ԱՄՆ-Ն չի կարող ձեւացնել, թե կարելի է սկսել զրոյից

ԱՄՆ-Ն չի կարող ձեւացնել, թե կարելի է սկսել զրոյից

Հարցազրույց 2005-08թթ. ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով փոխտեղակալ, 2008-09թթ. պետքարտուղարի Ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ աշխատանքի հարցերով տեղակալ, 2010-14թթ. Freedom House-ի ղեկավար, ներկայում ՄաքՔեյնի ինստիտուտի տնօրեն Դեյվիդ Ջ. Կրամերի հետ



- Պրն. Կրամեր, ես ենթադրում եմ, Դուք այն ամերիկացիների թվում չեք, ովքեր առանձնապես սպասում էին կամ ցանկանում էին պրն. Թրամփի հաղթանակը նախագահական ընտրություններում: Այդուհանդերձ, նա ստացավ Ընտրական քոլեջի ձայների մեծամասնությունը եւ ընտրողների ձայների գրեթե 46%-ը: Սա ինչի՞ մասին է խոսում: Արդյոք սա զանգվածների ընդվզո՞ւմ էր, երբ մարդիկ ցանկանում են վերջացած տեսնել ամենը, ինչը երկար ժամանակ իրականության մաս է կազմել, եւ շատ չեն մտահոգվում, թե հետո ինչ կլինի, անգամ՝ ավելի լա՞վ կլինի, թե՞ վատ:



- Դոնալդ Թրամփը հենվեց ամերիկյան ընտրազանգվածի մի ընդարձակ հատվածի վրա, որն իրեն զգում էր քաղաքական գործընթացից եւ տնտեսական վերականգնումից դուրս: Նա վարպետորեն օգտագործեց որոշակի տեխնոլոգիա եւ չափազանց մեծ լրատվական լուսաբանում ստացավ: Նա նաեւ շահեց հանգամանքից, որ ինքը պայքարում էր մի թեկնածուի դեմ` Հիլարի Քլինթոնի, ով մարմնավորում էր էսթաբլիշմենթը մի այնպիսի ժամանակ, երբ երկրում տիրում էին ուժգին հակաէսթաբլիշմենթային տրամադրություններ: Նաեւ Քլինթոնն իսկապես վատ ընտրարշավ մղեց, եւ իր համար աննպաստ էին FBI-ի նախագահի մեկնաբանությունները (Քլինթոնի էլեկտրոնային նամակագրության առնչությամբ): Սա շատ արտառոց ընտրարշավ եւ ընտրություն էր, եւ արդյունքները շատ մարդկանց զարմացրին:



- Պաշտոնավարության առաջին շաբաթում արդեն Թրամփն իր գործադիր կարգադրություններով այնպիսի քաոս ստեղծեց Մեքսիկայից մինչեւ Մերձավոր Արեւելք եւ այնպիսի քաղաքացիական ընդվզում հրահրեց ԱՄՆ-ի ներսում` Կանանց քայլարշավից մինչեւ ցույցերն օդանավակայաններում, որ մարդ տարակուսում է, թե այս ամենն ուր կարող է տանել: Որքանո՞վ են ճիշտ նրանք, ովքեր կոչ են անում հանգստություն պահպանել, սպասել եւ տեսնել, թե ինչ է լինում, եւ որքանով արդարացի կարող են լինել մյուսները, որոնք նախաձեռնեցին Թրամփի իմփիչմենթի խնդրագիր եւ մի շաբաթում կես միլիոն ստորագրություն հավաքեցին դրա ներքո:



