Կոռուպցիայի կախարդական շրջանը (Պողոս Գուբելյանի ծննդյան 80-ամյակի և մասնավորապես նրա «Փտախտ» վեպի առիթով)

Կոռուպցիայի կախարդական շրջանը 
(Պողոս Գուբելյանի ծննդյան 80-ամյակի և մասնավորապես նրա «Փտախտ» վեպի առիթով)

Վերջերս առիթ ունեցանք գրելու այն մասին, թե ինչպես մեր մամուլը և հասարակությունն ընդհանրապես անտարբեր են դարձել մեր մեծերի և արժանավորների տարեդարձների հանդեպ: Թվարկում էինք մոռացության մատնված անուններ, որոնց այսօր հարկ է ավելացնել ևս մեկը` արձակագիր Պողոս Գուբելյան:
Գրաքննադատի և լրագրողի իմ գործունեության ամբողջ ընթացքում կտրականապես դեմ եմ եղել ՙչեմպոնիական՚ արատավոր այն սկզբունքին, որ շատ հաճախ մեզանում կիրառվում է արվեստի և գրականության գործիչների վաստակը գնահատելիս:



«Ամենամեծին» և «ամենատաղանդավորին» վերջերս ավելացավ «ամենահանճարեղը», կարծես հանճարեղ լինելը քիչ է և դեռ պետք է մի բան էլ վրան ավելացնել:



Պողոս Գուբելյանի գրականությանը ծանոթ և ըստ արժանվույն գնահատել իմացող գրաքննադատը, ենթադրում եմ, պիտի մի պահ տրվի նման գայթակղությանը` նրան որակելու որպես Սփյուռքի գրականության անցած հիսուն տարիների ամենա. Չենք թաքցնում, այդ գայթակղությունը մեզ էլ է փորձության ենթարկել, բայց տեղնուտեղը հասկացել ենք, որ ավելի համոզիչ կլինի, եթե ընթերցողին ներկայացնենք գրողի այն արժանիքները, որոնք քիչ էր մնում մեզ ստիպեին ազդարարելու նրան ամենա:



Իմ առաջին ծանոթությունը Պողոս Գուբելյանի գրականության հետ տեղի ունեցավ համալսարանական տարիներին, երբ մեկը մյուսի ետևից պարզապես կլանում էի սփյուռքահայ գրականության պաշտոնապես արտոնված, իսկ հիմնականում արգելված գրականությունը: Ակամայից վերջիններիս թվում էր հայտնվել նաև նա, քանի որ իր առաջին գործերը տպագրում էր Բեյրութի «Սփյուռք» շաբաթաթերթում, արգելված մամուլ, որը միայն հատուկենտ երջանիկներին էր մատչելի:



Այդ պատմվածքներն անմիջապես գրավեցին իմ ուշադրությունը, և հետագա տարիների ընթացքում ես պիտի այդ անունը փնտրեի մամուլում, իսկ ավելի ուշ առանձին գրքերով:
Նրա գրականությունը եղավ եզակի մի երևույթ ոչ միայն սփյուռքի, այլև ընդհանրապես քսաներորդ դարի հայ գրականության մեջ : Եզակի նրանով, որ գրողը ծնվում էր ոչ թե Բեյրութի, Փարիզի, Թեհրանի, Պոլսի կամ Միացյալ Նահանգների սփյուռքահայ մշակութային անդաստաններում, ոչ թե եվրոպական գրականությունների բարենպաստ և սննդատու հարևանությամբ (ինչպիսին էր Շահնուրի, Շուշանյանի, Որբունու կամ Սարաֆյանի գրականությունը, ովքեր ֆրանսիական հզոր գրականության կողքին և զուգահեռ ստեղծեցին իրենցը և զուտ հայկականը), այլ աֆրիկյան հետամնաց երկրի մշակութային անապատում, որտեղ այդ տարիներին, 60-70-ականներին, «գրականություն» բառն իսկ հազիվ թե գործածվեր:



