Ոչ թե ընտրություններ, այլ` цирк

Ոչ թե ընտրություններ, այլ` цирк

Առաջիկա խորհրդարանական ընտրությունները, երեւում է, цирк են դառնալու՝ նախընտրական արշավը չսկսված: Ինչու եմ ռուսերեն цирк բառը գործածո՞ւմ: Որովհետեւ հայերեն «կրկեսը» մշակութաբանական, բարեկիրթ բառ է, մինչդեռ խորհրդարանական ընտրություններում ծավալվող իրադարձությունները, գոնե մինչ այժմ, ռուսական цирк են կամ балаган: Բացի ծիծաղելուց եւ ծաղրելուց, այլ տրամադրություն չեն առաջացնում:



Սկսենք երեկվա գլուխգործոցից: Ինչպես ամենքս գիտենք, այսօր` փետրվարի 16-ին, լրանում է նախընտրական ցուցակները ԿԸՀ ներկայացնելու ժամկետը: Երեկվա` փետրվարի 15-ի դրությամբ որեւէ կուսակցություն կամ դաշինք ցուցակ չէր ներկայացրել ԿԸՀ: Կարծում եմ՝ մի քանիսը չեն էլ հասցնի պահանջվող փաստաթղթերը ներկայացնել, եւ դա իրոք цирк կլինի:



Հայաստանցիների 99,99%, թերեւս, չի առնչվել եւ չի պատկերացնում, թե ինչ է նշանակում նախընտրական ցուցակ ներկայացնել ԿԸՀ, քանի որ ՀՀ 25 տարվա պատմության մեջ հազիվ 1000-1500 մարդ գտնվի, ում անունը երբեւէ ներառված է եղել որեւէ կուսակցության նախընտրական ցուցակում: Հետեւաբար, հենց այդքան մարդիկ գիտեն, թե քանի թուղթ է իրենց հարկավոր հավաքել կամ լրացնել, որպեսզի լինեն ցուցակում: Հարկավոր է ոստիկանության անձնագրային բաժանմունքներից տեղեկանք, եկամուտների եւ սեփականության մասին լրացված հայտարարագիր, առաջադրման ստորագրված համաձայնություն, անձնագրի պատճեն եւ այլն:



Եվ այս՝ երբեւէ պատգամավորության թեկնածու եղած 1000-1500 հոգու 99%-ն էլ՝ վստահաբար, չգիտի, որ թեկնածուների կողմից պահանջվող փաստաթղթերը կուսակցության կամ դաշինքի գրասենյակին հանձնելը դեռ վերջը չէ: Պաշտոնական նախընտրական ցուցակը, որ ներկայացվում է ԿԸՀ, ոչ միայն թեկնածուների փաստաթղթային փաթեթներն է ներառում` ճիշտ ցուցակային դասավորությամբ, այլեւ բուն ցուցակը` վերջնական հերթականությամբ, որտեղ յուրաքանչյուր թեկնածուի անուն-ազգանվան դիմաց լրացվում են մի շարք տվյալներ` հասցե, սեփականություն, կուսակցական պատկանելություն եւ այլն:



Որպեսզի մի քանի տասնյակ կամ մեկ-երկու հարյուր մարդուց անհրաժեշտ փաստաթղթերը ֆիզիկապես հավաքվեն, ստուգվեն, դասավորվեն, վերջնական կազմված ցուցակում տվյալները լրացվեն, մի անգամ էլ փաստաթղթային բնօրինակների հետ համեմատվեն, դա մի քանի օրվա աշխատանք է: Ընդ որում՝ եթե ՀՀԿ-ի դեպքում իրենց ավտորիտար դրվածքով կարող են սրանից-նրանից փաստաթղթային փաթեթները պահանջել եւ ասել՝ ԳՄ-ն կամ Սերժ Սարգսյանը կորոշի՝ ցուցակում կլինես, թե ոչ, կամ որ հորիզոնականում կլինես, եւ առարկության ծպտուն չեն լսի, բոլոր մյուս կուսակցությունների կամ դաշինքների պարագայում մինչեւ մարդիկ ցուցակում սեփական հորիզոնականը չիմանան կամ ռեյտինգային առաջադրման մոտիվացիան, տարածքը հստակ չլինի, կարող է ուղղակի թղթերը չհավաքեն կամ, դժգոհ լինելով, չհանձնեն, ետ վերցնեն:



Այդպիսով նախընտրական ցուցակ ԿԸՀ ներկայացնելն օրերի բյուրոկրատական աշխատանք է պահանջում, քաղաքական շուկաներին զուգահեռ կամ դրանցից հետո: Եվ խնդիրն այդտեղ ցուցակների առաջին տասը-քսան հոգին չեն, այլ վերջին տասը-քսան հոգին, որոնք դժգոհությամբ ու դժկամությամբ են ցուցակում մնում:
Իսկ մեր цирк-ում ցուցակների ներկայացման վերջին դեռ ոչ մի կուսակցություն կամ դաշինք ցուցակ չունի: Ինչ-որ թղթի կտորից հինգ-տասը-քսան հոգու անուն կարդալը լրագրողների առջեւ դեռ ցուցակ չէ: Ամենեւին ցուցակ չէ: Ցուցակն առաջինից մինչեւ վերջին հորիզոնական, խստիվ հերթականությամբ, բոլոր թեկնածուների անունները ներառող ցանկն է, որը, ի դեպ, քննարկվում եւ հաստատվում է կուսակցության (կամ դաշինքին մաս կազմող կուսակցություններից յուրաքանչյուրի) մշտապես գործող մարմնի` վարչության կամ գերագույն մարմնի նիստում: Այդ նիստի արձանագրությունն ու որոշումը պարտադիր են ցուցակը ԿԸՀ ներկայացնելիս:



Այժմ տեսնենք, թե խորհրդարանական ընտրություններին մասնակցել պատրաստվող կուսակցությունները եւ հատկապես դաշինքները, որոնք 10 օրում նույնիսկ թղթի կտորի վրա ամբողջական ցուցակ գրել եւ ռեյտինգային թեկնածուներին որոշել չեն կարողացել, ինչպես եմ մեկ օրում, Չապլինի ֆիլմերին վայել արագացված տեմպերով, կազմելու եւ ԿԸՀ ներկայացնելու հարյուրավոր էջերից կազմված փաստաթղթային փաթեթ: Նվազ հետաքրքիր չէ, թե պատկերացնելի խառնաշփոթի վերջում յուրաքանչյուրի համամասնական եւ ռեյտինգային ցուցակներում քանի հոգի է ընդգրկված լինելու:



Լուսինե ՊԵՏՐՈՍՅԱՆ