Իրադարձային հրավառություն Հայաստանում ու չորս կողմը

Իրադարձային հրավառություն Հայաստանում ու չորս կողմը

Շաբաթվա սկզբից ի վեր այնքան իրադարձություններ կատարվեցին թե Հայաստանում, թե աշխարհում, որ թվում է՝ կամ աշխարհն է փոփոխության ենթարկվել, կամ ժամանակը: Սա վերջին շաբաթն է` կաթոլիկ աշխարհում դեկտեմբերի 25-ին տոնվող Սուրբ Ծննդյանն ընդառաջ եւ, ըստ էության, վերջին ուսումնական եւ աշխատանքային շաբաթը Նոր տարուց առաջ: Թվում է՝ մարդիկ պետք է տոնական եւ բարեգործական տրամադրության ու հոգսերի մեջ լինեն, մինչդեռ մի այնպիսի քաղաքական, ռազմական, դիվանագիտական, ահաբեկչական իրադարձությունների հրավառություն է չորս կողմը, որ թվում է՝ ոչ թե Ամանորի շեմին ենք, այլ՝ գարնան:



Ցավալի, ուրախալի, նկատելի



Վերջին օրերի ամենից ցավալի իրադարձությունը Բեռլինի ահաբեկչությունն էր` շուրջ մեկ տասնյակ զոհերով եւ չորս տասնյակ վիրավորներով: Ամենից ուրախալի եւ դրվատանքի արժանի իրադարձությունը՝ ըստ իս, Տեր-Պետրոսյանի ելույթն ու սահմանած նախընտրական ջրբաժանը ՀԱԿ համագումարում: Չնայած որոշ սոփեստություններին ու ձեռնածություններին, նախագահ Տեր-Պետրոսյանն իր ելույթով մեծ հաշվով ու վերջնահաշվում Հայաստանի քաղաքական դաշտը փրկեց խեղումից եւ այլասերումից` երկրին տալով իրոք քաղաքական օրակարգ ու հեռանկար:



Այդ ցավալի եւ ուրախալի ծայրակետերի միջեւ նկատելի իրադարձություններ էին նաեւ ՌԴ դեսպանի սպանությունը Թուրքիայում, Ռուսաստանի դեմ պատժամիջոցների երկարաձգումը Եվրոպայում եւ դրանց ցանկի ընդլայնումն ԱՄՆ-ում, Իրանի նախագահի այցը Հայաստան, նախկին նախարար Սեյրան Օհանյանի հայտարարությունը քաղաքականությամբ զբաղվելու ցանկության մասին, գործող նախարար Վիգեն Սարգսյանի առաջին այցը ՆԱՏՕ-ի անդամ երկիր, որը, հուսանք, չի դառնա վերջինը:
Այդուհանդերձ, անգամ ոչ սպառիչ թվարկված այս իրադարձություններից բոլորին չէ, որ արժե տարեվերջին անդրադառնալ: Քանի որ իսլամական ահաբեկչության թեման կենտրոնական է լինելու նաեւ 2017-ին` Ֆրանսիայի նախագահից մինչեւ Գերմանիայի խորհրդարանի ընտրություններ, Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթն էլ, ակներեւաբար, կիշխի ու կուղղորդի խորհրդարանական ընտրապայքարի բանավեճը Հայաստանում, երկու թեմային էլ արժե անդրադառնալ հաջորդ տարեսկզբին: Թե ԱՄՆ պետքարտուղարի թեկնածու Ռեքս Տիլերսոնն էլ ինչպես կմանեւրի ՌԴ-ի դեմ ամերիկյան պատժամիջոցների եւ նախագահ Պուտինի հետ իր վաղեմի բարեկամության միջեւ` ԱՄՆ Կոնգրեսի աչալուրջ հսկողության ու ճնշման ներքո, նույնպես շատ ավելի տեսանելի կլինի հունվարին:
Գալով հիշատակված ներհայաստանյան իրադարձություններին. Սեյրան Օհանյանի՝ քաղաքականությամբ զբաղվելու հայտարարությանը, երեւի իմաստ կունենա անդրադառնալ այն ժամանակ, երբ ցանկությունը գործողության եւ ծրագրի վերածված կլինի, պրն. Օհանյանի ազգանունն էլ՝ ընտրությունների գնացող որեւէ կուսակցության կամ դաշինքի ցուցակում: Անձամբ ես քիչ եմ հավատում, թե պրն. Օհանյանն իրոք քաղաքականությամբ կզբաղվի, եւ ամենեւին չեմ հավատում, թե զբաղվելու դեպքում Վարդան Օսկանյանից ավելի հաջողակ կլինի, բայց ապրենք եւ տեսնենք:



Վիգեն Սարգսյանի մասով. որպես Պնախարար՝ նա ոչ Հայաստանում լրջորեն ընդունվեց, ոչ Հայաստանի սահմաններից դուրս: Հայաստանում 1000 դրամի նախաձեռնությունը դարձավ քննադատությունների պատճառ` «այսքան դրամ Վիգենին», «այնքան դրամ Վիգենին» զվարճախոսություններով: «Ազգ-բանակ» անախրոնիզմն ասպարեզ բերելն էլ, ենթադրելի է, պատճառ եղավ, որ Բրյուսելի ու ՆԱՏՕ-ի համար Վիգեն Սարգսյանի գոյությունը զրոյանա: Սարգսյանին ոչ ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարների գագաթնաժողովին հրավիրեցին, գոնե իր հետ ծանոթանալու, ոչ էլ, զարմանալիորեն, ՆԱՏՕ-ի հետ Հայաստանի համագործակցության «28+1» ձեւաչափով հանդիպմանը: Եթե մինչեւ ապրիլ Վիգեն Սարգսյանին գոնե մեկ անգամ Բրյուսելում չընդունեն, ապա նոր կառավարությունում նրան Պնախարար վերանշանակելը կդառնա խիստ խնդրահարույց, ինչպես, ի վերջո, Սեյրան Օհանյանի դեպքում էր դարձել: Հետեւաբար նորից` ապրենք եւ տեսնենք:



Արդյունքում, թերեւս, Թուրքիայում ՌԴ դեսպանի սպանության եւ Իրանի նախագահի հայաստանյան այցերի թեմաներն են, որ վաղը ժամանակավրեպ են լինելու, եւ արժե անդրադառնալ այսօր:



Թուրքիայում ՌԴ դեսպանի սպանությունը



Թուրքիայի նախագահ Էրդողանը կաշվից դուրս է գալիս երկուշաբթի Անկարայում տեղի ունեցած ՌԴ դեսպանի հրապարակային սպանությունը Ֆաթուլլահ Գյուլենին ու նրա «Հիզմետ» շարժմանը վերագրելու համար, սիրիական ինչ-որ զինված խումբ ստանձնել է նշյալ ահաբեկչության պատասխանատվությունը եւ ջանք չի խնայում այդ դափնին պահելու համար, ՌԴ նախագահ Պուտինն էլ ահաբեկչության դեմ համատեղ պայքարի մի քանի հերթապահ կոչերից, զոհված դեսպանին հերոսի կոչում շնորհելուց եւ իր տարեկան ասուլիսը հետաձգելուց զատ, ուշագրավ լրջություն է ցուցաբերել եւ ահաբեկչության հենց հաջորդ առավոտյան 18 հոգուց բաղկացած քննչական խումբ է ուղարկել Անկարա` ձեռնպահ մնալով ահաբեկչությունը որեւէ խմբավորման վերագրելուց եւ սպասելով հետաքննության արդյունքին:



Անվտանգության սպա Պուտինը չէր կարող չընկալել, որ դեսպանի սպանության մեջ ամենից շատ կասկած իր հանդեպ հարուցում է ոչ այլ ոք, քան նախագահ Էրդողանը` այդ մասին բարձրաձայնվի, թե ոչ: Առնվազն մոտիվացիայի եւ կատարվածից քաղաքական դիվիդենտներ շահելու առումով: Իշխանության խորհրդարանական համակարգից նախագահականի անցում կատարելու սահմանադրական փոփոխությունը հանրաքվեի տանող եւ դրանով իր քաղաքական կարիերայի Վաթերլոյին պատրաստվող Էրդողանը, Հալեպի սուննի ազգաբնակչության դեմ գործված վայրագությունների խորքին, թուրք ազգայնականների, մասնավորապես Դեւլեթ Բահչելիի MHP կուսակցության հետեւորդների ու համակիրների աչքում իր դեմքը փրկելու եւ նրանց ձայները տանելու համար հակառուսական ռեզոնանսային քայլի կարիք ուներ: Այդ ռեզոնանսն ապահովվեց իրագործված ահաբեկչության հրապարակայնությամբ եւ ցուցադրականությամբ:
Գալով հանցագործության հայտնի դետալներին, մի՞թե դյուրին է հավատալ, թե Թուրքիայի ոստիկանության հատուկ ստորաբաժանման շարքերում ահաբեկիչ է ծառայում, որը, ի դեպ, ամենեւին էլ նախկին ոստիկան չէ, այլ ծառայության մեջ գտնվող: Առանց իշխանության օժանդակության նա ինչպե՞ս է տեղեկացել, թե ուր է գնում Ռուսաստանի դեսպանը: Առավել եւս՝ որտեղի՞ց գիտեր, թե որ ցուցասրահում իրեն կանխող անվտանգության ծառայողներ չեն լինի, որ հասարակության միջից կրակելու եւ փախուստի դիմելու բնազդային քայլի փոխարեն հնարավորինս շքեղ ու կոկիկ հագնված, կատարյալ անվրդով եւ հանգիստ հոգեվիճակում ճեմել է ամբիոնի մոտ եւ ատրճանակը հանելիս էլ ներկաների վրա սցենարով նախատեսված գործողության տպավորություն գործել: Վերջապես, ինչո՞ւ ահաբեկիչը հատկապես եւ միայն դեսպանին է սպանել, եւ հարցերի հարցը` եթե Թուրքիայի իշխանությունը կատարվածի հետ առնչություն չուներ, ապա ինչո՞ւ ցուցասրահի շինությունը շրջապատած Թուրքիայի անվտանգության ուժերը ոչ թե վնասազերծել ու ձերբակալել, այլ սպանելով առհավետ լռեցրել են իրենց ծառայակցին: Թե՞ ահաբեկչին սպանած անվտանգության ծառայողներն էլ գյուլենական կամ հիզմետական էին:



Այնպես որ՝ հարցերը շատ են, եւ Ռուսաստանն ու նրա նախագահ Պուտինն ինչ ռազմաքաղաքական ավանտյուրայի մեջ էլ լինեն Մերձավոր Արեւելքում, իրոք կենսական կարիք ունեն ճշմարտությունն իմանալու: Եվ ճշմարտությունն իմանալուց հետո էլ չեն կարող ջայլամի պես գլուխը թաղել ավազուտում, քանի որ այդպես վարվելու դեպքում մի օր էլ թիկունքից հարված կարող են ստանալ դեսպան Կառլովի վերադասները:



Իրանի նախագահի այցը



Գալով Իրանի նախագահի այցին Հայաստան, դժվար է կռահել, թե բացի ֆոտոէֆեկտից այդ այցը գործնական ուրիշ ինչ էֆեկտ կունենա: Որքան ես եմ ընկալում` սպորտի, զբոսաշրջության եւ արտակարգ իրավիճակների ոլորտում համագործակցությունը չի կարող ոչ Հայաստանի, ոչ էլ Իրանի համար ուշագրավ գործնական նշանակություն ունենալ: Նման նշանակություն պոտենցիալ առումով ունեն էներգետիկայի եւ հաղորդակցության ոլորտները: Այցի մասին տեղեկատվությունից հասկացվեց, որ դրանց մասին Երեւանում խոսվել է, բայց չհասկացվեց, թե այդ խոսակցությունների կշիռն ու արդյունքն ինչ է: Մասնավորապես գազի պարագայում․ կարո՞ղ է Իրանից այնքան գազ ներմուծվել Հայաստան, որ չեզոքացնի Հայաստանի վառելիքային կախվածությունը ռուսական «Գազպրոմից»: Եթե կարող է, ուրեմն հրաշալի է, եւ ծափահարություններ: Եթե չի կարող, ուրեմն տարիների ժամավաճառությունն է շարունակվում:



Թեեւ էներգետիկայի ոլորտում կարծես ուշագրավ եւ հուսադրող մի քանի տող հաղորդվեց, որ Իրանի տարածքով թուրքմենական գազը Հայաստան տարանցելու հարց է քննարկվել, եւ կարծես իրանական կողմի հավանությունն առկա է. դա ուրախալի տեղեկություն է:



Տրանսպորտային հաղորդակցության ոլորտում Հայաստանի թմբկահարած ծրագիրը «Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի» գաղափարն է, որի մասին Սերժ Սարգսյանը խոսում է 2008-ից, արդեն երեւի ութ տարի, չնայած այն այդպես էլ կյանքի չի կոչվում: Ճիշտն ասած` սթափ բանականությամբ նման տրանսպորտային միջանցք կյանքի կոչելու իմաստն էլ չի հասկացվում: Սեւ ծովը կամ դրա ափերին գտնվող Արեւելյան Եվրոպայի աղքատ երկրներն ի՞նչ մի գրավիչ շուկա են, կամ Իրանը վառելիքից բացի այդ ի՞նչ ունի Եվրոպա արտահանելու, որ առկա մայրուղիները չեն բավարարում, եւ հազարավոր կիլոմետրերով ու միլիարդավոր դոլարների վատնումով նոր ճանապարհ կառուցվի: Իսկ Արեւմտյան Եվրոպա հասնելու համար Սուեզի ջրանցքով Միջերկրական ծով դուրս գալը, ակնբախորեն, ավելի արդյունավետ ու կարճ ճանապարհ է, քան Սեւ ծով հասնելը, հետո էլ Դարդանելի ու Բոսֆորի նեղուցներով Միջերկրական ծով դուրս գալը:
Այլ հարց, որ Իրանը Հայաստանի համար կարեւոր եւ բարեկամական երկիր է` անկախ մնացյալ աշխարհի հետ ունեցած անվերջ ու խրթին խնդիրներից, հետեւաբար, Հայաստան-Իրան երկկողմ հարաբերություններում՝ անկախ նրանից, թե համատեղ ինչ ծրագրեր են իրականացվում կամ ձախողվում, էականը բարեկամական կապերի եւ հարաբերությունների վերահաստատումն ու թարմացումն է, որի համատեքստում Իրանի նախագահի այցն ինքնին կարեւոր հանգրվան էր:



Լուսինե ՊԵՏՐՈՍՅԱՆ