Մի առիթով Պ. Գուբելյանի ստեղծագործությունները համեմատել եմ Մաքսիմ Գորկու և Ջեկ Լոնդոնի հետ, հեղինակներ, ովքեր գրականություն եկան ոչ թե մշակութային ակունքներից, այլ, ինչպես ասվում է, կյանքի թելադրանքով : Չգիտեմ, եթե նա Բեյրութից ոչ թե Սիերրա Լեոնե, այլ եվրոպական որևէ հարուստ երկիր գնար, դարձյա±լ նրանում բնական ցանկություն կառաջանար գեղարվեստորեն վերարտադրել տեսածը, բայց փաստ է, որ աֆրիկյան իրականությունը, և հատկապես այնտեղ մոլեգնող կոռուպցիան նրանում արթնացրեց և վերջնականորեն ձևավորեց գրողին, հմուտ արձակագրին, պատմվածքի վարպետին:



Պատմվածքի ժանրը ծանր փորձություն է գրողի համար` անկախ նրա բնատուր կարողություններից: Առավել դժվար` երբ առաջին քայլերդ պատմվածքով ես անում: Սակայն բազմիցս ապացուցված այս ճշմարտությունը, հավանաբար, Պ. Գուբելյանի համար չէ: Նրա առաջին իսկ փորձերը զարմացնում են ձևի կատարելությամբ, հղկված ոճով, սուր դիտողականությամբ և գրավիչ պատումով : Երբ կարդում ես նրա առաջին ժողովածուն, թվում է, թե դա նրա չորրորդ-հինգերորդ գիրքն է, և որ հեղինակն արդեն հասցրել է գրական լուրջ փորձառություն ձեռք բերել, մշակել սեփական ոճն ու լեզուն:
Առանձին խոսակցության նյութ է Պողոս Գուբելյան արձակագիր-մտավորականի քաղաքական-հասարակական հստակ դիրքորոշումը նկարագրվող իրականության հանդեպ: Չմոռանանք, որ նա հայտնվել էր մի երկրում, մի ժողովրդի մեջ, որը հարյուրամյակներ շարունակ կողոպտվել ու ստորացվել էր եվրոպացի գաղութատերերի կողմից, իսկ ձևական անկախությունից հետո փաստորեն ոչինչ չէր փոխվել, քանի որ այս անգամ հարստահարողներն օտարները չէին, այլ սեփական ժողովրդի ծոցից ելածները , որոնք իրենց անգթությամբ գերազանցում էին նախորդներին: «Մենք` սևերս իրարու հետ շատ ավելի անխղճորեն, շատ ավելի շնականորեն կը վարվինք, քան մեր արգահատած սպիտակամորթերը»,- խոստովանում է սևամորթ վարչապետը «Փտախտ» վեպում: Ասում է և ասածն ապացուցում` անհագորեն թալանելով արդեն բազմիցս թալանված ժողովրդին :



Բնական է, որ ողբերգական պատմություն ունեցող ժողովրդի զավակն իր համակրանքը պիտի արտահայտեր ճնշվածների և հարստահարվածների հանդեպ: Եվ եթե այս տեսանկյունից նայենք Պ. Գուբելյանի գրականությանը, ապա նրան կարող ենք համարել` 1961 թ. անկախություն ստացած աֆրիկյան այդ երկրի գրականության` առնվազն հիմնադիրներից մեկը, եթե ոչ հիմնադիրը : Թող տարօրինակ չհնչի այս հայտարարությունը, բայց երբ կարդում ես նրա առաջին երեք գրքերը` պատմվածքների ժողովածուները, ապա փաստում ես, որ այնտեղ գերազանցապես ներկայացված են այդ երկրի մարդիկ, նրանց կյանքը, նրանց խնդիրները, անշուշտ, դիտված հայ մտավորականի աչքերով, գրված հայերեն, սակայն նույն սրտացավությամբ, ինչն անպայման պիտի ունենար այդ երկրի դժվարին ճակատագրով մտահոգված հայրենասեր քաղաքացին:



Սա նշանակում է նաև, որ Պ. Գուբելյանը, որպես գրող, առաջին իսկ քայլերից հայտնվել է «գետտոյական» փակուղուց դուրս: Այս բնորոշումը 60-ական թվականներին շրջանառության մեջ դրվեց` որպես հոմանիշ նեղ-ազգային մտածողության, որն այդ տարիներին իշխում էր սփյուռքահայ գաղթօջախներում: Նման պայքարը, սովորաբար, վերջանում էր նրանով, որ մի փակուղուց դուրս գալով հայտնվում էին մյուսում:



Արդյոք օտար հո՞ղն էր, թե՞ կատարելապես ուրիշ նյութը, թե՞ գրողի մարդկային տեսակը, որ օգնեցին նրան միանգամից հայտնվելու ՙգետտոյական՚ մտայնությունից դուրս, բայց փաստ է, որ նրա` գրողի հայացքը երբեք, ոչնչով կաշկանդված չի եղել: Իսկ ավելի ուշ, հայկական թեմաներին նվիրված «Merci beaucoup, ասպետական Ֆրանսա» և «Փասփորթ» գրքերում հանդիպում ենք գրողական մի լայնախոհության, որը հազվագյուտ է սփյուռքահայ գրականության համար:



Թվում էր, թե արձակագիրը հեռանալով այդ թշվառ երկրից և հաստատվելով Միացյալ Նահանգներում, վերջնականորեն հրաժեշտ է տվել ՙաֆրիկյան՚ շրջանին և, իր նկարագրին հավատարիմ` մխրճվել նոր` ամերիկա-հայկական, լոսանջելեսյան իրականության մեջ, շարունակելով մեզ զարմացնել իր տաղանդի անսպառ հնարավորություններով : Եվ, իսկապես, ՙՊայթումը լռած թնդանոթներու՚ և հատկապես «Ֆրիվեյ» վեպը մի նոր շրջան են նշանավորում ոչ միայն նրա ստեղծագործական կյանքում, այլև սփյուռքահայ արձակում: Այս նոր միջավայրում, Պ. Գուբելյանը «հայկական» նյութին մոտեցավ ՙօտարը՚ հիմնավորապես յուրացնելուց հետո, արդեն որպես փորձառու արձակագիր, վերստին ապացուցելով, որ կարող է միանգամից խորանալ հարցի բուն էության մեջ:



Եվ հանկարծ, լիովին անսպասելի, Պ. Գուբելյանը վերադառնում է աֆրիկյան իրականությանը` 2003 թ. տպագրելով «Փտախտ» վեպը:



Համաշխարհային գրականության պատմությունը բազմիցս վկայել է, որ վիպական ծավալուն երկերը չեն կարող հենց այնպես, պահի թելադրանքով գրվել : Ժամանակի բովով անցած որոշակի դրդապատճառներ են պետք դրա համար` քաղաքական, հասարակական, վերջապես, անձնական, որոնք հեղինակին ստիպում են նստել ճերմակ էջի առջև ու ստեղծել մի երկ, որն առնվազն նրա համար ծրագրային նշանակություն ունի, որը չգրել չէր կարող:



Հեղինակն իր պատմվածքներում արդեն հիմնովին և առավել քան առարկայական ներկայացրել էր հարստահարված երկիրն ու նրա բնակիչներին: Պատմվածքներ, որ գրված էին վավերաթղթի համոզչականությամբ, ասես լրագրողական հավաստի ռեպորտաժի և գեղարվեստորեն համոզիչ հորինվածքի սահմանագծին գտնվեին: Յուրատեսակ մի ժանր, որ հեղինակից պահանջում է ոչ միայն քաղաքացիական հստակ դիրքորոշում (քանի որ նա պատասխանատու է իր ստեղծածի համար), այլև գրողական որոշակի ունակություններ:



Իսկապես, ինչո՞ւ նա պահանջ ունեցավ երկրորդ անգամ ապացուցելու արդեն մեկ անգամ անժխտելիորեն ապացուցվածը:



Հնարավորինս ճշգրիտ պատասխանելու համար այս հարցին, ուշադրություն դարձնենք աֆրիկյան առաջին շրջանում ստեղծված գործերի և վեպի միջև նկատվող ժանրային ակնբախ տարբերություններին : Պատմվածքներն ասես գրված են առաջին իսկ տպավորության անմիջական ազդեցությամբ, այդ պատճառով էլ շատ հաճախ դեպքի վայրից արվող ռեպորտաժների տպավորություն են թողնում, մինչդեռ վեպը տասնամյակների ընթացքում կուտակված նստվածքների հիման վրա գրված, քաղաքական-հասարակական լայնակտավ մի գործ է, որտեղ գեղարվեստական հորինվածքը մշտապես ուղեկցվում է հասարակագետ-լրագրողի վերլուծումներով , իսկ տեղ-տեղ կրքոտ հրապարակախոսությամբ, մի երևույթ, որն իսպառ բացակայում էր պատմվածքներում, որտեղ ընթերցողին գեղարվեստորեն համոզելուց հետո, ազատ հնարավորություն էր տրվում անսխալ հետևություններ անելու :



Մեր կարծիքով հեղինակն այս քայլին է գնացել է մի պարզ դրդապատճառով, իր իսկ հայրենիքում` անկախացած Հայաստանում տեսնելով նույնը, ինչի մասին արդեն գրել էր ավելի քան քսան տարի առաջ : Եթե մեր ենթադրությունը համոզիչ չէ, ապա կուզեինք, որ պատասխան տրվի հետևյալ հարցին . եթե պարկեշտ, քաղաքացիական բարձր գիտակցությամբ օժտված գրող-մտավորականը չէր կարող անտարբեր լինել ուրիշի ցավի հանդեպ, ապա տեսնելով իր հայրենիքում ծավալվող միևնույն կոռուպցիան, այն կոռուպցիան, որի մասին առաջին իսկ օրերից բարձրաձայնում էին պետության բարձրաստիճան դեմքերը և որը գնալով ահագնացավ ու վերջը չի երևում, այն կոռուպցիան, որի մասին այսօր խոսվում է գիշեր ու ցերեկ, խոսվում է, բայց կարծես ամեն ինչ մնում է նույնը, իսկ երբ խոսքը գործ չի դառնում, վերածվում է զավեշտի` հիշեցնելով կռիլովյան առակը, երբ գող կատվի գլխին շերեփով մի լավ հասցնելու փոխարեն, խոհարարը քարոզ է կարդում, իսկ կատուն լսում է և շարունակում անվրդով լափել…



Արդ, կարո՞ղ էր արդյոք Պողոս Գուբելյանի նման անարդարության հանդեպ անհաշտ գրողը, մտավորականը, վերջապես հայ մարդը անտարբեր լինել և չտեսնելու դնել համակարգված կոռուպցիայի միևնույն դրսևորումները Հայաստանում: Ոչ, նա չէր կարող լռել, նա պիտի արտահայտվեր :



Բայց ինչպե՞ս, երբ Սփյուռքը, վերևից իջեցրած կամ, ինչպես վեպում է ասվում` «երկնաքարի պես անջրպետեն ինկած անկախության՚ առաջին իսկ օրերից, համառորեն ու հերոսաբար չտեսնելու էր դնում հայրենիքում, օրնիբուն, տեղի ունեցող այլանդակությունները, իսկ երբ որևէ մեկը, մանավանդ հայաստանցի, համարձակվեր աղաղակող փաստերից թեկուզ մեկը բերել, տեղնուտեղը բերանը կփակեին, ասելով. «Հայրենիքի մասին ինչո՞ւ գեշ կը խոսիս»: Ահա ինչու, սրտացավ գրողը հայրենիքի մասին ՙգեշ չխոսելու՚, բայցևայնպես տագնապահարույց ճշմարտությունը «խոսելու» համար առաջնորդվեց` «կուժ քեզ եմ ասում, կուլա դու լսիր» հայկական ժողովրդական ասացվածքի տրամաբանությամբ:



«Փտախտ»-ի վիպական գործողությունները տեղի են ունենում Հայաստանից հազարավոր կիլոմետրեր հեռու, աֆրիկյան Կերա Լեմոն պետությունում, աշխարհագրական հորինովի անվանում, որը շատ նման է Սիերրա Լեոնեին, Աֆրիկայի արևմուտքում ընկած ծովափնյա մի երկիր, որտեղ, տարիներ շարունակ, ապրեց, աշխատեց և մեր լավագույն արձակագիրներից մեկը դարձավ վեպի հեղինակը: Այսպիսով, «կուժը» տվյալ դեպքում Սիերրա Լեոնեն է, իսկ «կուլան»՝ Հայաստանը :
Վեպի միակ հայկական տարրը գլխավոր հերոս Վազգենն է, որը գործ է հիմնել Կերա Լեմոնի մայրաքաղաքում և ձգտում է ոչ միայն օրինական ճանապարհով դրամ վաստակել, այլև բարձրորակ բանվորներ պատրաստելով նպաստել երկրի առաջընթացին: Սակայն լիբանանյան մաֆիան, որ քաղցկեղի պես իր շոշափուկներն է տարածել երկրով մեկ և որոշակի ազդեցություն ունի իշխանական ամբողջ համակարգի վրա, մտադիր է նրան երկրից վտարել : Բարեբախտաբար Վազգենը մենակ չէ իր արդար պայքարում : Կառավարության ազդեցիկ դեմքերից մեկը կարողանում է պաշտպանել նրան և հնարավորություն տալիս հայ մասնագետին իր օգտակար գործն անելու ի բարօրություն երկրի : Բայց, ինչպես գլխավոր հերոսն է ասում. «Պայքարը դեռ նոր պիտի սկսեր»:



Պետական հեղաշրջումները սովորական երևույթ են անբուժելի կոռուպցիայով վարակված աֆրիկյան երկրների համար: Կերա Լեմոնում էլ հերթական հեղաշրջումն է հասունանում: Իշխանությունը գրավելու անհաջող փորձից հետո, հեղաշրջում է իրագործում քաղաքապետարանի նախկին ոստիկանը, որն, իբրև թե, պայքարում էր հանուն ժողովրդի և հանուն արդարության: Սակայն փորձը ցույց է տալիս, որ ամենամեծ գողերը հենց սրանք են, որ իշխանությունը զավթելուն պես, գործում են «բերան ունես` պիտի ուտես» անասնական սկզբունքով : Բայց երանի~ բավարարվեին «մի փոր հացով»: Արդարության այս ջատագովների ախորժակը բացվում է ուտելու հետ, բացվում է ու չի~ փակվում :



Վեպն ընթերցելիս շարունակ այն տպավորությունն ես ունենում, թե նկարագրվող գործողությունները ծավալվում են Հայաստանում: Օրինակ. «խումարի և բախտախաղի մեքենաներ տեղավորվեցան մինչև քաղաքին ամենախուլ անկյունները, եկեղեցիներու գավիթն ու աղքատ հյուղավանները, մինչև կեթթոյին պորտը»:



«Բնիկը ե՞րբ ելեքտարականություն ունեցեր է որ: Թող վերադառնա ավանդական իր նախկին ուրախ, անհոգ կենսաձևին, երբ անտառներու խորը, հողաշեն հյուղակներուն բակը, բոցավառվող խարույկի շուրջ թամ-թամ կը զարներ» -, ասում է սեփական ժողովրդի լույսն ուղղակի և փոխաբերական իմաստով մարող նախագահը: (ՙՄեր «ազատատենչ ու արդարամիտ» հեղափոխականները, անկախությունից անմիջապես հետո, մեզ էլ ստիպեցին տարիներ շարունակ խարույկներ վառել ու «թամ-թամ» զարկել, և ժողովրդին անհաշվելի նյութական ու բարոյական վնասներ պատճառած այս ոճրագործության համար առ այսօր ոչ ոք պատասխան չի տվել) :



