանականից վերածել նախագահականի:



- Անցյալ տարի ես Թուրքիայում էի` Հայոց ցեղասպանության հարյուրամյակի միջոցառումները լուսաբանելու առիթով, եւ այնտեղ հանդիպեցի թուրքերի, որոնց շատ համակրեցի ու հարգեցի: Բայց այցը, այդուհանդերձ, շատ չփոխեց երկրի իմ ընկալումը եւ այն համոզմունքը, որ Թուրքիան ընդհանուր ոչինչ չունի Եվրոպայի հետ: Ներկայում ԵՄ-ի եւ ԱՄՆ-ի հետ Թուրքիայի հարաբերություններն ակնհայտ վատթարացած են. ո՛չ Թուրքիայի ԵՄ անդամակցությունն է այլեւս հնարավոր թվում, ո՛չ էլ Եվրոպայի խորհրդից կամ ԵԱՀԿ-ից Թուրքիայի հեռացումը կզարմացնի, եթե երկրում վերականգնվի մահապատիժը: Այս ամենը Թուրքիային ո՞ւր է տանում:



- Ըստ էության, Թուրքիայի` ԵՄ անդամակցության հայտը գործնական նշանակությունը կորցրել էր դեռ մի քանի տարի առաջ: Թուրքերը քաղաքական դաշտի ողջ սպեկտրով հանգել են համոզման, որ ԵՄ-ն երբեք էլ լրջորեն տրամադրված չի եղել Թուրքիային լիակատար անդամակցություն առաջարկելու, լավագույն դեպքում կարող էր արտոնյալ գործընկերության մի կարգավիճակ առաջարկվել:



Այդպիսով, ԵՄ ընդունվելը Թուրքիայի համար ավելի ազգային հպարտության հարց է դարձել, քան ռազմավարական նպատակ: Դրա համար էլ կարծում եմ, որ նախագահ Էրդողանի եւ իր թիմի համար ամենամեծ խնդիրը կողմնորոշվելն է՝ արդյո՞ք շարունակեն ԵՄ մանդատով պահանջվող բարեփոխումները` գիտակցելով հանդերձ, որ ԵՄ-ին անդամակցելու գործընթացն ավարտին հասցնելու հնարավորությունը ծայրահեղ փոքր է, եթե նույնիսկ ԵՄ-ն պաշտոնապես դուռը չփակի Թուրքիայի համար: Իհարկե, սա էլ պետք է ասել, որ միլիոնավոր թուրքեր իրենց երկրի համար անկեղծորեն երազում են ԵՄ անդամակցություն` գոնե երբեւէ ապագայում, շատերը կանոնավոր մեկնում են ԵՄ երկրներ՝ հանգիստ վայելելու, այնտեղ ներդրումներ են կատարում: Բայց նրանք էլ, թվում է, իրականում կորցրել են հույսը, թե Թուրքիան ԵՄ անդամ կդառնա, դա չեն սպասում գոնե իրենց կյանքի ընթացքում:



- Մեթյու, Դուք անձնապես ներգրավված էիք Հարավային Կովկասի հանդեպ ԱՄՆ քաղաքականության մշակման մեջ`Օբամայի վարչակազմի առաջին տարիներին: Այժմ, ութ տարի անց, թվում է, թե շատ բան չի փոխվել` հայ-թուրքական սահմանը մնում է փակ, Ալիեւը՝ նույնքան բռնակալ ու ագրեսիվ, ինչպես միշտ, Վրաստանն առանց հաջողության փորձում է եվրո-ատլանտյան կառույցներին միանալ, Հայաստանն էլ նույնքան անհաջող փորձում է իր անվտանգության ու տնտեսության խնդիրները լուծել` մանեւրելով Ռուսաստանի եւ Արեւմուտքի միջեւ: Կարծում եք՝ Թրամփի նախագահությունն ազդեցություն կունենա՞ այս իրադրության վրա:



- Ես խորապես հուսահատված էի Օբամայի վարչակազմում ստրատեգիական ընկալման բացակայությունից` Հարավային Կովկասի առնչությամբ, եւ ընդհանրապես աշխարհի: Սա հանգուցային պատճառն էր, ինչի համար 2012-ի հունվարին որոշեցի Պետքարտուղարությունից հեռանալ:



Եվ Վաշինգտոնում այդ ստրատեգիական հավակնությունների բացակայությունը Հարավային Կովկասի համար դաժան հետեւանքներ ունեցավ: Նախագահ Օբամայի կողմից իր իսկ սահմանած կարմիր գիծը չհարգելն ու հատելը Սիրիայում (խոսքը վերաբերում է Սիրիայի նախագահ Ասադի հանդեպ ուժ կիրառելու Օբամայի սպառնալիքին, եթե Ասադը Սիրիայի քաղաքացիների դեմ քիմիական զենք գործադրեր) եւ Russia Reset-ի (Ռուսաստանի հետ հարաբերությունների վերբեռնման) քաղաքականությունը ոգեւորեցին նախագահ Պուտինին` ցույց տալով, որ Վաշինգտոնի թշնամիների համար գործնականում կարող է որեւէ հետեւանք չունենալ ԱՄՆ նախագահի խիստ նախազգուշացմանը չենթարկվելը: Այն, ինչը հետեւեց դրան, Ռուսաստանի ներխուժումն էր Ուկրաինա եւ Ղրիմի բռնազավթումը, Ռուսաստանի ռազմական արկածախնդրությունը Սիրիայում եւ պատերազմական հանցագործությունները Հալեպում, եւ Ռուսաստանի ռազմաքաղաքական ակտիվության մեծացումը Հարավային Կովկասում:



Մոսկվան հետզհետե սեղմեց օղակը Վրաստանի շուրջ, որի տարածքի զգալի մասը մնում է գրավված ռուսական զինուժի կողմից, եւ որի չընտրված առաջնորդն իր հսկայական հարստությունը կուտակել է Մոսկվայում: Հայաստանում Մոսկվան կլանեց ձեր երկրի օդային տարածքը, կազմակերպեց Հայաստանի ռազմավարական ընտրությունը հօգուտ Եվրասիական տնտեսական միության՝ Եվրոպական Միության փոխարեն, եւ «Իսկանդեր» հրթիռային համակարգեր տեղակայեց ձեր տարածքում: Ադրբեջանում Մոսկվան օգտագործում է «Թուրքական հոսք» գազատարի նախագիծը, որպեսզի խափանի ԵՄ-ի «Հարավային միջանցք» ծրագիրը, հեռացնի Ադրբեջանի գազային ոլորտում մասնավոր ներդրողներին եւ այդպիսով Ադրբեջանին բերի իր ուղեծիր:



Ի հավելումն այդ ամենի, Ռուսաստանը նաեւ ընդլայնեց իր ծովային ու օդային պաշտպանական կարողությունները Սեւ եւ Կասպից ծովերի շրջանում՝ ջանալով բարձրացնել Վրաստանի հանդեպ նոր ռազմական ագրեսիային դիմակայելու գինն ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի դաշնակիցների համար: Միեւնույն ժամանակ Ռուսաստանը նոր հյուսիս-հարավ ռազմավարական գործընկերության առանցք է ջանում հաստատել Իրանի, Հարավային Կովկասի երկրների եւ դրանց միջեւ էլ՝ Թուրքիայի հետ:
Եվ Վաշինգտոնի հարաբերություններն Անկարայի հետ այժմ ավելի լարված են, քան երբեւէ:



Ես հույս ունեմ, որ նախագահ Թրամփի վարչակազմը կմշակի ռազմավարական կախատեսումներ, որոնցով կճանաչվի վերը թվարկված զարգացումների վտանգավորությունը, եւ հետո քայլեր կձեռնարկվեն դրանց դիմագրավման ուղղությամբ: Իհարկե, եւ ռազմավարական, եւ հոգեբանական առումով նախագահ Թրամփի համար կարեւոր է վերադառնալ նախագահ Ջորջ Բուշի խորը համոզմունքին, որ Հարավային Կովկասի երկրներն ունեն Ռուսաստանի ճնշումներից զերծ սեփական ճակատագիրն ու ապագան որոշելու իրավունք: Այս պահին դեռ շատ վաղ է կանխատեսել՝ արդյո՞ք այդպես կլինի: Իհարկե, պաշտոնաթող գեներալ Ջեյմս Մատիսի առաջադրումը որպես պաշտպանության քարտուղարի թեկնածու, խոսում է այն մասին, որ ընտրված նախագահ Թրամփը հակված է նման ռազմավարություն եւ ընկալում որդեգրելու: Ապագայի կռահման հաջորդ մեծ ցուցիչը եւ բանալին կլինի այն, թե պրն. Թրամփն ում կընտրի որպես իր պետքարտուղար:



- Եվ մի վերջին հարց՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին, չնայած ես այդ թեման չեմ սիրում եւ դրա մասին չեմ հարցնում: Ուղղակի Դուք այնքան իրազեկ ու տեղյակ եք այդ խնդրին, որ չեմ կարող այս մի հարցը չտալ: Ինձ վաղուց թվում է, որ նախագահ Ալիեւի մոտիվացիան ու գերնպատակը Հայաստանին վնասելն է, եւ ԼՂ խնդիրն այդտեղ միայն միջոց է, որը փայլուն սպասարկում է նպատակը: Քանի դեռ այդ միջոցը գործում եւ արդյունք է տալիս` ի դեմս Հայաստանի շրջափակման, Թուրքիայի հետ փակ սահմանի եւ այլն, հազիվ թե Ալիեւն այդ միջոցից հրաժարվի: Դուք կհամաձայնե՞ք ինձ հետ: Եթե ոչ` ինչո՞ւ:



- Ես կարծում եմ՝ նախագահ Ալիեւի գերնպատակը Լեռնային Ղարաբաղը եւ շրջակա յոթ շրջաններն Ադրբեջանի կազմ վերադարձնելն է: Հայաստանն Ադրբեջանի կողմից սկզբնապես եւ շատ ավելի այս համատեքստում է դիտվում, քան որպես ինքնուրույն նպատակային թիրախ:



Իմ շփումներից դատելով, նախագահ Ալիեւն այս հակամարտությանն իրատեսական մոտեցում է ցուցաբերում, ինչպեսեւ նախագահ Սարգսյանը: Երկու առաջնորդներն էլ գիտակցում են, որ իրենց առավելագույն նպատակներն անիրագործելի են, եւ նրանք կամք են դրսեւորել փոխզիջում փնտրելու, անգամ ավելի վաղ, քան իրենց երկրների քաղաքացիները պատրաստ կլինեն փոխզիջում ընդունելու: Այդ ճանապարհին երկու նախագահները, գոնե որպես սկզբունք, ակներեւաբար, ընդունեցին նախագահ Պուտինի կառուցողական առաջարկն անցյալ հունիսին, Սանկտ Պետերբուրգի գագաթնաժողովում, այն մասին, որ Հայաստանը հարակից յոթ տարածքներից երկուսը վերադարձնի Ադրբեջանին` Ադրբեջանի կողմից Հայաստանի հետ հաղորդակցության ուղիները վերականգնելու դիմաց: Թեեւ վերջին շրջանում ես Հայաստան այցելելու առիթ չեմ ունեցել, բայց Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ անցյալ ամռանը Բաքվում ունեցած անձնական քննարկումներից գիտեմ, որ ադրբեջանական կողմը Պուտինի առաջարկն օգտակար էր համարում:



Այսինքն՝ Հայաստանին վնասելը նախագահ Ալիեւի համար ստրատեգիական նպատակ չէ, դա ավելի մարտավարություն է` Լեռնային Ղարաբաղի առնչությամբ Ադրբեջանի ստրատեգիական նպատակներն առաջ մղելու համար:



ՀԳ. Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ հարցը վերջինն էր, որով ավարտվում էին Մեթյու Բրայզային ուղարկած իմ գրավոր հարցերը: Սակայն վերջին պատասխանում հնչած միտքը՝ Պուտինի առաջարկի վերաբերյալ, թելադրեց շարունակություն: Չէի կարող եւս մեկ հարց չտալ. այդ հարցը եւ պատասխանը ներկայացված են «Post Scriptum կամ Պուտինի առաջարկը» վերնագրով հրապարակման մեջ: Հարցեր ուղարկվեցին, եւ պատասխան ստացվեց նաեւ ՀՀ նախագահականից:



Մեթյու Բրայզայի հետ հարցազրույցի անգլերեն բնագիրը կարդացեք հետեւյալ հղումով.



http://hraparak.am/?p=132039&l=am/moscows+policy+driver+is+its+jealousy+of+united+states+power+



Լուսինե ՊԵՏՐՈՍՅԱՆ