Post scriptum կամ Պուտինին վերագրվող առաջարկը

Post scriptum կամ Պուտինին վերագրվող առաջարկը

Ըստ էության, իր հետ հարցազրույցի վերջին պատասխանում Մեթյու Բրայզան կրկնում էր այն, ինչ մեկ-երկու ամիս առաջ Tert.am-ին տված մի հարցազրույցում հայտարարել էր Էպիֆանցեւ ազգանունով մի քաղաքագետ: Դա հիշում եմ, որովհետեւ ինքս «Հրապարակում» այդ հարցազրույցին արձագանքող հոդված էի գրել՝ «Էպիֆանցեւը բոլորովի՞ն հիմար է…» վերնագրով («Հրապարակ», 9 սեպտեմբերի 2016թ.): Ադրբեջանի ունեցած կոմունիկացիաների բացվելու դիմաց տարածք զիջելու գաղափարին այլ բնութագիր չես տա: 



Սակայն այժմ գրեթե նույն միտքն ասում էր Մեթյու Բրայզան, եւ դա աչքում դառնում էր լուրջ, ոչ միայն որովհետեւ Բրայզան մարդկանց թվում է, ում ես գնահատում եւ հարգում եմ, այլեւ նա ամենաբարձրաստիճան ու բարձրակարգ դիվանագետներից մեկն է աշխարհում, որ ներգրավված է եղել Հարավային Կովկասի զարգացումներում: Ուղղակի Բրայզայի պատասխանում կար երկու էական հստակեցում` իր տեղեկատվության աղբյուրն ադրբեջանական է, եւ «տարածք կոմունիկացիաների դիմաց» առաջարկի հեղինակը Պուտինն է:



Ինձ այլեւս ոչինչ չէր մնում, քան այն դիրքորոշումը, որ Էպիֆանցեւի մասին հոդվածում էր արտահայտել, այժմ ձեւակերպել որպես հարց եւ ուղարկել Բրայզային, որին սիրով պատասխանեց.



- Մեթյու, Պուտինի առաջարկը կարող էր հաջողությամբ լինել ռուս-ադրբեջանական ցանկություն եւ ջանք, բայց ես խորապես կասկածում եմ, թե նախագահ Սարգսյանը դրան դրականորեն կարձաքանքեր: Եթե Հայաստանն անգամ 2008-10թթ. հայ-թուրքական վերահաշտեցման գործընթացում (առնվազն համաձայն Թուրքիայի նախկին ԱԳ նախարար եւ վարչապետ Դավութօղլուի) չի համաձայնել վերադարձնել ԼՂՀ վերահսկողության ներքո գտնվող որեւէ տարածք հայ-թուրքական սահմանի բացման դիմաց, ապա հիմա Ադրբեջանն ի՞նչ կարող է առաջարկել, որը Հայաստանին, առավել եւս՝ ԼՂՀ-ին, շահագրգռի տարածքների վերադարձման հարց քննարկել: Ադրբեջանն ուղղակի չի տիրապետում որեւէ տրանսպորտային ուղու, հանգույցի, որի բաց կամ փակ լինելը Հայաստանի համար նշանակություն ունենա: Հայաստանի համար նշանակություն ունեցող գլխավոր երթուղին անցնում է Թուրքիայի տարածքով, որը ելք է ապահովում դեպի Հայկական Կիլիկիա կամ Միջերկրականի արեւելքի ներկայիս թուրքական ափեր: Բայց այդ միակ ուղին էլ վերջին մեկ-երկու տարում այն արժեքը չունի Թուրքիայի հարավ-արեւելքում տիրող կատարյալ անապահովության, թուրք-քրդական բախումների եւ ավտոճանապարհներին որոտացող պայթյունների պատճառով: Հետեւաբար, Պուտինի առաջարկը կարող է լինել համատեղ ռուս-ադրբեջանական ցանկություն, բայց հազիվ թե դրանից ավելին: Դուք իրադրությունն ա՞յլ կերպ եք տեսնում:



- Մի կողմից, այո, ճշմարիտ է, որ Ադրբեջանն է երկարատեւ սատարել այն ընդհանուր մոտեցմանը, որ մարմնավորում է գտել նախագահ Պուտինի առաջարկի մեջ, թեեւ Ադրբեջանը սովորաբար ջանում էր երկու շրջանից ավելին վերադարձնել տարանցիկ ուղիների վերաբացման դիմաց:



Ավտոմոբիլային, երկաթուղային, օդային, պոտենցիալ կերպով նաեւ էներգետիկ տարանցիկ ուղիների վերագործարկումն Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ իրապես բեկումնային եւ դրական զարգացում կլինի երկու երկրների համար: Դա առաջ կբերի նոր առեւտրային եւ ներդրումային հնարավորություններ, ինչն էլ իր հերթին կտանի քաղաքական հակասությունների մեղմացման եւ դրանով կօգնի հետագա ճանապարհ հարթելուն դեպի փոխըմբռնումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ:



Մեծ մտավոր ջանք չի պահանջվում հասկանալու համար, որ մեղմացումը կտանի նաեւ Թուրքիայի հետ Հայաստանի սահմանի վերաբացման:



Ակնհայտորեն, որոշ հզոր անձինք Հայաստանում երկյուղել էին, որ նախագահ Պուտինի առաջարկը լրջությամբ է ընդունվում Հայաստանի կառավարության կողմից, ինչի վկայությունն էր Էրեբունիում պատանդներ վերցնելու ճգնաժամը Պուտինի առաջարկից ընդամենը երեք շաբաթ հետո: Այդ ճգնաժամի ընթացքում պատանդներ վերցնողները պահանջում էի աջակողմյան մի քաղաքական գործչի ազատ արձակումը, որը նախագահ Սարգսյանի կողմից Մինսկի խմբում տարվող բանակցությունների վաղեմի քննադատն է:



- Մեթյու, անչափ շնորհակալություն հարցազրույցի համար: Իհարկե, ոչ Ադրբեջանն ու իր կոմունիկացիաներն են Հայաստանում շատերին հետաքրքիր, ոչ Սեֆիլյանն է քաղաքական գործիչ, ոչ էլ Էրեբունու ՊՊԾ գնդի գրավողները Մինսկի խմբում բանակցողների գոնե անունները գիտեին, սակայն Ձեր կողմից հայաստանյան իրականության դետալներ չիմանալը բնական է: Էականը Ձեր հետաքրքիր, խորը ու արժեքավոր հարցազրույցն էր, որի համար անկեղծորեն շնորհակալ եմ:



Մեթյու Բրայզայի հետ հարցազրույցի անգլերեն բնագիրը կարդացեք հետեւյալ հղումով.



http://hraparak.am/?p=132039&l=am/moscows+policy+driver+is+its+jealousy+of+united+states+power+



Լուսինե ՊԵՏՐՈՍՅԱՆ