Կամ թե` բախտի բերմամբ նախագահ դարձած նախկին ոստիկանի մասին այսպես է գրում. «Չկար ձեռնարկություն մը որու մեջ զառամած ծերուկը փայատեր չ’ըլլար»:
Իսկ լիբանանյան մաֆիան կարողանում է ՙձյունասփռիչ մեքենաներ վաճառել արևադարձային երկրին՚ : Այս անհեթեթ գործարքը շատ հեռու չէ մեր տխրահռչակ բիոզուգարաններից:



Ի վերջո, երկիրը հիմնավորապես թալանելուց, «մերկացածներին ավելի մերկացնելուց», հեղինակի ասելով «քարե դարից քաքի դարին» հասցնելուց հետո, ողբալի պայմաններում իր երկրային կյանքն է ավարտում հերթական բռնակալը : Վեպն ավարտվում է զավեշտալի մի տեսարանով, երբ նա, հոգին ավանդելուց առաջ գերիրական մի տեսիլք է ունենում` պատկերացնելով իր հանդիսավոր թաղումը.
«Սինիք քմծիծաղով, մարեշալի շողշողուն համազգեստը հագին… կը նախագահեր իր իսկ ազգային շքեղ թաղումին, մասնավոր ոգևորությամբ դիտելով ժողովրդային հարգանքի վերջին արտահայտությունը հանդիսացող տողանցքը, հազարավոր փորը ուռած, ոտաբոպիկ, մերկ ու նոթի, աչքերը խոռոչ ինկած, քաղցեն գալարվող կերա լեմոնցի մանուկներու:



Գոմանտոյի համաչափ վազքով անցնող կմախքներու գունդը ազգընտիր նախագահին վրա խոր տպավորություն գործած էր»:



Բռնակալը «հանգեաւ ի Տէր», բայց փտախտը չմեռավ, այլ շարունակելու է մոլեգնել ավելի ուժգին:



Հեղինակը կարծես համոզում է, որ այս աշխարհում ոչինչ այդքան համամարդկային չէ, որքան կոռուպցիան : ՙՓտախտին դեմ նույնիսկ գերպետություններու հյուլեական զրահը անկարող կը մնար : Փտախտը ուներ իր ներքին օրինաչափությունը, տրամաբանելու ու գործելու գաղտնի օրակարգը՚ :



Ոչ մի կերպ չէինք ցանկանա համաձայնել հեղինակի այս եզրակացության հետ, բայց, ավա~ղ, ոչ միայն Հայաստանի կամ խորհրդային նախկին հանրապետությունների վիճակն է հաստատում այս դառը ճշմարտությունը, այլև իսկապես ժողովրդավար երկրներում, ժամանակ առ ժամանակ, հրապարակվող սկանդալային պատմությունները, հանրությանը ներկայացվող աստղաբաշխական գումարները:



Սակայն մի էական տարբերություն կա հարուստ երկրների և Հայաստանի կամ աֆրիկյան երկրների փտախտների միջև: Գողությունը որքան էլ մեծ, չափերը որքան էլ առասպելական, ժողովրդի կենսամակարդակն այնտեղ, միևնույն է, նույնքան չի տուժում, որքան նորանկախ երկրներում, որտեղ աղաղակող ու հարատևող աղքատության մակարդակ կա:



Այսքանից հետո մնում է զարմանալ, որ Պողոս Գուբելյանի «Փտախտ»-ն անուշադրության է մատնվել հենց Հայաստանում: Մի՞թե կոռուպցիան չէ այսօր մեր երկրին սպառնացող ամենամեծ վտանգը:



Սակայն երբեք ուշ չէ այս գրքին ծանոթանալու և, ինչո՞ւ չէ, նաև վերահրատարակելու համար:



Համոզված եմ, որ մեծ հաջողություն կունենա:



Ալեքսանդր ԹՈՓՉՅԱՆ