Սերժ Սարգսյանը հերքում է ամեն ինչ

Սերժ Սարգսյանը հերքում է ամեն ինչ

Դե ինչ, Մեթյու Բրայզայի հարցազրույցից պարզվեց, որ ադրբեջանական շրջանակները կրկնում են նույնը, ինչը մինչ այդ բարձրաձայնվել էր Մոսկվայից: Մեկ-երկու ամիս առաջ Tert.am-ի միջոցով Էպիֆանցեւ ազգանունով մի ռուս քաղաքագետ էր Հայաստանում տարածել տեղեկություն, թե ԼՂ հակամարտության շուրջ ընթացող բանակցություններում քննարկվում է ԼՂՀ հարակից մեկ-երկու շրջանի վերհսկողությունն Ադրբեջանին հանձնելու դիմաց Հայաստանի համար հաղորդակցության ուղիներ ապաշրջափակելու հարցը: Ճիշտ է, Էպիֆանցեւի կապակցությամբ ծագում էր հարցը, թե մի ռուս քաղաքագետ դա որտեղից գիտեր, ով է իրեն նման տեղեկություն հայտնել, եւ, վերջապես, դա ինֆորմացիոն արտահո՞սք է բանակցություններից, թե՞ Կրեմլի պատվերով զոնդաժ: Սակայն եթե անգամ զոնդաժի հետ գործ ունենք, եթե Էպիֆանցեւը դա ասում է Tert.am-ին, Բաքվի ղեկավարությունն էլ նույնն ասում է Բրայզային, նշանակում է առնվազն ռուս-ադրբեջանական փոխըմբռնում եւ համագործակցություն կա այդ հարցում: 



Բրայզային պետք է առանձնակի շնորհակալ լինենք, որ Էպիֆանցեւի տեղեկատվությունը նա լրացրեց ամենակարեւոր դետալով. հայտնեց, որ տարածքի վերադարձի դիմաց հաղորդակցության ուղիների ապաշրջափակումը եղել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի առաջարկը: Ռուս-ադրբեջանական սիրախաղերն ու համատեղ մտահղացումներն ընդդեմ Հայաստանի ոչ մեկին այստեղ չեն զարմացնում: Խնդիրն ընդամենը այն է, թե նրանք իրո՞ք իրենց հերթական մտահղացումները ներկայացրել են Սերժ Սարգսյանին եւ եթե ներկայացրել են` ի՞նչ պատասխան են լսել Հայաստանի նախագահից: Իսկ դա պարզելու միակ տարբերակը ՀՀ նախագահին հարց ուղարկելն էր:
Հետեւաբար, գրություն ուղարկեցի ՀՀ նախագահական պալատ՝ հայտնելով, որ Մինսկի խմբի նախկին համանախագահ Մեթյու Բրայզայից հարցազրույց եմ վերցրել, որտեղ պրն. Բրայզան գրեթե կրկնել է նույն տեղեկությունները, որոնք սեպտեմբերին Հայաստանում Tert.am-ի միջոցով տարածել էր Էպիֆանցեւ ազգանունով ռուս քաղաքագետը:



Այնուհետեւ կրկնել էի այն, ինչ ասել էր Էպիֆանցեւը, եւ ինչ Պուտինի մասով լրացրել էր Բրայզան, եւ խնդրել էի պատասխանել երեք հարցի.



«1. Արդյո՞ք ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանդես է եկել ԼՂՀ հարակից որոշ տարածքներ Ադրբեջանի վերահսկողությանը վերադարձնելու դիմաց Հայաստանի համար հաղորդակցության ուղիներ ապաշրջափակելու նախաձեռնությամբ: Եթե այո, ապա առաջարկն առաջին անգամ հնչել է Սանկտ Պետերբուրգի եռակողմ հանդիպմա՞նը, թե՞ նման նախաձեռնություններ եղել են նաեւ նախկինում:



2. Ռուսական եւ ադրբեջանական կողմերն ի՞նչ ակնկալությամբ են hայկական կողմին նման առաջարկ ներկայացնում, եթե ներկայացնում են: Ադրբեջանը տիրապետո՞ւմ է այնպիսի հաղորդակցության ուղիների, որոնց ապաշրջափակումը Հայաստանի համար առհասարակ ունենար նշանակություն:



3. Անցնող տարիների ընթացքում ԼՂՀ կարգավիճակի հստակեցման պայմանից ու պահանջից բացի, եղե՞լ են առաջարկներ, որոնց դեպքում հայկական կողմը պատրաստակամություն է հայտնել քննարկել ԼՂՀ տիրապետության ներքո գտնվող տարածքների կամ դրանց մասի Ադրբեջանին վերադարձնելու հարց»:



Նախագահի աշխատակազմից նույն օրը Սարգսյանի խոսնակ Վլադիմիր Հակոբյանի ստորագրությամբ ստացվեց հետեւյալ գրավոր պատասխանը, որը մեջբերում եմ ամբողջությամբ.



«Մեթյու Բրայզայի հարցազրույցում՝ ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման բանակցությունների վերաբերյալ հնչեցրած մտքերի առնչությամբ հայտնում եմ, որ այդպիսի տարբերակի մասին մենք առաջին անգամ ենք լսում: Ինչ վերաբերում է ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին, ապա եւս մեկ անգամ հարկ ենք համարում ընդգծել, որ կարեւոր եւ առաջնային խնդիրն է Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի հստակեցումը, որից հետո միայն հնարավոր կլինի անդրադառնալ հակամարտության կարգավորման այլ բաղադրիչներին:



ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երբեւիցե չի մասնակցել մի քննարկման, որտեղ չխոսվեր Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման մասին, բայց խոսվեր հակամարտության կարգավորման այլ բաղադրիչների մասին: Ապագայում եւս ՀՀ նախագահը բանակցային գործընթացում շարունակելու է հավատարիմ մնալ այդ սկզբունքին»:



Ըստ էության, երեք հարցերին էլ անդրադարձել էին եւ ամեն ինչ հերքել: Հերքել էին, թե ՌԴ նախագահ Պուտինից կոմունիկացիաների վերաբացման դիմաց հողերի վերադարձման առաջարկ են լսել, քանի որ գրել էին, թե նման միտք առաջին անգամ են լսում: Դիվանագիտորեն խուսանավել էին գնահատելուց՝ Ադրբեջանի կոմունիկացիաների վերաբացումը Հայաստանի համար նշանակություն ունի՞, թե՞ ոչ, ասելով, որ ԼՂ կարգավիճակի հստակեցումից հետո իմաստ ունի կարգավորման այլ բաղադրիչների անդրադառնալ: Վերջապես հավաստիացրել էին, թե Սերժ Սարգսյանը երբեք չի մասնակցում քննարկումների, որտեղ ԼՂ ժողովրդի ինքնորոշման հարցը շրջանցելով այլ կարգավորումներ են քննարկվում: Այսինքն, ի գիտություն ՀՀ եւ ԼՂՀ քաղաքացիների, ռուս-ադրբեջանական տանդեմի եւ մնացյալ աշխարհի հավաստիացրել էին, թե Պուտինին վերագրվող առաջարկը, եթե անգամ ներկայացվի, Սարգսյանը չի քննարկի: Այդպես:



Հոդվածի անգլերեն տարբերակը կարդացեք այստեղ.



http://hraparak.am/?p=132042&l=am/serge+sargsyan+denies+everything



Լուսինե ՊԵՏՐՈՍՅԱՆ