- Պաշտոնավարության երկու-երեք շաբաթներն զգալի մտահոգությունների տեղիք են տվել: Նախագահի tweet-ները, որոնցով նա պատասխանում է անգամ ամենաթույլ քննադատությանը, դաշնակից երկրների ղեկավարների հետ վիճահարույց հեռախոսազրույցները, Վլադիմիր Պուտինի հանդեպ շարունակվող հիացմունքը եւ գործադիր կարգադրությունների հոսքը` առանց բնականոն ընթացակարգ անցնելու, լիուլի հիմնավորում են տալիս իր քննադատներին՝ հարցեր բարձրացնելու: Մենք տեսանք լայնամասշտաբ բողոքի ակցիաներ իր պաշտոնամուտի հաջորդ օրը, եւ հետո, երբ իր գործադիր կարգադրությամբ կասեցվեց ներգաղթը եւ փախստականների ընդունումը յոթ երկրներից: Իրեն սատարողների համար նախագահ Թրամփն անում է ճիշտ այն, ինչ ընտրարշավի ընթացքում խոստացել է անել, եւ հենց այն օրակարգն է կյանքի կոչում, որ խոստացել է իրագործել:



Նա շարունակում է մարմնավորել էսթաբլիշմենթին դեմ տրամադրությունները, բայց իր առջեւ ծառացած դիլեման այն է, որ այժմ ինքն է դարձել էսթաբլիշմենթի մաս, քանի որ զբաղեցնում է Օվալաձեւ սենյակը: Նա Կոնգրեսի աջակցության կարիքն ունի, որպեսզի գործերն արվեն: Նրան անհրաժեշտ է ձեւավորել հանրային աջակցություն իրեն ձայն տված ընտրազանգվածից անդին: Նա պաշտոնն ստանձնեց ավելի ցածր դրական վարկանիշով, քան որեւէ այլ նախագահ վերջին տասնամյակներում, եւ այդ վարկանիշը չի բարձրացել: Առայժմ շատ վաղ է եզրահանգումներ կատարել, թե այս ամենը ուր կտանի, մանավանդ՝ երբ վարչակազմի բազմաթիվ պաշտոններ դեռ թափուր են, բայց այս վաղ զարգացումները մտահոգիչ են:



- Ես չգիտեմ՝ նախագահ Թրամփի քայլերից եւ խոսքերից որոնք են ավելի անհանգստացնող՝ ներքին քաղաքականությանը վերաբերողնե՞րը, թե՞ որոնք միջազգային հարաբերությունների վրա են ազդում: Այդուհանդերձ, հանգամանքը, որ Թրամփի վարչակազմից շատերը, ներառյալ քարտուղարներ Մատիսը, Թիլերսոնը, Պոմպեոն, Սենատի լսումների ժամանակ հստակ տարբերվող եւ հակադրվող կարծիքներ էին հայտնում Թրամփի որոշ մոտեցումների շուրջ, դա կարո՞ղ է հանդարտեցնել Թրամփի վիճահարույց հայացքների եւ դիրքորոշումների առաջացրած անհանգստությունն աշխարհում:



- Ինչ խոսք, իրենց պաշտոններում հաստատման լսումների ժամանակ նախագահ Թրամփի վարչակազմի մի շարք թեկնածուներ, որոնք տարբեր կառույցների ղեկավարում են ստանձնելու, նախագահից խիստ տարբերվող հայացքներ արտահայտեցին: Ամենամեծ տարբերությունները Ռուսաստանի եւ խոշտանգումների հարցում էին: Վարչակազմի մի շարք քարտուղարներ կատարյալ աջակցություն հայտնեցին պատժամիջոցների պահպանմանը, Ուկրաինային սատարելուն եւ Ռուսաստանը բնութագրեցին որպես ԱՄՆ շահերին սպառնացող վտանգ: Այս հայացքները հակադրվում են նրան, ինչ նախագահ Թրամփն է ասել ընտրարշավի ընթացքում եւ անգամ վերջերս՝ պաշտոնամուտից հետո: Այժմ դեռ շատ վաղ է ասել, թե ում հայացքները կգերիշխեն:



- Նախագահ Թրամփի արտաքին քաղաքականությունն իսկապե՞ս կարող է վտանգել ՆԱՏՕ-ի միասնությունը եւ հզորությունը. նման ենթադրություններն ավելի չափազանցություն չե՞ն, քան իրական հեռանկար: Մյուս կողմից էլ՝ պրն. Թրամփն ինչ-որ տեղ ճիշտ չէ՞, երբ ՆԱՏՕ-ի անդամ երկրներից պահանջում է ռազմական բյուջեները հասցնել կամ գոնե ջանքեր գործադրել հասցնելու ՀՆԱ 2%-ին, եթե այդպես ձգտում են ՆԱՏՕ-ի պաշտպանությունը վայելել:



- Նախագահ Թրամփը բացարձակապես ճիշտ է, երբ պնդում է, որ ՆԱՏՕ-ում յուրաքանչյուր դաշնակից համախառն ներքին արդյունքի 2%-ը հատկացնի ռազմական ծախսերին: Նա առաջին ԱՄՆ առաջնորդը չէ, որ այս հարցը բարձրացնում է, բայց Թրամփը սա շատ ավելի մեծ խնդիր դարձրեց, քան իր նախորդները: Հուսով եմ, որ ՆԱՏՕ-ն ժամկետանց կառույց բնութագրելու նրա մեկնաբանությունները մնացել են անցյալում: Այդ որակումները, հասկանալիորեն, նյարդային մթնոլորտ ստեղծեցին Ռուսաստանին սահմանակից երկրներում, որոնք ՆԱՏՕ-ի անդամ են: Այժմ պրն. Թրամփը հայտնել է, որ ծրագրում է մասնակցել մայիսին Բրյուսելում գումարվող ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին: Դա քաջալերող քայլ է, թեեւ բոլորն էլ ուշադրությամբ հետեւելու են, թե ինքն ինչ կասի Բրյուսելում եւ իրեն ինչպես կպահի: Թերեւս դա կլինի իր մասնակցությամբ առաջին միջազգային հավաքներից մեկը:



- ՆԱՏՕ-ում որոշ երկրներ բավականին բարձրախոս ու պահանջկոտ են, երբ խնդիրը սեփական անվտանգությանն է հասնում, բայց նրանք չցանկացան ապաստան տրամադրել գոնե մի քանի հազար սիրիացի փախստականի, մինչ Գերմանիան մեկ միլիոն փախստական էր ընդունում, կամ Միացյալ Թագավորությունը միլիարդներ էր տրամադրում Լիբանանում եւ Հորդանանում տեղակայված փախստականների ճամբարներին: Հազիվ թե Արեւելյան Եվրոպայի երկրները կամ ժողովուրդներն ավելի արժեքավոր են, քան սիրիացիները, հետեւաբար, ինչո՞ւ չմտածել, որ պրն. Թրամփի անտարբերությունը նրանց ճակատագրի հանդեպ նույնքան արդարացված է, որքան իրենց վերաբերմունքն էր սիրիացիների հանդեպ:



- Կարծում եմ՝ բոլորիս պատասխանատվությունն է օգնության ձեռք մեկնել կարիքի մեջ գտնվողներին, փախստականներին, որոնք ուղղակի պատերազմից են փախչում: Անվտանգության հարցերը ցանկացած կառավարության առաջնահերթ պատասխանատվությունն են, բայց կառավարությունները նաեւ պարտավորություն ունեն ապաստան, եթե ոչ նոր կեցավայր, տրամադրելու մարդկանց, ովքեր հարկադրված են եղել փախչել իրենց երկրից պատերազմական գործողությունների պատճառով: Կարեւոր է տարանջատել փախստականներին եւ ներգաղթողներին: Փախստականներն իրենց երկրից հեռանալու ընտրություն չեն կատարում, նրանք հարկադրված են լինում հեռանալ: Կարծում եմ՝ յուրաքանչյուր երկիր, այդ թվում՝ Միացյալ Նահանգները, կարիք ունեն ավելին անելու փախստականներին պատսպարելու ուղղությամբ:



