Հունվարի 11՝ Երախտագիտության միջազգային օր

Հունվարի 11՝ Երախտագիտության միջազգային օր

Այսօր նշվում է «շնորհակալության» միջազգային օրը (International Thank You Day)։
Երախտագիտությունը դրական, անկեղծ, բարի հույզերից մեկն է։ Այն նպաստում է հարաբերությունների ամրապնդմանը, շրջապատում ջերմություն տարածելուն։ Սակայն կարևոր է, որ այն ասվի ի սրտե, անկեղծ, քանի որ յուրաքանչյուր կեղծ ասված շնորհակալությունն անմիջապես զգացվում է և դիմացինի մոտ ստեղծում տհաճ տպավորություն։



Երախտագիտության միջազգային օրը հաստատված է ՄԱԿ-ի կողմից և նշվում է հունվարի 11-ին։ Հայկական իրականությունում այն դեռ չունի իր հաստատուն տեղը, սակայն, կարծում ենք, որ այն՝ որպես բարի, դրական տոն, ժամանակի ընթացքում կամրագրի իր դիրքերը մեր մշակույթում։



Բոլորիս համար կարևոր է քաղաքավարության, վարվեցողության կանոնների կիրառման նշանակությունը։ Սակայն, հետաքրքիր է, որ շնորհակալությունների մեծ մասը մենք հայտնում ենք՝ չխորանալով դրանց իմաստի մեջ, հաճախ չհասկանալով, որ երախտագիտության խոսքերն ունեն մոգական ուժ։ Երախտագիտության բառերի միջոցով մարդիկ միմյանց ուրախություն են պարգևում, միմյանց հանդեպ ցուցաբերում ուշադրություն և փոխանցում են դրական հույզեր։ Ուստի առանց այդ մոգական ու բարի բառերի մեր կյանքը կդառնար ձանձրալի և մի փոքր մռայլ։



Առհասարակ, պետք է նշել, որ երախտագիտություն արտահայտող բառերը, օրինակ՝ «спасибо», «thank you», «շնորհակալություն» և այլ լեզուներով տվյալ բառերի արմատներն ավելի խորն են, քան պարզապես շնորհակալությունը, ուստի դրանք մեծ նշանակություն ունեն ցանկացած ազգային մշակույթում։



Երախտագիտության բառերն ունեն անհավանական դրական աուրա։ Ըստ հոգեբանների՝ երախտագիտության բառերը կարող են հանդարտեցնել և ջերմացնել մարդուն։ Հասցեագրվողը միշտ ստանում է դրական հույզեր և շոյվում է։ Կարևորը, որ դրանք ասվեն ի սրտե։



Երախտագիտություն հայտնելն այդքան էլ պարզ գործողություն չէ։ Մենք տարբեր կերպ ենք շնորհակալություն հայտնում մեր ծնողներին, տնօրենին, երեխաներին, ուսուցչին կամ պարզապես անցորդին, ով ճանապարհ է տալիս մեզ։ Թե հույզերի ինչ առատությամբ կամ զսպվածությամբ կհայտնենք մեր երախտագիտությունը կամ ինչ բառեր կընտրենք այն արտահայտելու համար, մեր նախընտրությունն է, պարզապես պետք է անկեղծ լինել։



Օգտագործենք այս բարի տոնը միմյանց շնորհակալություն ասելու համար։ Շնորհակալ լինենք տարվա բոլոր օրերին, և թո՛ղ շնորհակալ լինելու կարողությունը մեր ուղեկիցը լինի կյանքի բոլոր փուլերում։



Անահիտ ԳևՈՐԳՅԱՆ