Ֆլինը հեռացավ, Թրամփը լռեց, Պուտինը մնաց օդում

Ֆլինը հեռացավ, Թրամփը լռեց, Պուտինը մնաց օդում

2017-ի հունվարի 20-ին Դոնալդ Թրամփը ստանձնեց ԱՄՆ նախագահի պաշտոնը, իսկ մեկ ամիս էլ չանցած, փետրվարի 13-ին հրաժարական ներկայացրեց Ազգային անվտանգության հարցերով նրա խորհրդականը: Սա աղմկահարույց եւ ռեզոնանսային իրադարձություն է մասամբ օբյեկտիվ պատճառներով, քանի որ ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության խորհրդականը երկրի անվտանգության, զինված ուժերի, արտաքին քաղաքականության հարցերի համակարգողն է Սպիտակ տանը: Սակայն պաշտոնաթող գեներալ Մայքլ Ֆլինի հրաժարականը սկանդալային է առավելապես սուբյեկտիվ պատճառներով: Առաջին, համաձայն մասնագետ-պատմաբանների դեռ այդպես չէր պատահել որ Սպիտակ տան խորհրդականը նշակումից մեկ ամիս էլ չանցած դուրս թռչի պաշտոնից, եւ երկրորդ` Ֆլինը պաշտոնից դուրս թռչեց Ռուսաստանի հետ շփումների համար` առիթ տալով, որ Թրամփի գլխավերեւում կուտակված ամպերը ավելի սեւանան:



Գեներալ Ֆլինի տարօրինակությունները



Մայքլ Ֆլինի տարօրինակությունները երեւում էին դեռ ընտրարշավի ընթացքում: Հենց նա էր աջուձախ զազրախոսում, թե իսլամը կրոն չէ, այլ քաղաքական հոսանք, քանի որ Աֆղանստանում ծառայության տարիներին անվերջ ջիհադականնների հետապնդումներով էր զբաղվել: Իհարկե իսլամը կարող է դրվել քաղաքական շարժման եւ գաղափախոսության հիմքում, բայց դրանից այն չի դադարում կրոն լինել եւ ազդել միլիոնավոր մարդկանց կյանքի վրա, որոնք կապ չունեն ոչ տվյալ քաղաքական ուժի, ոչ դրա գործողության երկրի, ոչ էլ ընդհանրապես քաղաքականության հետ:
Կամ, ինչ է թե, նախագահ Օբաման իրեն մեկ-երկու տարի առաջ հեռացրել էր նախկին պաշտոնից, Ֆլինը մի գլուխ զազրախոսում էր Օբամայի եւ Քլինթոնի դեմ, այն աստիճան, որ անցյալ ամռանը, թե աշնանը, երբ Օբաման g20-ի գագաթնաժողովին մասնակցելու համար Չինաստան էր մեկնել, բայց հետո, Ֆիլիպինների նախագահի անշնորհք արտահայտությունների պատճառով, չեղարկել էր հաջորդող այցը Ֆիլիպիններ, Ֆլինը հեռուստաէկրանից հայտարարում էր, թե Օբաման երկու դեպքում էլ սխալ է վարվել:



Ըստ Ֆլինի ԱՄՆ նախագահը պետք է սկանդալ սարքեր Չինաստանում, հրաժարվեր առհասարակ ինքնաթիռից իջնել, գագաթնաժողովը բոյկոտեր եւ հեռանար, քանի որ չինական օդանավակայանում տեխնիկական խնդիրներ էին եղել (Օբամայի ինքնաթիռին վայէջքի համար այլ հատված էին հատկացրել, թե շարժասանդուղքն էին ուշ մոտեցրել): Փոխարենը այն, որ իր փողոցային բառապաշարը սանձահարել չկարողացող Ֆիլիպպինների նախագահը Օբամային “շան որդի” թե “անառակի որդի” էր կոչել, ըստ Ֆլինի չպետք է խնդիր առաջացներ եւ Օբաման պետք է Ֆիլիպիններ այցելեր:



Այսինքն դեռ ընտրարշավի ընթացքում երեւում էր, որ գեներալ Ֆլինը ադեկվատության հետ խնդիր ունի, եւ ատելությունից մթագնած ուղեղ: Նման մեկին խորհրդական կարող էր նշանակել միայն Դոնալդ Թրամփը, քանի որ վաղուց է ասված “Նմանը զնմանս գտանե”: Մյուս կողմից էլ նույնքան վաղեմի ասույթ է, որ դատապարտելի բոլոր արարքներն էլ քառասուն օրում հայտնի են դառնում: Ֆլինն էլ ՌԴ դեսպանի հետ խոսակցությունից համարյա քառասուն օր հետո վառվեց եւ հեռացավ:



Խորհրդականի ստախոսությունն ու բռնվելը



Իսկ ինչ էր արել եւ ինչպես բռնվեց կամ վառվեց ԱՄՆ նախագահի խորհրդական, գեներալ Ֆլինը:



Ոմանք հնարավոր է հիշեն, ոմանք էլ ամանորյա թոհուբոհի մեջ առհասարակ տեղյալ չեն եղել եւ չեն հիշի, 2016-ի դեկտեմբերի վերջին օրերին նախագահ Օբաման Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանեց եւ ԱՄՆ-ից վտարեց 35 ռուս դիվանագետի: Ռուսաստանի նախագահ Պուտինը, տարօրինակ կերպով, ձեռնպահ մնաց փոխադարձաբար ամերիկյան դիվանագետներ արտաքսելուց: Դա ԱՄՆ հետախուզական մարմինների մոտ կասկածներ էր առաջացրել, որ հավանաբար Պուտինի հետ Թրամփի շրջապատից շփում է եղել, ինչ-որ հեռանկարներ են քննարկվել, ինչից ելնելով էլ Պուտինը ձեռնպահ մնաց պատասխան քայլից:



Անվտանգության մարմինները ետ են գնում, բացում են ԱՄՆ-ում ռուսական դեսպանատան աշխատակիցների հեռախոսային խոսակցությունների, էլեկտրոնային նամակագրությունների գաղտնալսումները եւ ենթադրությունը հաստատվում է: Օբամայի կողմից ռուս դիվանագետներին արտաքսելուն հաջորդած ժամերին ՌԴ դեսպանը էլէկտրոնային նամակագրություն, այնուհետ հեռախոսազրույց է ունեցել գեներալ Մայքլ Ֆլինի հետ: Երբ այդ մասին լրագրողներին հայտնի էր դարձել եւ հարցեր էին հնչել, Սպիտակ տնից հաստատել էին, որ Ֆլինը խոսել է ՌԴ դեսպանի հետ, բայց խոսակցության առարկան Թրամփ-Պուտին հեռախոսազրույցի կազմակերպումն է եղել եւ պատժամիջոցների թեմա չի շոշափվել: Հենց այդտեղ էլ գեներալ Ֆլինը ստել էր, ընդ որում ոչ միայն մամուլի քարտուղար Սպայսերին եւ լրագրողներին, այլեւ փոխնախագահ Մայք Փենսին:



Անվտանգության մարմինները գաղտնալսված հեռախոսազրույցը վերծանել էին եւ պարզվել էր, որ պատժամիջոցների թեմա շոշափվել է: Թե որքանով մակերեսային, կամ որքանով խորը` չի հաղորդվում: Բայց դա էական չէ, էականը Մայքլ Ֆլինի ստելու կարողությունն է եւ ռուսների հետ շփումներից որոշ դրվագներ, ենթադրելի է, որոշակի շահագրգռությամբ թաքցնելը: Դա բավական եղավ, որպեսզի Ֆլինը դուրս թռչի Սպիտակ տնից:



Թրամփի լռությունը, Պուտինի` օդում կախվելը



Առայժմ նախագահ Թրամփը լռել է եւ Ֆլինի հրաժարականը չի մեկնաբանում, սակայն վաղ կամ ուշ լրագրողները կամ կոնգրեսականները նրան կհարկադրեն պատասխանել, թե անձամբ որքանով է տեղյակ եղել Ֆլինի հեռախոսազրույցի մանրամասներին, եւ արդյո՞ք պատժամիջոցների թեման արծարծվել է իր գիտությամբ: Վերջապես եթե դեռ հունվարին ԱՄՆ արդարադատության դեպարտամենտը (Department of Justice) Սպիտակ տանը զեկուցել է, որ գեներալ Ֆլինը խոսակցություն է ունեցել ՌԴ դեսպանի հետ եւ ռուսները, հնարավոր է, տիրապետում են նյութերի, որոնցով կարող են շանտաժի ենթարկել Ֆլինին, ինչո՞ւ Թրամփը դրան չի արձագանքել մինչեւ մամուլում պատմության հայտնվելը, եւ մամուլի բացահայտումից հետո էլ դեռ լրագրողներին հայտարարել է, թե ինքը խնդրին տեղյակ չէ:



Գալով ՌԴ նախագահ Պուտինին, նա ընդհանրապես օդից կախված դրության մեջ է: Չնայած Թրամփի առջեւ անվերջ ծամածռվելուն եւ դրա համար Թրամփի հիացմունքին եւ գովասանքին արժանանալուն, գործնականում ԱՄՆ-ի հետ հարաբերություններ բարելավելու, պատժամիջոցներից ազատվելու, նույնիսկ դրանց մեղմվելու հեռանկար չի երեւում: Ոչ էլ Պուտինը ԱՄՆ պատժամիջոցներին հակադարձելու կամ ներկա վատթար հարաբերություններում քայլ կատարելու հնարավորություն ունի, որովհետեւ ԱՄՆ պատասխանը կարող է ավելի կոշտ լինել, քան Օբամայի ժամանակ:



Ի դժբախտություն Պուտինի, ԱՄՆ անվտանգության մարմիները, որ շարունակում են քննել բրիտանական հետախուզության նախկին գործակալի տրամադրած դոսյեն, հայտնել են, որ դրանում հաղորդված բազմաթիվ տեղեկություններ` նշված օրերին, ժամերին, երկրներում եւ քաղաքներում ռուսական էմիսարների եւ Թրամփի շրջապատի միջեւ եղած հեռախոսազրույցների եւ շփումների մասին, ԱՄՆ հետախուզական տվյալներով հաստատվել են: Ճիշտն ասած, տարօրինակ էլ կլիներ, եթե չհաստատվեին, քանի որ ըստ մամուլի ենթադրությունների, ՌԴ-ի հետ Թրամփի շփումների մասին դոսյեն կազմվել է նույն նախկին գործակալի կողմից, ում հավաքած եւ ԱՄՆ ԿՀՎ-ին փոխանցած նյութերը հաջողությամբ պայթեցրեցին ՖԻՖԱ-ն` պատճառ դառնալով ՖԻՖԱ-ի կոռումպացված ղեկավարության ձերբակալությունների եւ դատական հետապնդման:



Լուսինե ՊԵՏՐՈՍՅԱՆ