- Պրն. Կրամեր, իսկ ի՞նչ եք մտածում Պուտին-Թրամփ փոխհարաբերությունների մասին: Թրամփի մեկ-երկու շաբաթվա պաշտոնավարությունից եւ Պուտինի հետ մի հեռախոսազրույցից դժվար է ենթադրություններ անել, բայց, ըստ Ձեզ, Թրամփը Կապիտոլ Հիլում ի՞նչ հակազդեցության կբախվի, եթե փորձի Օբամայի քաղաքականությունից, պատժամիջոցներից ետքայլ անել: Եվ հնարավո՞ր է հակառակը՝ Թրամփի քաղաքականությունը Ռուսաստանի հանդեպ ավելի կոշտ լինի՝ նկատի առնելով, որ պետքարտուղար Թիլերսոնը գտնում է, թե պետք էր ուկրաինացիներին զինել` ի պատասխան ՌԴ-ի կողմից Ղրիմի բռնազավթման:



- Ես անհանգստությամբ եմ վերաբերվում Պուտին-Թրամփ հարաբերություններին, թեեւ երկու առաջնորդները դեռ անձամբ չեն հանդիպել: Նախագահ Թրամփն իր ընտրարշավի ընթացքում եւ ընտրությունից հետո էլ հետեւողական է եղել Պուտինի հանդեպ իր հիացմունքի արտահայտություններում, Ռուսաստանի հետ հարաբերությունները բարելավելու ցանկության մեջ եւ համատեղ ISIS-ի դեմ պայքարելու հույսերում: Շատ մարդիկ երկյուղում են մեծ գործարքի հնարավորությունից, որով Պուտինին ազդեցության գոտի կտրվի ահաբեկչության դեմ պայքարի կամ միջուկային արսենալի կրճատման խոստումների դիմաց: Եթե նախագահ Թրամփը քայլ կատարի Ռուսաստանի հանդեպ պատժամիջոցները թուլացնելու ուղղությամբ, քանի դեռ Ռուսաստանը լիովին դուրս չի եկել Ուկրաինայից, ես վստահաբար կարծում եմ՝ Կոնգրեսն օրինագիծ կընդունի, որով պատժամիջոցներին օրենքի ուժ կտրվի:



Մենք պետք է կանգնենք Ուկրաինայի կողքին եւ ճանաչենք այդ երկիրը՝ որպես ռուսական ագրեսիայի զոհ: Այդտեղ շուրջ տասը հազար մարդ է զոհվել բախումներից, եւ դրա պատասխանատվությունն ընկնում է Ռուսաստանի վրա: Մենք չենք կարող աչք փակել Պուտինի ագրեսիայի հանդեպ եւ ձեւացնել, թե կարող ենք զրոյից սկսել: Ռուսաստանի զինված ինտերվենցիան Սիրիայում դարձյալ շատ ծանր գին ունեցավ, Ռուսաստանի ցանցահենությունը եւ միջամտությունը մեր ընտրություններին նույնպես կոշտ հակադարձում է պահանջում: Պուտինը չարաշահում է թուլությունը եւ լեզու գտնելու գերհակումը: Չպետք է նորից նման սխալ թույլ տրվի:



- Շնորհակալություն, եւ իմ վերջին հարցը։ Ես, որքան գիտեմ, Դուք չեք եղել Հայաստանում, բայց վստահ եմ՝ եղել եք Թուրքիայում, որտեղ անվերջանալի հայկական ժառանգություն կա, կամ Երուսաղեմում, որտեղ ամբողջ Հայկական թաղամաս կա Սուրբ Քաղաքում: Հետեւաբար, ի՞նչ է առաջինը գալիս Ձեր մտքին, երբ լսում եք «Հայաստան» անունը:



- Ես իրականում երկու անգամ եղել եմ Հայաստանում. առաջին անգամ՝ 2000թ.-ին եւ երկրորդ անգամ՝ 2008-ին, երբ պետքարտուղարի տեղակալն էի Ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ աշխատանքի հարցերով: Հայաստանը գեղեցիկ երկիր է՝ զարմանահրաշ ժողովրդով, եւ հույս ունեմ շուտով նորից այցելել:



Լուսինե ՊԵՏՐՈՍՅԱՆ